Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2012 21:52

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը, որը նախագահում էր Գոհար Հակոբյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Մինչ նիստի օրակարգին անցնելը Երիտասարդական խորհրդարանի գործող նախագահ Գոհար Հակոբյանը տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր սահմանված քվոտաներում փոփոխություն է կատարել. Արեւիկ Նավոյանի, Հայկ Մեսրոպյանի եւ Մկրտիչ Սիմոնյանի փոխարեն ներկայացվել են Հարություն Համբարձումյանը, Կարեն Համբարձումյանը եւ Ջանիբեկ Հայրապետյանը:

Օրակարգի հաստատումից հետո Երիտասարդական խորհրդարանի անդամներն սկսեցին շարունակել քննարկել նախորդ նիստում ներկայացված «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրինագիծը, որը հեղինակել են Մակար Եղիազարյանը, Ժորա Սարգսյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Վահե Զաքարյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Հայկ Գասպարյանը: Օրինագիծը նպատակ ունի կարգավորել բնակարանային կրեդիտավորման հետ կապված իրավահարաբերությունները, բարձրացնել հիփոթեքային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության մակարդակը, նպաստել ֆինանսական միջնորդության ավելացմանը եւ ամրապնդել ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունը:

Քվեարկության արդյունքում օրինագիծն ընդունվեց:

Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները քննարկեցին «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց օրինագծի հեղինակ Կառլեն Խաչատրյանը: Նա նշեց, որ նախագծով սահմանվում են պետական երիտասարդական քաղաքականության նպատակները, սկզբունքները եւ հիմնական ուղղությունները, հստակեցվում են պետական երիտասարդական քաղաքականության իրականացման իրավական, տնտեսական եւ սոցիալական հիմքերը:

Հարակից զեկույցով հանդես եկավ ԵԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Դարբինյանը` ներկայացնելով օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԵԽ պատգամավորները ողջունեցին օրենսդրական նախաձեռնությունը, ներկայացրեցին իրենց առաջարկությունները եւ կոչ արեցին կողմ քվեարկել:

Օրինագծի քվեարկությունը տեղի կունենա ԵԽ-ի հաջորդ հերթական նիստում:

 

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply