Նոր որակ` հայ-գերմանական կրթական հարաբերություններում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 14, 2012 17:41

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոհեն Շմիդտն այսօր ստորագրել են  համագործակցության հուշագիր, որի շրջանակում Երևանի թիվ 6, 60  և 119 դպրոցներում կներդրվի “Գերմաներենի դիպլոմ” առաջին և երկրորդ աստիճանների ծրագիրը: Գերմաներենի խորացված ուսուցումը թիվ 6 և 60 դպրոցներում կիրականացվի 3-9-րդ, իսկ թիվ 119 դպրոցում` 10-12-րդ դասարաններում: Թիվ 6 և 60 դպրոցների աշակերտները հնարավորություն կստանան “Գերմաներենի դիպլոմ-առաջին” քննություն հանձնել ավարտական իններորդ դասարանում: Այնուհետեւ` թիվ 119 դպրոց տեղափոխվող աշակերտները, ավարտելով տասներկուերորդ դասարանը, կհանձնեն “Գերմաներենի դիպլոմ-երկրորդ” քննությունը, որը բավարարում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության համալսարաններ ընդունվելու համար անհրաժեշտ լեզվական իմացության պահանջը, ինչն ըստ նախարարի, ծրագրի ամենակարևոր կիրառական ցուցանիշն է: Ծրագրի շրջանակում նախատեսվում է  նաև գերմաներենի ուսուցիչներեի վերապատրաստում:

Նշելով, որ երկկողմ կապերի ամրապնդումը համարվում է անփոխարինելի ռեսուրս` ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է. “ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գերակայություններից մեկը շարունակում է մնալ կրթական համակարգի միջազգայնացումը, ինչպես նաև լավագույն փորձի ներմուծումը Հայաստան”: Անդրադառնալով հայ-գերմանական կրթական համագործակցությանը` Արմեն Աշոտյանը նշել է, որ նախարարությունը կարևորում է օտար լեզուների, այդ թվում նաև գերմաներենի ուսուցման որակի բարելավումը: “Մենք պատրաստ ենք աջակցել, որ Հայաստանի դպրոցներում գերմաներենը, որպես օտար լեզու ուսուցանվի նույնքան արդյունավետ, որքան   մնացած օտար լեզուները”,- հավելել է նախարարը, նշելով, որ ՀՀ ԿԳՆ-ն դրական է գանահատում   հայ-գերմանական կրթական համագործակցությունը հատկապես Գերմանիայի ակադեմիական փոխանակաման` DAAD ծրագրի շրջանակում, որի կողմից Հայաստանի ուսանողներին հատկացվող կրթաթոշակները վերջին տարիներին  գրեթե եռապատկվել են:  Գերմանիայի Դաշնային Հանրապետության բուհերում DAAD-ի կրթաթոշակներով ներկայումս սովորում են 140 ուսանողներ: Համագործակցության բավականին սերտ կապեր կան նաև Հայաստանի և Գերմանիայի բուհերի միջև: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար` կարևորելով այն հանգամանքը, որ  Գերմանիայի մի շարք բուհեր ունեն հայագիտության կենտրոններ, որոնք նպաստում են արտերկրում հայագիտության զարգացմանը: Նախարարը հույս է հայտնել նաև, որ փոխադարձ համագործակցությունը նոր որակ կստանա, երբ առաջիկայում գերմանական կողմի աջակցությումբ Հայաստանում բացվի Գյոթեի համալսարանի մասնաճյուղ:

Դեսպան Հանս-Յոհեն Շմիդտի գնահատմամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության քաղաքականությունը, որն ուղղված է դպրոցներում  օտար լեզուների դասավանդման որակի բարձրացմանը, դրական  և արդյունավետ մոտեցում է: “Մենք կարևորում ենք գերմաներենի ուսուցումը Հայաստանի դպրոցներում, միաժամանակ ոչ թե առաջինը լինելու պատրանքներ ունենք, այլ ցանկանում ենք շեշտել այն առավելությունը, որը կունենա հավելյալ օտար լեզվի, մասնավորապես գերմաներենի իմացություն ունեցող յուրաքանչյուր մարդ”,- նշել է  դեսպանը և տեղեկացրել, որ   Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան կողմից նախատեսվում են մի շարք կրթական նոր ծրագրեր: Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանում բացվել է գերմաներենի ուսուցման կենտրոն:

ՀՀ Կրթության և գիտութկյան նախարարը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

 

Դիտվել է 1521 անգամ:
Print Friendly

Leave a Reply