Ո՞վ է այն կինը, ում պատճառով Հայկը զրկվել է բնակարանից.Սոցապ նախարարի «խայտառակ» նամակ-պատասխանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 14, 2012 17:11

Panorama.am-ի` «Երբ զիջում ես հերթդ, պետությունը երկրորդ շանս չի տալիս. մանկատան սան դառը փորձը» հրապարակումը, որ առիթ հանդիսացավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին նամակ հասցեագրել ու ստանալ պարզաբանումներ այդ հրապարակման մեջ առկա մանրամասների առումով, շարունակում է մնալ հարցականներով հարուստ:
Հիշեցնենք, հրապարակման մեջ անդրադարձել էինք «Զատիկ» մանկատան շրջանավարտ, 24-ամյա Հայկ Սիմոնյանի ճակատագրին, ով, փաստորեն, իր իսկ բարոյականության զոհն էր դարձել. 2006թ-ին մանկատնից դուրս գալուց հետո, երբ պետությունից պետք է բնակարան ստանար, ավելին` անգամ գիտեր, որ բնակարանը Կոմիտաս պողոտայի վրա է, նրան հավաստիացրել են, թե քանի որ գնում է բանակ, թող այդ բնակարանը զիջի մանկատան շրջանավարտ մի երիտասարդ կնոջ, որը երեխա է սպասում ու մի երեխա էլ արդեն ունի, իսկ երբ բանակից վերադառնա` արդեն իր բնակարանը կստանա: Սակայն 2008թ-ին վերադառնալով` մինչ օրս թակում է տարբեր գերատեսչությունների դռներ ու բացի չոր խոսքերից` «նախարարությունը գումար չի հատկացրել, որ բնակարան ստանաս» ու նրանից, որ ինքը նույնիսկ հերթի մեջ էլ չի այլևս` ոչինչ չունի:
Այդ հրապարակումից հետո տիկին Բախշյանը նախարարից նամակով հետաքրքրվեց` քննարկվե՞լ է արդյոք նախարարությունում հոդվածը և ի՞նչ արձագանք է այն ստացել, ամենակարևորը` ո՞վ է այն երիտասարդ կինը, ով ստացել է Հայկի համար նախատեսված բնակարանը, հերթացուցակում ո՞ր համարն է ունեցել, ո՞ր մանկատան շրջանավարտն է եղել և եթե այդ կինը նույնպես եղել է շահառուների ցուցակում, ապա ինչո՞ւ չի օրինականացվել մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովման հերթացուցակում հոդվածում նշված երիտասարդ կնոջ հերթի փոխատեղումը Հայկ Սիմոնյանի հերթի հետ:

Վերջապես` ինչպե՞ս, ինչո՞ւ և ո՞ւմ պատճառով է Հայկը դուրս մնացել հերթից և ի՞նչ է լինելու Հայկ Սիմոնյանի բնակարանի ճակատագիրը:

Հարցերն ավելի քան հստակ շարադրված, առարկայական և ոչ թե վերացական բնույթ են կրում , սակայն դրանց ստացված պատասխան նամակից այնպիսի տպավորություն կարելի է ստանալ, թե պատգամավորը նախարարությունից հետաքրքրվել էր Հայկի կենսագրությամբ, այլ ոչ թե, հակառակը, քաջ տեղեկացված լինելով թե կենսագրությունից, թե կյանքի մնացյալ մանրամասներից փորձել կոնկրետ պատասխաններ ստանալ մի շարք հարցերի, որոնք ավելի քան կասկածելու տեղիք են տալիս.

«Ճիշտն ասած չեմ հասկանում, թե այս ի՞նչ նամակ է ինձ ուղարկել նախարար Արթուր Գրիգորյանը… խայտառակություն է: Նախարարի այս նամակին այլ որակում ուղղակի տալ չեմ կարող»,-Panorama.am-ին ասաց «Ժառանգության» ներկայացուցիչն ու տրամադրեց այդ «խայտառակությունը»:

Հաշվի առնելով, որ պատգամավորի հարցերը ներկայացրել էինք դեռևս նախորդ հրապարակմամբև հիմա էլ դրանք մեջբերեցինք, նախարար Գրիգորյանի նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ, որպեսզի հստակ երևա, թե ի՞նչ հարցեր է բարձրաձայնում ԱԺ պատգամավորը և ի՞նչ պատասխաններ է դրանց տալիս ոլորտի պատասխանատուն:
«Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ Հայկ Խաժակի Սիմոնյանը, ծնվ. 14.01.1988թ., մանկատուն է ընդունվել 14.10.1993թ-ին` ՀՀ լուսավորության նախարարության ուղեգրով:

2010թ-ին ավարտել է թիվ 3 արհեստագործական ուսումնարանը, ստացել է ավտոփականագործի որակավորում, վարորդական իրավունք և միջնակարգ կրթության վկայական: 2006թ-ին զորակոչվել է բանակ: 2008թ-ին` զորացրվելուց հետո` բնակության վայր չունենալու պատճառով Հայկը դարձյալ օթևանել է մանկատանը: Այդ ընթացքում բնակվել է նաև քրոջ` Սյուզաննա Գեղամյանի տանը, որը որպես մանկատան շրջանավարտ բնակարան է ստացել 2007թ-ին Երևան քաղաքի Արարատյան-62 հասցեում (բնակարան ստանալու առաջնահերթություն տրվում է նաև այն երեխաներին, ում ընտանիքից երկու և ավելի երեխաներ են բնակվում մանկատանը): Ուսանող լինելու հանգամանքը հաշվի առնելով, մանկատան միջնորդությամբ, Հայկը տեղափոխվել է բնակության Զեյթունի ուսանողական հանրակացարան: Վարձը չվճարելու պատճառով 2011թ. ամռանը Հայկը դարձյալ տեղափոխվել է մանկատուն, նոյեմբերի ամսին «Բարեշավիղ միաբանություն» ԲՀԿ-ի կողմից վճարվել է հանրակացարանի 2 ամսվա վարձը (սենյակը նախատեսված է երեք անձի համար և որպեսզի Հայկը բնակվի առանձին, վճարվել է սենյակի ամբողջական վարձը): Նախորդ ամիսների չվճարված վարձը հանրակացարանի ղեկավարության կողմից մեծահոգաբար ներվել է: Աշխատանքի ընդունվելու ցանկությամբ նա դիմել է նախարարություն, աշխատանքի և զբաղվածության վարչության միջնորդությամբ աշխատանքի է անցել Զեյթունի «ՍԹԱՐ» սուպերմարկետում և այժմ կարողանում է վճարել իր բնակվելու վարձը:

Հայկը մանկատնից դուրս գրվելուց հետո, թե զինվորական ծառայության ընթացքում, և թե դրանից հետո, միշտ գտնվել է մանկատան ուշադրության կենտրոնում, և հարկ եղած դեպքում ստացել է մանկատան աջակցությունը:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հաշվառված մանկատան շրջանավարտների համար 2008-10թթ. բնակարաններ չեն գնվել, ինչի պատճառով առժամանակ դադարեցվել է բնակարանների տրամադրումը Մարալիկ և Գյումրի քաղաքաներում և բնակմակերեսներ` Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում: Երևան քաղաքում նման հնարավորություններ չեն առաջացել:

Հայտնում եմ նաև, որ հնարավորություն ստեղծվելու դեպքում, օրենքով սահմանված կարգով Հայկը կստանա իրեն հասանելիք բնակմակերեսը»:

Ահա և վերջ: Որևէ խոսք այն մասին, թե ո՞վ է այն կինը, ում պատճառով Հայկը զրկվել է բնակարանից, իսկ բանակից վերադառնալուց հետո էլ պարզել, որ առհասարակ այլևս հերթացուցակում էլ չէ, ո՞ր մանկատան սանն է եղել (եթե, իհարկե, նա իսկապես գոյություն ունի) և այլ կարևոր հարցերի պատասխաններ նախարար Ա.Գրիգորյանը նամակում չի տալիս: Իսկ թե ինչո՞ւ` այլ հարց է:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply