ԱՄՆ դեսպանն անձամբ է հետեւել Հրազդանի ընտրություններին. «Բուռն պայքար էր ծավալվել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2012 22:25

Հրազդանի քաղաքապետի ընտրություններում բուռն պայքար էր ծավալվել: Այս մասին, այսօր` փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով անձամբ է հետեւել այդ ընտրությունների ընթացքին:

«Այնտեղ բուռն պայքար էր ծավալվել: Կային երկու ուժեղ թեկնածուներ: Ինձ համար իսկապես հետաքրքիր էր իրական քաղաքական մրցակցություն տեսնել այստեղ, ինչը, իմ կարծիքով, շատ կարեւոր է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար», ասել է դեսպանը:

Նա նշել է, որ Հրազդանում հանդիպումներ է ունեցել երկու կողմերի, ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացուցիչների, գործընթացը վերահսկող դիտորդների հետ, եւ հավաստիացել, որ ընտրատեղամասերում ամեն ինչ կարգին է: «Երկու կողմերն էլ հավաստիացրեցին, որ ընտրական գործընթացն անցնում է թափանցիկ եւ պատշաճ կերպով», ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր թեկնածուի շտաբի պնդումներին, որ ընտրակեղծիքներ են արձանագրվել, դեսպանն ասել է. «Ես տեսել եմ մամուլում, ինչպես նաեւ լսել եմ որոշ ընտրախախտումների մասին, եւ հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր ընտրախախտումների մասին տեղեկություններ ունեն, դրանք կփոխանցեն իշխանություններին, եւ ես ակնկալում եմ, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն դրանց առնչությամբ», հաղորդում է «Ազատությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուները երկուսն էին. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն, եւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում պաշտպանում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները:

Գործող քաղաքապետը հավաքել է  13 079 ձայն, իսկ Սասուն Միքայելյանը` 11506 ձայն:

Նշենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, 2008-ին սատարել է նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվել էր ու դատապարտվել: Նրա մրցակից Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է արդեն 12 տարի:

 

 

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply