ՀԱԿ-ը հետընտրական շոկի մեջ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 15, 2012 13:06

Փետրվարի 12-ին Հրազդանում կայացած քվեարկությունից հետո ՀԱԿ-ական գործիչների լռությունն ու այնուհետ, մեղմ ասած, թույլ բովանդակությամբ հայտարարությունն ու ամսի 17-ին նախատեսված հանրահավաքի հետաձգումը վկայում են, որ ընդդիմության այս հատվածը շոկի մեջ է:

Թվում էր, թե Հրազդանում կայացած ընտրություններից հետո, որտեղ ՀԱԿ-ի առանցքային ներկայացուցիչներն անմիջականորեն ընդգրկված էին պրոցեսի մեջ (հիմնականում` վստահված անձի կարգավիճակով), մեկնաբանությունների ու հայտարարությունների պակաս չէր լինի: Մինչդեռ անցած ողջ օրվա ընթացքում ՀԱԿ-ական գործիչները լռություն պահպանեցին, իսկ արդեն երեկոյան տարածվեց պաշտոնական մի հայտարարություն, որի բովանդակությունը ավելի շատ պատմում է այն մասին, որ ՀԱԿ-ում ստեղծված իրավիճակից ելք առայժմ չեն գտել և ընդամենը ժամանակ են ձգում (հավանաբար` իրավիճակը վերլուծելու համար):

Նախ` հայտարարության մասին: Այն ընթերցելուց հետո տպավորություն է ստեղծվում, որ ՀԱԿ-ում հակված են Ընտրական օրենսգիրքը կարդալ հատվածական ու ընկալել բացառապես սեփական մեկնաբանությունների լույսի ներքո:

«Փետրվարի 12-ին Հայաստանի 39 համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնք բոլորն էլ անցկացվեցին Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտումով»,- հայտարարել են ՀԱԿ-ից, մեջբերել օրենքի այդ կետից մեկ դրույթ. «Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո»:

Իսկ ահա եզրակացությունը, որին հանգել են ՀԱԿ-ում, հնչում է այսպես. «Փետրվարի 12-ին կայացած ընտրություններում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, խախտելով օրենքի այս իմպերատիվ պահանջը, դրոշմակնիքները չեն ուղարկել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ինչի արդյունքում տեղամասային հանձնաժողովները ամենուրեք խախտել են օրենքի պահանջը և ճանապարհ բացել բազմաթիվ օրինախախտումների համար»:

Դատելով ամենայնից` ՀԱԿ-ում մտահոգության տեղիք է տվել քվեարկությանը մասնակցած անձանց անձնագրերում դրոշմակնիք չդնելու փաստը: Իսկապես, եթե օրենքը պահանջում է ու դրոշմակնիք չի դրվել, կնշանակի քվեարկությունը սահմանված ընթացակարգով չի կազմակերպվել: Կարծես, ամենը տրամաբանության շրջանակներում է: Սակայն հարցի նրբությունը կայանում է այն բանում, որ ընտրական պրոցեսը կազմակերպվում է ոչ թե օրենքի մեկ հոդվածի մեկ առանձին դրույթով, այլ ողջ օրենսգրքի հիման վրա: Իսկ գործող Ընտրական օրենսգրքում ՀԱԿ-ի կողմից բարձրացված հարցը կարգավորվում է վկայակոչված 66-րդ հոդվածի 5-րդ կետով (այսինքն` մի տող ներքև), որտեղ սևով սպիտակին գրված է. «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում»: Միաժամանակ, օրենքի անցումային դրույթներով, մասնավորապես 167-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված է. «Սույն oրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` 1-ին համապետական ընտրության քվեարկության օրվանից սկսած»:

Այժմ, եթե մտովի վերականգնեք օրենքով պահանջվող գործողությունների հերթականությունը, ապա կստացվի որ 2011 թվականի հունիսից գործող օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետը ուժի մեջ է մտնում գալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը: Այսինքն` 2012 թվականի մայիսի 6-ին:
Հետևաբար` այդ կետով սահմանված գործողությունը, այն է` անհետացող նյութով դրոշմակնիքները տեղամասային հանձնաժողովներին փոխանցվելու է հենց այդ ընտրությունների ժամանակ և ոչ մի օր շուտ:

Այս հարցը Սասուն Միքայելյանի շտաբում մտահոգություն էր առաջ բերել դեռևս ընտրություններից առաջ, և նա համապատասխան հայցով դիմել էր Վարչական դատարան, որտեղ էլ համապատասխան որոշում էր կայացվել` վկայակոչելով օրենսգրքի անցումային դրույթը:

Այսքանից հետո այնպիսի համոզվածություն կա, որ եթե Սասուն Միքայելյանը քվեարկութայն արդյունքներով հաղթեր, ապա ՀԱԿ-ում չէին էլ հիշի 66-րդ հոդվածի 4-րդ կետի մասին: Իսկ համոզվածությունը գալիս է այն հանգամանիքց, որ 2011 թվականի հունիսի 16-ից հետո (հենց այդ ժամանակ է օրենսգիրքն ուժ մեջ մտել), հանրապետությունում ընտրություններ են կայացել են 100-ից ավելի համայնքներում, ընտրվել են համայնքի ղեկավարներ, այդ թվում ևս երեք քաղաքային համայնքերում (Արարատ, Արտաշատ, Իջևան): Այդ ինչու ՀԱԿ-ում օրենքի «իմպերատիվ պահանջի» մասին անցած 8-9-ը ամինսերի ընթացքում չէին խոսում:

Զավեշտն այն է, որ ՀԱԿ-ից պահանջում են անվավեր ճանաչել 39-ը համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններն այն դեպքում, որ փետրվարի 12-ին ընտրություններ կայացել են 42 համայնքներում (40-ում` հերթական, 2-ում` արտահերթ): Հետաքրքի՞ր է` որոնք են այն երեք համայնքները, որոնց վրա ՀԱԿ-ի պահանջը չի տարածվում:

Ինչևէ, ակնհայտ է, որ այս հայտարարությամբ, ավելի կոնկրետ` օրենքի նշված դրույթը վկայակոչելով, ՀԱԿ-ը ոչ թե քաղաքական քայլ է անում, այլ մի դատարկ շարժում` համատարած լռության (հասկանալ` շոկի) պայմաններում կենդանության նշաններ ցույց տալու համար:

 

Panorama.am

Արմեն Մինասյան

 

Դիտվել է 741 անգամ:
Print Friendly

Leave a Reply