Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավորների և հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 15, 2012 20:26

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Անահիտ Բախշյանի խնդրանքով ընդունել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա- Եզնիկ Կողբացի հատվածում`պուրակին հարակից ոչ կանաչ գոտում  տեղադրվող ժամանակավոր շինությունների դեմ բողոքող հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է  նաև բնապահպան Կարինե Դանիելյանը: Նախքան քննարկումը Երևանի քաղաքապետը նախ ողջունել է նախաձեռնության անդամների ակտիվությունը` ընդգծելով , որ մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման հարցում առաջին հերթին շահագրգռված է հենց քաղաքային իշխանությունը:

<< Իմ դիրքորոշումն այս հարցում հստակ է և այդ մասին ես բազմիցս եմ հայտարարել . կանաչ տարածքների հաշվին որևէ կառուցապատում չի լինելու: Ավելին, Երևանի քաղաքապետարանն այսօր բնապահպանական ուղղվածության մի շարք ծրագրեր ունի, որոնց նպատակը ոչ միայն կանաչ գոտիների պահպանումն է, այլև դրանց ընդլայնումը>>- նշել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ անդրադառնալով վերոնշյալ տարածքի քաղաքաշինական լուծումներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ի տարբերություն  Աբովյան փողոցի արդեն ապամոնտաժված շինությունների, որոնք ունեին սեփականության իրավունք , տվյալ սեփականատերերի հետ բանակցությունների արդյունքում, նոր տարածքում ժամանակավոր կառույցները տրամադրվել են վարձակալության իրավունքով: Միաժամանակ, տնտեսվարող սուբյեկտները պարտավորվել են բարեկարգել, խնամել և պատշաճ վիճակում պահել հարակից տարածքները:

 

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ իր հերթին նշել է, որ Ավան վարչական շրջանում Տարոն Մարգարյանի սկզբունքային ու հետևողական կառավարման դրական փորձը հույս է ներշնչում, որ դրական փոփոխություններ կլինեն նաև ամբողջ մայրաքաղաքում:

<<Ես կողմնակից եմ հանրային համախոհությանը և հաշվի առնելով հասարակության շրջանում  մեր քաղաքապետի ունեցած բարձր վարկանիշը, կարծում եմ, որ այս հարցը նույնպես համակողմանի քննարկման արդյունքում դրական լուծում կստանա>>,- նշել է Լիլիթ Գալստյանը:

Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նոր ձևավորվող քաղաքաշինական խորհուրդը, որում ներկայացված կլինեն նաև հասարակական և երիտասարդական կազմակերպություններ, իր հերթին կնպաստի հանրային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական բոլոր նախագծերի համակողմանի քննարկմանն ու որոշումների կայացմանը: Օգտվելով առիթից, քաղաքապետը նաև նշել է, որ որպես խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ առաջարկելու է բնապահպան Կարինե Դանիելյանի  թեկնածությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ քաղաքային իշխանությունները վճռական են ոչ միայն կանաչ տարածքների պահպանման ու ընդլայնման,  այլ նաև հնի և նորի համադրմամբ Երևանի քաղաքակիրթ արտաքին տեսքի ապահովման հարցում: Այս համատեքստում է դիտարկվում նաև քննարկվող տարածքը, որն ըստ էության <<Հին Երևան>> ծրագրի բաղկացուցիչ մասն է: Նկատի ունենալով այս հանգամանքը ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը առաջարկել է կազմակերպել հանդիպում և  շահագրգիռ կողմերին հանգամանորեն ներկայացնել <<Հին Երևան>> ծրագիրը:

 

Նախօրեին ձեռքբերված պայմանավորվածության  համապատասխան, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Անահիտ Բախշյանի, ինչպես նաև հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ ապահովելով շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը:

Նարեկ Սարգսյանը մանրամասն ներկայացրել է «Հին Երևան» ծրագիրը և մեկ անգամ ևս պարզաբանել, որ քննարկվող  հատվածում կանաչապատումն ու այդ տարածքում ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում են հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան:

Նախորդ օրը քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների բարձրացրած հարցի առնչությամբ Նարկ Սարգսյանը նշել է, որ կատարած տեղազննման արդյունքում հարցի վերաբերյալ քաղաքապետի կողմից համապատասխան հանձնարարական է տրվել։

Երևանի գլխավոր ճարտարապետը նաև շեշտել է, որ քննարկվող տարածքը «Հին Երևան» ծրագրի անմիջական ազդեցության գոտում է և վստահեցրել է, որ «Հին Երևան»-ը սպասարկող այդ հատվածը հանրային օգտագործման տարածք է և դրա սեփականության իրավունքը միայն Երևան համայնքինն է:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply