Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավորների և հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2012 22:11

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Անահիտ Բախշյանի խնդրանքով ընդունել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա- Եզնիկ Կողբացի հատվածում`պուրակին հարակից ոչ կանաչ գոտում  տեղադրվող ժամանակավոր շինությունների դեմ բողոքող հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է  նաև բնապահպան Կարինե Դանիելյանը: Նախքան քննարկումը Երևանի քաղաքապետը նախ ողջունել է նախաձեռնության անդամների ակտիվությունը` ընդգծելով , որ մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման հարցում առաջին հերթին շահագրգռված է հենց քաղաքային իշխանությունը:<< Իմ դիրքորոշումն այս հարցում հստակ է և այդ մասին ես բազմիցս եմ հայտարարել . կանաչ տարածքների հաշվին որևէ կառուցապատում չի լինելու: Ավելին, Երևանի քաղաքապետարանն այսօր բնապահպանական ուղղվածության մի շարք ծրագրեր ունի, որոնց նպատակը ոչ միայն կանաչ գոտիների պահպանումն է, այլև դրանց ընդլայնումը>>- նշել է Տարոն Մարգարյանը:  Այնուհետ անդրադառնալով վերոնշյալ տարածքի քաղաքաշինական լուծումներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ի տարբերություն  Աբովյան փողոցի արդեն ապամոնտաժված շինությունների, որոնք ունեին սեփականության իրավունք , տվյալ սեփականատերերի հետ բանակցությունների արդյունքում, նոր տարածքում ժամանակավոր կառույցները տրամադրվել են վարձակալության իրավունքով: Միաժամանակ, տնտեսվարող սուբյեկտները պարտավորվել են բարեկարգել, խնամել և պատշաճ վիճակում պահել հարակից տարածքները:
ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ իր հերթին նշել է, որ Ավան վարչական շրջանում Տարոն Մարգարյանի սկզբունքային ու հետևողական կառավարման դրական փորձը հույս է ներշնչում, որ դրական փոփոխություններ կլինեն նաև ամբողջ մայրաքաղաքում:  <<Ես կողմնակից եմ հանրային համախոհությանը և հաշվի առնելով հասարակության շրջանում  մեր քաղաքապետի ունեցած բարձր վարկանիշը, կարծում եմ, որ այս հարցը նույնպես համակողմանի քննարկման արդյունքում դրական լուծում կստանա>>,- նշել է Լիլիթ Գալստյանը:Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նոր ձևավորվող քաղաքաշինական խորհուրդը, որում ներկայացված կլինեն նաև հասարակական և երիտասարդական կազմակերպություններ, իր հերթին կնպաստի հանրային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական բոլոր նախագծերի համակողմանի քննարկմանն ու որոշումների կայացմանը: Օգտվելով առիթից, քաղաքապետը նաև նշել է, որ որպես խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ առաջարկելու է բնապահպան Կարինե Դանիելյանի  թեկնածությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ քաղաքային իշխանությունները վճռական են ոչ միայն կանաչ տարածքների պահպանման ու ընդլայնման,  այլ նաև հնի և նորի համադրմամբ Երևանի քաղաքակիրթ արտաքին տեսքի ապահովման հարցում: Այս համատեքստում է դիտարկվում նաև քննարկվող տարածքը, որն ըստ էության <<Հին Երևան>> ծրագրի բաղկացուցիչ մասն է: Նկատի ունենալով այս հանգամանքը ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը առաջարկել է կազմակերպել հանդիպում և  շահագրգիռ կողմերին հանգամանորեն ներկայացնել <<Հին Երևան>> ծրագիրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին հանձնարարել է առաջիկա օրերին կազմակերպել նման հանդիպում`ապահովելով շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և                             հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply