Վրաստան. հաշմանդամ երեխաներին ավելի լավ պայմաններ են անհրաժեշտ

Շաբաթվա լուր | | February 15, 2012 12:06

Երեխաների ծնողները պնդում են, որ հաշմանդամության նպաստներն այնքան ցածր են, որ չեն բավականացնում անհրաժեշտ բուժման ծախսերը հոգալու համար:

Հաշմանդամ երեխաների ծնողները մեղադրում են Վրաստանի կառավարությանը իրենց ոչ բավարար աջակցություն տրամադրելու մեջ եւ պնդում, որ ստացած պետական օգնությունը ոչինչի չի բավականացնում:

Կարինան, ով խնդրեց չհրապարակել իր ազգանունը, միայնակ մայր է. նրա որդին`5-ամյա Գեորգին տառապում է մանկական ուղեղային կաթվածով, որը ձեռք է բերել ծննդաբերության ժամանակ ստացած վնասվածքի հետեւանքով:

Քանի որ նման երեխաների խնամքի համար նախատեսված հատուկ կառույցներ չկան, մայրը Գեորգիին տանում է սովորական մանկապարտեզ եւ ողջ օրն անցկացնում է երեխայի հետ:

Կարինայի խոսքերով`80 լարի (մոտ 50 դոլար) ամսական պետական նպաստով կարողանում է հոգալ իր երեխայի խնամքի համար անհրաժեշտ ծախսերի միայն 1/3-ը:

«Գեորգիին ամենօրյա մերսում է հարկավոր, բացի այդ, նրա գոյատեւման համար կարեւոր տարբեր սարքավորումներ են պետք, որոնք շատ թանկ են եւ դժվարությամբ են ճարվում: Դոգոմիում գտնվող մանկական հիվանդանոցում մերսում, լեզվական թերապիա եւ հոգեթերապիա ներառող 20-օրյա բուժումն արժե 154 լարի: Սա բուժման ամբողջական արժեքի քառորդ մասն է, մնացածը վճարում է պետությունը: Բայց այն տարեկան ընդամենը 3-անգամյա բուժման համար է վճարում, իսկ դա չափազանց քիչ է», – ասում է նա:

«Ինչպե՞ս կարող եմ երեխային խնամել ստացածս 80 լարիով: Ամեն ինչի համար պետք է վճարել: Անգամ բժշկի կողմից տրվող հասարակ ուղեգիրն արժե 30 լարի», – դժգոհում է Կարինան:

Գեորգին, մյուս բոլոր քրոնիկ հիվանդների նման, պետք է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ բժշկական հանձնաժողովի ստուգման ենթարկվի, որպեսզի նրա` հաշմանդամի կարգավիճակը հաստատվի:

«Որպես մայր, բնականաբար, հուսով եմ եւ հավատում եմ, որ իմ որդու վիճակը կբարելավվի: Սակայն ինչո՞ւ են բժիշկները, որոնք 100 տոկոսով վստահ են, որ որդիս չի բուժվի, ստիպում մեզ երկու տարին մեկ այդ հանձնաժողովին ներկայանալ», – տարակուսում է Կարինան:

Անկախ կյանքի կենտրոն հանդիսացող «Anika»ՀԿ-ի ղեկավար Իրինա Ինասարիձեն նշում է, որ այս ստուգումները դեռեւս պետական նպաստների վճարման համար անհրաժեշտ նախապայման են հանդիսանում:

«Կարծում եմ`այս համակարգում խտրական վերաբերմունքի դրսեւորումներ կան: Եթե երեխան, օրինակ, Դաունի սինդրոմով է տառապում, ապա նա հաշմանդամի կարգավիճակ կստանա միայն հինգ տարեկան հասակում: Սա ամբողջովին սխալ է: Ախտորոշումը կատարվում է անմիջապես երեխայի ծնվելու ժամանակ, սակայն ծնողներին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է միայն այն ժամանակ, երբ լրանում է երեխայի հինգ տարին», – հավելում է նա:

Ինասարիձեի կարծիքով`նպաստների համակարգը պետք է հիմնված լինի անհատական կարիքների վրա հիմնված մոտեցման, ոչ թե ձեւական դասակարգման վրա, սակայն իշխանությունները բացառում են նման պրակտիկան`այն չափազանց թանկ համարելով:

Վրաստանում շուրջ 150 հազար հաշմանդամներ են պաշտոնապես գրանցված, սակայն հաշմանդամ երեխաների վերաբերյալ առանձին տվյալներ չկան:

Վրաստանի առողջապահության նախարարության սոցիալական անվտանգության վարչության ղեկավար Ամիրան Դատեշիձեն նշում է, որ հաշմանդամների նպաստների վճարման համակարգը կբարելավվի, բայց չի փոփոխվի:

Այս նպատակով ձեռնարկվող քայլերից մեկը, նրա կարծիքով, կարող է լինել պետական բժշկական ապահովագրությունը հասանելի դարձնելը բոլոր հաշմանդամ երեխաների, եւ ոչ թե միայն որոշակի դասակարգման մեջ ընդգրկվողների համար: (տե´ս «Վրաստան. բժշկական ապահովագրությունն անհասանելի է անապահով խավին» հոդվածը):

«Այս պահին երեխաների նշանակալի մասը, ապրելով անապահով ընտանիքներում, օգտվում է ապահովագրությունից: Պետական կառույցներում բնակվող բոլոր երեխաները նույնպես օգտվում են ապահովագրությունից», – պարզաբանում է Դատեշիձեն:

Անցյալ նոյեմբերին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) իր հրապարակած զեկույցում կոչ արեց Վրաստանին ավելացնել հաշմանդամ երեխաներին տրամադրվող աջակցությունը:

«Հաշմանդամ երեխաներին խնամող ընտանիքներին աջակցելու, նրանց լքվածությունը կանխարգելելու եւ խայտառակության խարանը վերացնելու համար ջանքերը կրկնապատկելը հրատապ անհրաժեշտություն է», – նշվում է զեկույցում: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) նաեւ խորհուրդ է տվել ավելացնել երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների թիվը, ապահովել, որպեսզի բոլոր հիվանդ երեխաների ընտանիքները, անկախ եկամուտի չափերից, պետական աջակցություն ստանան, ինչպես նաեւ երեխաներին հաշմանդամի կարգավիճակ տրամադրել մանուկ հասակից:

Փորձագետները կոչ են անում բարեփոխումներ կատարել ոչ միայն հաշմանդամների բժշկական խնամքի ոլորտում, այլ նաեւ բարելավել նրանց կրթության համար անհրաժեշտ պայմանները:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը իր հերթին կոչ է արել փոփոխություններ կատարել կրթական օրենսդրության մեջ, որպեսզի բոլոր դպրոցները հասանելի դառնան հաշմանդամ երեխաների համար:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամլո խոսնակ Անա Արգանաշվիլու խոսքերով`այս խնդիրը լուծելու համար դեռեւս երկար ճանապարհ պետք է անցնել:

«Իրադրությունը, իհարկե, չի կարող միանգամից փոխվել: Այս պահին ողջ Վրաստանում հաշմանդամ երեխաների համար նախատեսված դպրոցների թիվը չի գերազանցում 20-ը: Սակայն նույնիսկ այս դպրոցներն են բազում խնդիրների առջեւ կանգնած. անցյալ տարի երեխաները որոշակի օրերին չէին կարողանում դպրոց գնալ, քանի որ նրանց տանող ավտոբուսի բենզինը վերջացել էր», – ասում է նա:

Լիա Կիլասոնիան Թբիլիսիի համար 21 դպրոցում դասավանդող ուսուցչուհի է, որի պատասխանատվության տակ 25 հաշմանդամ երեխաներ կան: Այս դպրոցը առաջին հանրակրթական կառույցներից մեկն է եղել, որն ի վիճակի էր ընդունել հաշմանդամ երեխաներին:

Կիլասոնիան նշում է, որ իր նման մասնագետներին սովորական ուսուցիչների համար նախատեսված աշխատավարձի չափով են վճարում, ինչը զսպիչ գործոն է հանդիսանում մյուս մասնագետների համար:

«Այս ամենի արդյունքն այն է, որ երիտասարդները կորցնում են հաշմանդամ երեխաների ուսուցիչ դառնալու շարժառիթները, եւ Վրաստանում որակյալ մասնագետների պակաս է նկատվում: Մեզ նաեւ հատուկ գրքեր են անհրաժեշտ», – ասում է նա:

Հաշմանդամ երեխաների`դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակելու հեռանկարը համարյա անհաղթահարելի արգելքների է բախվում:

«Եթե ընկերներիս օգնությունը չլիներ, ես երբեք չէի կարողանա կրթություն ստանալ», – բարձրագույն կրթություն ստանալու իր փորձն է վերհիշում հաշմանդամների իրավունքների համար պայքարող ակտիվիստ Ռաթի Իոնաթամիշվիլին: – «Յուրաքանչյուր հաշմանդամի համար բարձրագույն կրթություն ստանալը անիրատեսական նպատակ է: Չեմ ժխտում`կրթության վերաբերյալ օրենքը սահմանում է, որ բոլորը կրթություն ստանալու հավասար իրավունքներ ունեն: Սակայն երբ կառույցներում համապատասխան պայմաններ չկան, նրանք ինքնըստինքյան հրաժարվում են ընդունել հաշմանդամներին»:

Էդիտա Բադասյան, Կովկաս

Կովկասյան լրատու # 628

Էդիտա Բադասյանը «Ekho Kavkaza» ռադիոկայանի լրագրող է:

 

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply