Հայաստանում մասնագիտացված մանկատները կհամալրվեն եւս մեկով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2012 10:40

Հայաստանում գործում է  7 պետական մանկատուն, որտեղ 2011թ-ի տվյալներով` ապրում է  շուրջ 780 երեխա:

Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի գլխավոր մասնագետ Կարինե Խաչատրյանը: Նրա խոսքով` մանկատներից 2-ը մասնագիտացված են, որտեղ ապրում են 415 մտավոր եւ ֆիզիկական արատներ ունեցող երեխաներ:

«Մասնագիտացված մանկատները նախատեսված են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով, բնածին եւ ձեռքբերովի ֆիզիկական, մտավոր արատներ ունեցող երեխաների համար:»Մարի Իզմիրլյանի» անվան մանկատանն ապրող երեխաների 90 տոկոսն ունեն տարբեր խնդիրներ եւ կառավարության որոշման նախագծի հաստատվելուց հետո այն եւս կդառնա երրորդ մասնագիտացված մանկատուն»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ մասնագիտացված մանկատներում խնամվող յուրաքանչուր երեխայի համար պետությունը օրական տրամադրում է 1380 դրամ` սննդի, եւ  4918 դրամ` երեխայի խնամքի համար, ընդհանուր առմամբ` 6298 դրամ: Ավելի քիչ է հատկացվող գումարը ոչ մասնագիտացված մանկատների համար: «Օրինակ` «Երեւանի մանկան տուն» մանկատան մեկ երեխայի համար օրական հատկացվում է 1115 դրամ` սննդի, 5061 դրամ` այլ ծախսերի համար:

Գոյություն ունի մանկատնից դուրսգրման մի քանի ճանապարհ: «Դա լինում է, երբ երեխայի նկատմամբ խնամակալություն է սահմանվում, կամ  երբ երեխան հանձնվում է խնամատար ընտանիքի, ինչպես նաեւ երբ վերադարձվում է կենսաբանական ընտանիք: Գերակշռում են հիմնականում որդեգրման միջոցով դուրսգրման դեպքերը»,-ասաց  Խաչատրյանը:

 

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply