Երբ Ալիեւը 100 դոլար բաժանի Հայաստանում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 15, 2012 9:56

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի լրատվության եւ քարոզչության պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել էր, որ եթե Իլհամ Ալիեւը նախագահի ընտրությանը 100 դոլար բաժանի, ապա կընտրվի Հայաստանի նախագահ: Մեսրոպյանն այդպիսով փորձել է բնորոշել Հայաստանում ընտրակաշառքի արատավոր ուժն ու ընտրողների զգալի մասի գիտակցական ցածր, գրեթե զրոյական մակարդակը:

Հասկանալի է թե Մեսրոպյանի զայրույթը, թե բոլոր նրանց, ովքեր պայքարում են ազատ, արդար ընտրության համար, ովքեր պայքարում են Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական իրավունքների եւ ազատության համար, ովքեր դրա համար նույնիսկ զրկանքներ են կրում՝ սոցիալական, հոգեբանական, ֆիզիկական, բայց բախվում ոչ միայն իշխանության դիմադրությանը, այլ այդ դիմադրությունը զգալիորեն ուժեղացնող ընտրակաշառքին՝ ի դեմս այն հաճույքով վերցնող քաղաքացիների:

Բայց, արդյոք այդ խնդրի լուծումը պատկերավոր նկարագրությունների, Իլհամ Ալիեւին Հայաստանի նախագահ “դարձնելու” մեջ է: Հազիվ թե: Երբ քաղաքացին փող կամ նյութական որեւէ բան է վերցնում եւ ըստ այդմ որոշում, թե ում է տալու իր քվեն, դա ամենեւին չի նշանակում, որ քաղաքացին չի գիտակցում, թե ինչ է անում: Դա նշանակում է, որ քաղաքացին պարզապես չի հավատում որեւէ այլ տարբերակի: Կարելի է զայրանալ, բռունցքները գետին խփել, կարելի է ոտքերը գետին խփել, կարելի է քաղաքացուն թուրք անվանել, բայց դրանով ոչինչ լուծվում: Լուծումը կերեւա այն ժամանակ, երբ հստակ լինի գիտակցումը, որ դա էլ քաղաքացու ընտրություն է, եւ քաղաքացին ընտրում է կաշառքը, որովհետեւ ընդդիմությանը դրանից բարձր չի գնահատում իր կյանքի հեռանկարների տեսանկյունից:

“Ինչու եք ինձ այդքան ցածր գնահատում”՝ գուցե արժե, որ ընդդիմությունը սկսի հարցնել քաղաքացիներին: Նրանց թուրք, ծախու, Ալիեւի վկա, չգիտես էլ ինչ անվանելը բավական հեշտ է, բավական հեշտ է քաղաքական անարդյունավետության պատասխանատվությունը դնել այդ քաղաքացիների վրա եւ ամեն ընտրությունից հետո բնորոշումների պատկերազարդ մի պաշար բաշխել նրանց: Դժվար է ընդունել, որ ընտրակաշառքն էլ քաղաքացու գնահատականն է ընդդիմությանը: Այն, որ դա գնահատման վատ չափանիշ է, կասկած չկա, բայց եթե քաղաքացին այդ չափանիշով է գնահատում, ուրեմն խնդիրը ընդդիմության մեջ է, որովհետեւ քաղաքացու ընտրական չափանիշների, ընտրական ճաշակի բարձրացումը քաղաքական ընդդիմության պատասխանատվության, անելիքի խնդիրն է, որովհետեւ քաղաքական ընդդիմությանն է ամենից շատ պետք այդ չափանիշների եւ ճաշակի բարձրացումը:

lragir.am

Եթե ոմանց թվում է, թե ասենք 5000 դրամ վերցնող եւ ՀՀԿ-ի օգտին քվեարկող քաղաքացին հայրենիքի, պետության արժեքը իրենցից ավելի վատ է հասկանում, կամ իրենցից ավելի քիչ է սիրում, կամ նրա համար ոչ մի տարբերություն չկա ՀՀԿ եւ Ալիեւի միջեւ, ապա չարաչար սխալվում են թե կոնկրետ այդ մտայնության, թե ընդհանապես քաղաքացու հետ հարաբերության մարտավարության հարցում:

Օրինակ, մինչեւ 2008 թվականի նախագահի ընտրությունը, նույն Սասուն Միքայելյանը ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի հետ էր, նրանց հետ դարձել էր պատգամավոր, ու ընդհանրապես՝ իշխանության հետ էր, ոչ թե ընդդիմության: Բայց մինչեւ 2008 թվականի Հայաստանը կարծես թե դեմոկրատական երկիր չէր, կարծես թե իշխանությունն ավելի հանդուրժող եւ իրավական չէր, քան այժմ: Բայց Սասուն Միքայելյանը մինչեւ 2008 թվականն այդ իշխանության հետ էր, հետո նոր՝ Տեր-Պետրոսյանի վերադարձից հետո միացավ ընդդիմությանը:

Ինչու էր Միքայելյանը մինչեւ 2008 թվականը ՀՀԿ-ի եւ իշխանության հետ, ինչու նա ընդդիմության, արդար ընտրության կողմնակիցների հետ չէր: Չէ որ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը, երբ ՀՀԿ-ն ստացավ բացարձակ մեծամասնություն, Հայաստանի պատմության մեջ հանդիսանում է ընտրակաշառքի “ծաղկունքի շրջան”: Ինչու Սասուն Միքայելյանը այն ժամանակ Իմպիչմենտ դաշինքի հետ չէր, կամ ՀԺԿ-ի հետ, այլ ՀՀԿ-ի հետ էր: Գուցե այն պատճառով, որ կամ դեռ չէր գիտակցել ժողովրդավարության արժեքը, կամ չէր հասկացել ընտրակաշառքի արատը, կամ էլ պարզապես ընդդիմության մեջ չէր տեսել դրանց հասնելու ուժն ու չէր հավատացել այդ հեռանկարին:

Ինչով է մինչեւ 2008 թվականի Միքայելյանը տարբերվում ասենք 2012 թվականի հրազդանցի ընտրողից: Խոշոր հաշվով, գրեթե ոչնչով, եթե չասենք, որ նրա ունեցած “ընտրակաշառքը” թերեւս ավելի մեծ էր՝ զգալի սեփականություն, պատգամավորական մանդատ:

Բայց, միթե որեւէ մեկի մտքով կանցնի ասել, նույնիսկ կարծել, որ եթե այդ ամենի համար պետք լիներ գործակցել Ալիեւի հետ, Միքայելյանը կգործակցեր: Միթե որեւէ մեկի մտքով կանցնի կասկածի տակ դնել Միքայելյանի հայրենասիրությունը:

Ուրեմն, ինչու կասկածի տակ դնել մյուս քաղաքացիների հայրենասիրությունը, ովքեր, ի տարբերություն ասենք Միքայելյանի, մինչեւ այժմ շարունակում են մնալ իշխանության դաշտում եւ ընդդիմության մեջ դեռ չեն տեսել այն, ինչ միայն 2008 թվականին տեսավ Սասուն Միքայելյանը եւ էլի շատ մարդիկ, ովքեր մինչեւ այդ իշխանության հետ էին:

Արատը հաղթահարելու համար հարկավոր է փորձել հնարավորին սթափ գնահատել դրա պատճառները եւ ձեռնամուխ լինել դրանք հաղթահարելուն, էմոցիոնալ գնահատականները թողնելով հետեւում: Այդպիսով կա հնարավորություն, որ այսօր ընտրակաշառք վերցնող քաղաքացիների մոտ վաղը տեղի կունենա չափանիշների եւ կողմնորոշիչների այն փոփոխությունը, ինչն իշխանության մեջ գտնվող շատ գործիչների մոտ տեղի ունեցավ 2008 թվականի փետրվարին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply