Թբիլիսիում կանաչապատ տարածքները վերանում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 15, 2012 12:14

Իշխանությունները պնդում են, որ մայրաքաղաքից դուրս կառուցվող հանգստյան գոտիները կարող են խնդրի հնարավոր լուծում դառնալ:

Թբիլիսիի բնակիչները բողոքի ցույցեր են կազմակերպում մայրաքաղաքի այգիների ոչնչացման դեմ`մեղադրելով իշխանություններին առանց որեւէ նախազգուշացման հասարակական վայրերը դանդաղ զավթելու մեջ:

Փետրվարի 6-ին Նաձալադեւի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել տեղական Վետերանների եւ թոշակառուների այգու մի մասը կառուցապատելու ծրագրերի դեմ:

Նույն օրը Մոսկովյան պողոտայի բնակիչները նույնպես բողոքի ցույց կազմակերպեցին` 40 տարի առաջ իրենց հատկացված հրապարակը քանդելու դեմ հանդես գալով:

«Շատ լավ հրապարակ էր. ծառերը համարյա կես դար առաջ էին տնկվել: Հիմա էլ ասում են, որ պատրաստվում են այստեղ ոստիկանության բաժանմունք կառուցել», – ասում է Մոսկովյան պողոտայի բնակիչ Դաթո Մետրեվելին:

Նրա խոսքերով`բնակիչները ոստիկանություն զանգահարեցին, երբ տեսան, թե ինչպես են բանվորները կտրում հրապարակի ծառերը, սակայն պարզվեց, որ տարածքի վերանախագծման թույլտվությունն արդեն իսկ տրամադրվել է:

«Մի՞թե չէր կարելի ոստիկանության համար ուրիշ տարածքներ գտնել եւ մարդկանց համար թողնել այս վայրը, որտեղ կարելի է զբոսնել եւ մի փոքր մաքուր օդ շնչել», – տարակուսում է նա:

Հասարակական այգիների վերակառուցման թեման պարբերաբար շոշափվում է Թբիլիսիում վերջին տարիներին: Մայրաքաղաքի ամենամեծ կանաչապատ տարածքներից մեկը`Դիգոմիի անտառը, արդեն իսկ կառուցապատվել է, իսկ 2010-ին տեղական իշխանությունները զրկեցին անտառի մնացած մասը նրա`հանգստյան գոտու պաշտոնական կարգավիճակից:

«Այս տարածքների պահպանությունը կենսական նշանակություն ունի Թբիլիսիում արդեն իսկ ծանր բնապահպանական իրադրության տեսանկյունից: Երբ քաղաքը դեռ նախագծման փուլում էր, այս կանաչ գոտիները դիտավորյալ կերպով նախատեսված էին նրա «թոքերի» դերը կատարելու համար… Թբիլիսիի մյուս հատվածներում էլ, որտեղ կանաչապատ տարածքները ոչնչացվում են, նույնն է կատարվում`տեղական բնակիչները այս ամենի մասին տեղեկանում են միայն վերջին պահին», – ասում է «Ազատ տարածություն» ՀԿ-ի ղեկավար Անա Գաբրիաձեն:

Այլ բնապահպանական կազմակերպությունները նույնպիսի մտահոգություններ են արտահայտում`հատկապես բողոքելով, որ ամեն ինչ կատարվում է առանց նախազգուշացումների:

«Պատշաճ շրջակա միջավայրում ապրելը եւ նման լայնամասշտաբ աշխատանքների իրականացման մասին նախապես տեղեկանալը քաղաքի բնակիչների սահմանադրական իրավունքն է: Երբ մարդկանց փաստի առջեւ են կանգնեցնում, նրանք արձագանքելու եւ իրենց իրավունքները պաշտպանելու ժամանակ չեն ունենում», – ասում է Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի ներկայացուցիչ Ռեզո Գետիաշվիլին:

Նրա խոսքերով`Թբիլիսիի քաղաքապետարանը հազվադեպ է հաշվի առնում փորձագետների կարծիքները նախքան մայրաքաղաքի հատակագծում հիմնարար փոփոխություններ կատարելը:

Քաղաքային իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ շինարարական նախագծերը ամբողջությամբ օրինական են, եւ որ քայլեր են ձեռնարկվել քաղաքի կանաչ գոտիներն ավելացնելու ուղղությամբ`նոր տարածքներում ծառատունկ կազմակերպելու, այգիները վերականգնելու եւ Թբիլիսիի ծայրամասերից մեկում`Լիսի լճի շրջակայքում, բոլորովին նոր հանգստյան գոտի կառուցելու միջոցով:

«Մենք նոր ճանապարհ ենք կառուցել, որպեսզի այս լճափն ավելի հասանելի դարձնենք քաղաքային բնակիչներին, ովքեր ցանկանում են այստեղ հանգստանալ: Ծրագրում ենք մեկ այլ կամուրջ կառուցել`Լիսի նոր արվարձանը քաղաքին միացնելու եւ այն նրա օրգանական մասը դարձնելու համար», – հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգալավան լճի շրջակայքի գոտու բացման արարողության ժամանակ:

Այնուամենայնիվ, ակտիվիստները պնդում են, որ Լիսին եւ այլ կանաչապատ տարածքները Թբիլիսիից դուրս են գտնվում, մինչդեռ իրենց մտահոգության պատճառը մայրաքաղաքի կենտրոնական հատվածներն են:

Գետիաշվիլին նշում է, որ չնայած Թբիլիսիից որոշակի հեռավորության վրա գտնվող անտառապատ գոտիները հատկացվել են մայրաքաղաքին, «սա չի փոխում այն փաստը, որ կանաչապատ տարածքները վերացվում են հենց քաղաքի ներսում»:

Թոշակառուների այգու մոտ բնակվող 68-ամյա Նելլին ասում է, որ չի կարող իրեն թույլ տալ տան շրջակայքից շատ հեռու գնալ զբոսնելու համար:

«Այս այգին միակ վայրն էր, որտեղ ես իմ շատ ընկերների եւ հարեւանների հետ միասին կարողանում էի հանգստանալ եւ երեխաներին բերել խաղալու: Շուտով մենք կզրկվենք այս ամենից, ողջ քաղաքը կբետոնապատվի», – դժգոհում է կինը:

Թեո Բիչիկաշվիլի, Կովկաս

Կովկասյան լրատու # 629

10-ը փետրվարի, 2012թ.

Թեո Բիչիկաշվիլին «GHN» լրատվական գործակալության լրագրող է Վրաստանում:

 

 

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply