Դիքենսի երկուհարյուրամյակը կնշանավորվի Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 16, 2012 11:25

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը միանում է Չարլզ Դիքենսի ծննդյան երկուհարյուրամյակին նվիրված տոնակատարություններին: 2012 թվականին մեծ գրողի մեծարմանը նվիրված միջոցառումներ, փառատոններ և ծրագրեր են կազմակերպվելու ողջ աշխարհում: Հայաստանն իր մասնակցությունը կունենա և մի շարք ծրագրերի միջոցով կնպաստի բրիտանացի գրողի ստեղծագործությունների տարածմանը: Ողջ աշխարհում Դիքենսի երկուհարյուրամյակին նվիրված միջոցառումները ընթանում են «Դիքենս 2012» խորագրի ներքո:

Տարվա ընթացքում Բրիտանական խորհրդի ներկայացուցիչները կայցելեն դպրոցներ և կանցկացնեն բաց դասեր` աշակերտներին ներկայացնելով գրողի կենսագրությունն ու գրական ժառանգությունը:

Փետրվարի 17-ին ժամը 17.00-ին Չեխովի անվան դպրոցում Բրիտանական խորհուրդը կազմակերպում է Դիքենսյան ռինգ, որի ընթացքում Դիքնեսի ստեղծագործությունների վերաբերյալ իրենց գիտելիքներով կմրցեն 4 դպրոցի 32 աշակերտ: «Օլիվեր Թվիստ» և «Սուրբ ծննդյան երգը» ստեղծագործությունները կլինեն աշակերտների ուշադրության կենտրոնում:

Դեռ նախորդ տարի դեկտեմբերին Բրիտանական խորհուրդը Dasaran.am-ի հետ համատեղ հայտարարել էր «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր», «Դիքենսի հերոսն իմ ընկերը» և «Դիքենսի կերպարը սոցաիալական կայքերի հերոս» թեմաներով: Աշակերտները ներկայացրել էին անգլերենով գրված ավելի քան 600 շարադրություններ, որոնցից ընտրվել են լավագույն 32-ը:

Փետրվարի 25-ին ժամը 14.00-ին Կոնգրես հյուրանոցի շքասրահում տեղի կունենա մրցույթի արդյունքների ամփոփումը:  Մրցանակի կարժանանա չորս շարադրություն, որոնց հեղինակները կպարգևատրվեն համակարգչով, DVD նվագարկիչով և Kindle Reader-ներով:

Փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ Բրիտանական խորհուրդը կկազմակերպի Դիքենսի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի դիտումներ և քննարկումներ: Դիքենսի երկուհարյուրամյակին նվիրված միջոցառումները կազմակերպվում են Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության տասներորդ հոբեյանի շրջանակում:

Դիքենսը հավատում էր, որ գիտելիքի հարստացման և արվեստի հետ շփման արդյունքում հնարավոր է ստեղծել արդար հասարակություն: Դիքենս 2012-ի շրջանակում անցկացվող միջոցառումները նպատակ ունեն նպաստել կրթական գործընթացներին` կազմակերպելով համաժողովներ, վարպետության դասեր և մրցույթներ: Տարվա ընթացքում կկազմակերպվեն ավելի քան 100 միջոցառում աշխարհի 50 երկրներում:

Լինելով վիկտորյան դարաշրջանի գրող, Չարլզ Դիքենսը կարողացավ անցնել ժամանակի սահմանագիծը, դառնալով դասական գրականության նշանավոր դեմքերից մեկը: Նրա վեպերն այսօր էլ չեն կորցնում իրենց արդիականությունը` շարունակելով ոգեշնչել միլիոնավոր մարդկանց: Օլիվեր Թվիստը, Դեվիդ Կոպերֆիլդը, Սեմուել Պիքվիկը, Էբինեզեր Սքրուջն ու գրողի ստեղծած մյուս հերոսներն այսօր էլ շարունակում են մնալ գունեղ ու հիշարժան գրական կերպարներ:

 

 

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply