Մասնագետներ. Առաջիկա ընտրություններում լցոնումներ չեն լինի, փոխարենը կլինի ընտրակաշառք

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 14, 2012 17:30

Եթե «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ)  և «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ)  գրագետ աշխատեն և թույլ չտան «նկարչությամբ» զբաղվել, ապա հաջորդ գումարման խորհրդարանում կլինի իրավահավասար կոալիցիա` բաղկացած «Հայաստանի հանրապետական կուսակցությունից», ԲՀԿ-ից և ՀԱԿ-ից. այս մասին «Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական  և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Ըստ մասնագետի` հակառակ պարագայում ՀՀԿ-ն  կրկին կունենա 67-ից ավելի ձայն, և այս դեպքում ԲՀԿ-ը քաղաքականապես կվերանա:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով էլ` ԲՀԿ-ն խորհրդարանում  ներկայիս ունեցածից ավելի շատ տեղեր ձեռք բերելու հնարավորություն ունի, միայն թե  դրա համար հարկավոր է գրագետ քարոզարշավ, ինչը դեռևս չկա: Մասնագետի խոսքով` կուսակցությունն ունի ամեն ռեսուրս, պակասում է միայն քաղաքական բովանդակությունը:

Արմեն Բադալյանը ապագա խորհրդարանի կառուցվածքը պատկերացնելու համար առաջարկում է Հայաստանյան կուսակցությունները 4 խմբի բաժանել: Առաջինում  առավել ազդեցիկ քաղաքական ուժերն են`  ՀՀԿ-ն , ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը: Երկրորդ խմբում ազդեցությունը մասամբ կորցրած ուժերը` «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ժառանգություն», երրորդ խմբում `ՕԵԿ-ն է` որպես արդեն մահացած քաղաքական ուժ, և  չորրորդում` վիրտուալ կուսակցություններ, որոնք գործում են մամուլի ակումբներում և վիրտուալ դաշտում, բայց իրական կուսակցական գործունեություն չեն իրականացնում: Նման կուսակցությունների շարքին Արմեն Բադալյանը դասում է «Ազատ դեմոկրատներին», «Նոր ժամանակներ կուսկցությանը», «Մարքսիստներին, «Միավորված աշխատանքային կուսակցությանը» և այլ կուսակցություններ:

Ելնելով դասակարգումից` Բադալյանը կարծում է, որ քիչ է հավանական, որ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» բավարար քվեներ կստանան` խորհրդարանում տեղեր ունենալու համար:

«Դաշնակցությունը խիստ կասկածում եմ: Ինչո՞ւ, որովհետև վերջին տարիներին նա հետևյալ տենդենցն է գրանցել, 2007թ. խորհրդարանական ընտրություններին ստանում է 170.000, մեկ տարի հետո նախագակականին` 96.000, մեկ տարի հետո 18.000: Այսինքն մոտավորապես 50%-ի անկում է գնում»,- ասաց նա:

Ըստ Բադալյանի` այս դինամիկայի դեպքում այլ փոփոխություններ չեն եղել: Այսինքն, կուսակցության լիդերները մնացել են նույնը, իսկ «Հայաստանում էլ «ծովից ծով» ասողների թիվը չի ավելացել»:

Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա, ըստ բանխոսի, այս կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին տարիներին կորցրել է իր խարիզմատիկ հատկանիշները` ժամանակ առ ժամանակ հայտնվելով ու անհետանալով քաղաքական դաշտից:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, սակայն,  կարծում է, որ մեծ է հավանականությունը, որ ՀՅԴ-ն ներկայացված կլինի խորհրդարանում:

Քոչարյանը համամիտ չէ  նաև «Ազատ դեմոկրատներին»  վիրտուալ կուսակցություն համարելուն:

«Երկու օրվա կուսակցություն լինելով Միացյալ նահանգների երկու վերջին դեսպաններն այցելեցին այս կուսակցություն` դրանով ցույց տալով, որ ԱՄՆ-ն այս կուսակցությանը պաշտպանում է տարբեր ձևերով` բարոյապես, ֆինանսապես և այլն»,- ասում է Կարեն Քոչարյանը:

Նրա կարծիքով` կայանում է «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքը.  «անգամ եթե ձևական առումով դա դաշինք չկոչվի` կապված յոթ տոկոսի արգելանքի հետ, միևնույն է, այդ դաշինքը լինելու է»:

Բանախոսների կարծիքով` խորհրդարանական ընտրություններում  լայնածավալ և կոպիտ խախտումներ չեն լինի, ինչպիսիք են լցոնումները, քվեատուփերի գողությունները, փոխարենը բոլոր քաղաքական ուժերը կդիմեն ընտրակաշառքի:

 

 

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply