Մեծ գրողները՝ քաղաքական ժարիտի թավայում

ԷՍՍԵ | | September 27, 2009 12:00

Հայաստանում արդեն բոլորն են օլիգարխներին ու մենաշնորհային տնտեսությունը քննադատում, բայց հոգեւոր, մշակութային մոնոպոլիան՝ դասական գրականության ու արվեստի բացարձակ մենաշնորհը համարում են ազգային արժեք: Բենզինի ու շաքարի աղբյուրի գլխին նստած վիշապներին անիծում են ամեն օր, բայց բանաստեղծության ու կերպարվեստի ջրի բերանը փակած «վիշապներին»՝ մեր մեծերին, պաշտում են: Հայաստանյայց բոլոր հարցերի բանալին համարում են նախագահի լեգիտիմությունը այն պայմաններում, երբ 21-րդ դարի Հայաստանում լեգիտիմ են միջնադարի կամ, լավագույն դեպքում, անցած դարասկզբի արվեստն ու մշակույթը, իսկ ժամանակակից գրականությունն ու արվեստը ոչ լեգիտիմ են հռչակված: Պարզ իշխանափոխությունը հեղափոխություն են անվանում ոչ միայն իշխանության, այլեւ ողջ արժեհամակարգի, մշակույթի ու արվեստի հիերարխիկ բուրգի պահպանմամբ, ուր արվեստագետները, չինովնիկների ու զինվորականների պես, ռանգով ու ուսադիրներով աստիճանակարգվում են:

Իհարկե, մեր մեծերն իրենց կամքով չեն նստել աղբյուրի վրա, այլ հարսի ո.ով փեսուն լավություն անելու սկզբունքով, բրդելով-բրդբրդելով՝ նրանց քամակները աղբյուրին դեմ տվել ու ակունքը խցանել են այն մարդիկ, որ գրականությունն ու արվեստը ոչ թե կարդում-վերլուծում են, այլ օրհնում ու երկրպագում: Այդ պաշտամունքից ամենաշատը տուժում են հենց այդ նույն մեծերը, որոնց օրհնելով ու ճակատները պաչելով՝ փառահեղորեն թաղում են արվեստի պատմության փոշոտ էջերում: Նրանք չեն վերընթերցվում ու վերիմաստավորվում, նոր հարցադրումներին չեն մասնակցում, ուրեմն՝ ոչ մի կերպ չեն մտնում ժամանակակից աշխարհի ու կյանքի կոնտեքստ: Եվ տուժում է հասարակությունը, որ սեփական ժամանակներն իմաստավորող նոր, կենդանի արվեստի փոխարեն շարունակում է սնվել անցյալի սրբացված մասունքների թանգարանային հիշողությամբ:

Եթե մարդն իր սիրած բանաստեղծին ընտրում է դպրոցական կամ ակադեմական հեղինակությունների «մեծամասնական» ցուցակով, դժվար է նրա՝ նախագահ ընտրելը ազատ կամքի դրսեւորում համարել, եթե անգամ առանց ընտրակաշառքի է իր պտիչկան դրել: Չարենցի անվան կողքը պտիչկաները հինգ հազար դրամով չեն դրվում, դրվում են անկեղծ սրտով՝ վարժապետական փիառի շնորհիվ: Նման պտիչկաներով ոչ թե Չարենց են «ընտրում», այլ հերթագայող իշխանությունների քաղաքական հայացքները, որը Սովետի օրոք «Ամբոխները խելագարված» ու «Լենինն ու Ալին» էր պրոպագանդում, իսկ այսօր՝ «Ես իմ անուշ Հայաստանին» ու «Պատգամը»: Բրեժնեւական հարթակից Վլադիմիր Աբաջյանն ու Սիլվա Յուզբաշյանն էին Չարենց արտասանում, ՀՀՇ-ական հարթակից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վաղվա հարթակից մի ուրիշը… էլի Չարենց է արտասանելու. պատրաստի բուրգը բոլոր իշխանություններին էլ ծառայում է:

Հայաստանում դասական մեծ գրող ասածը օլիգարխի նման է, գրական օլիգարխ, քանի որ ընթերցողը կանգնում է նրա թիկունքին որպես թիկնապահ: Բայց քանի որ գրողներն էլ, օլիգարխների պես, թաք մինուճար չեն, ընթերցողները, շեֆին ծառայող սափրագլխի պես, մարդա մի դասականի տակ տափ մտած, թիկնապահական բազուկները քշտած, բռունցքներով ու ատամներով պաշտպանում են օլիգարխ-գրողի թասիբը… այլ գրողներից, որոնք, ի տարբերություն իրենց հանճարեղ շեֆի, կոչվում են «միջակություն»: Հայ ընթերցանության պատմությունը իրականում այդ պայքարի պատմությունն է, որ ծավալվում էր, օրինակ, Չարենց-Տերյան, Շիրազ-Սեւակ, Հրանտ Մաթեւոսյան-Վարդգես Պետրոսյան եւ նման այլ անիմաստ հակադրությունների մեջ:

Այովա համալսարանի միջազգային գրական ծրագրի կլոր սեղաններից մեկը վերջին տարիներին տարածված մի նոր առարկայի մասին էր, որ կոչվում է Teaching writing`գրելու ուսուցում: Ելույթ ունեցողներից մեկը Կայ Չունգ Դանգն էր՝ վիպագիր եւ գրաքննադատ Հոնգկոնգից, որ գրականությունից բացի հենց այդ նույն առարկան է դասավանդում տեղի համալսարանում: Նրա զեկուցումը կարդալով հայտնաբերեցի, թե որքան զուգահեռներ կան այս տեքստի եւ «Ինքնագրի» 2-րդ համարում տպված՝ Վահան Իշխանյանի «Զուգահեռ. Բակունցի «Միրհավը» եւ Ուոլլերի «Մեդիսոնի շրջանի կամուրջները» հոդվածի միջեւ, ուր ասվում է.

«Դեմոկրատիան ձգտում է կառավարումը հասցնել մարդկանց հորիզոնական կապերի եւ ոչ թե ուղղահայաց՝ վերեւից իշխեն ներքեւներին։ Դեմոկրատական փոփոխությունները տանում են ընդհանրապես բրգաձեւ կառավարման համակարգի ոչնչացման ու կառավարումը տանում համագործակցության եւ ոչ թե հպատակեցման։ Այդ մոդելը հորիզոնականացնում է բանաստեղծին, վերեւից (պառնասից, որ քիփ պետական իշխանության կողքն է) իջեցնում, հավասարեցնում մյուսների հետ, ուստի Մովսեսը դեմ է. «Ձեւական մոդեռնիզմը ես համարում եմ հորիզոնական թռիչք, ինձ հետաքրքրում են ուղղահայացները»։

Կայ Չունգ Դանգն իր բանախոսության մեջ ասում է.

«Գրելու դասավանդում: Այս երկու բառերը շատ պարզ են, անգամ՝ փոքր-ինչ ձանձրալի: Բոլորս էլ ենթադրում ենք, որ գիտենք դրանց իմաստները, առնվազն՝ առանձին-առանձին: Բայց երբ այդ բառերն իրար կողք ենք դնում, հնչում են իբրեւ պարադոքս, քանի որ շատերի պատկերացմամբ գրելը հնարավոր չէ սովորել: Դա տաղանդի հարց է, որ կամ ունես, կամ՝ չէ: Դու ծնվել ես դրանով: Ոչ ոք չի կարող դա քեզ տալ կամ քեզանից խլել: Դա պարգեւ է: Վերջիվերջո գրելը դառնում է մի քանի ընտրյալների առանձնաշնորհը: Մնացած բոլորիս համար գրելը հավիտյանս մնում է անկարելի: Բայց վերջերս տարածված միտումներով ստեղծվել է «գրելու ուսուցում» կոչվող ինչ-որ բան, որի մեջ բոլոր նրանց, ում վիճակված չէ մեծագույն գրող լինելու, տեղ ու առիթ են տալիս գրել սովորել ու սովորեցնել: Սա ասես երկրորդ կամ երրորդ կարգի խցիկ է դրախտում:

yes-u-kay-chung-1

Վիոլետը և Կայ Չունգ Դանգը Միսիսիպիի ափին

Գրելը, ինչպես եւ ցանկացած այլ արվեստ, հաճախ դիտվում է հիերարխիկ ձեւով: Ամենավերեւում մի քանի աստվածներ են, առասպելական ու կանոնական ֆիգուրներ, որ ամենամեծ տաղանդն ու նվաճումներն ունեն: Մեջտեղում բազմաթիվ գրողներ, որ կարող են հետաքրքիր լինել ամենատարբեր առումներով, բայց պարզապես օժանդակող դեր են կատարում գրականության պատմության մեծ դրամայում: Ներքեւում գրականության կրթված ընթերցողների անանուն մեծամասնությունն է:  Թե որտեղ են կանգնած քննադատները՝ ես չգիտեմ:

Բայց գրելը միայն մեծերի համար չէ: Ես կուզենայի առաջարկել գրելու պրակտիկայի այլ մոդել, ուր հայտնիները, մեծերն ու անհայտները միմյանց չեն կանխաբացառում: Վերից վար, ըստ տաղանդի ձեւակերպված հիերարխիայի փոխարեն ես առաջարկում եմ գրելու գործունեությունը դիտել ավելի լայն սպեկտրով: Այսինքն՝ ուղղահայաց մոդելից անցնել հորիզոնականին: Մի ծայրում ճանաչված գրողների ինտենսիվ, խիտ, գրական վարպետությամբ ստեղծագործություններն են: Մյուս ծայրինը տարբերվում է ոչ թե տաղանդով, մեծությամբ կամ ձեռքբերումներով, այլ գրելու՝ իր համար ունեցած նշանակությամբ: Մեծ գրող չդարձողների համար նույնպես գրելը ինչ-որ բան նշանակում է, հաճախ՝ շատ բան: Իսկ նրանց, որ միայն ընթերցում են, գրելու որոշ փորձառությունն անշուշտ կհարստացնի՝ իրենց կարդացածի արժեւորման առումով:

Այսօր, նոր տեխնոլոգիաների շնորհիվ, գրելն ու գրածը տարածելը ավելի ու ավելի անկախ է դառնում հրատարակության ավանդական ձեւից: Ոմանք խրտնում են մերօրյա այն ձեւակերպումից, թե ամեն մարդ կարող է գրող լինել: Ես դրանում տեսնում եմ հնարավորություն՝ գրելու ավելի «դեմոկրատական» պատկերացում ստեղծելու: Երբ գրելն ուսուցվում է՝ այս ողջ սպեկտորը ի մտի ունենալով, ուսանողները քաջալերվում են գրելու մեջ գտնել իրենց եւ ուրիշների համար իմաստավորում, եւ այդ բոլոր տարբեր իմաստները հավասար ուժ ունեն: Ոմանք կարող են ձգտել ավելի բարձր ստանդարտների, մեծ պատասխանատվության, նվիրումի, ավելի լայն մշակութային նշանակության, մյուսները կարող են վստահ լինել, որ գրելու սովորությունը իրենց համար մեծ բարիք է: Սպեկտրի մի մասում գրելը մեկին օգնում է ստեղծագործականության, զգայունակության, դիտողունակության, պատասխանատվության: Այս վերջին բառով նկատի ունեմ ունակություն ու պատրաստվածություն աշխարհին ու նրա մարտահրավերներին արձագանքելու: Այս հատկանիշներն, իհարկե, ուղղակիորեն չեն ուսուցվում, բայց կարող են ներշնչվել ուսուցման ընթացքում:

Գրելու ուսուցման շնորհիվ, օրինակ, հնարավոր է դառնում դիտանկյան փոփոխությունը եւ պատումի մեջ տարբեր տեսանկյունների առկայությունը: Դա ավելին է, քան գրական տեխնիկան ու հնարքը: Դա պահանջում է քայլ անել սովորույթային, երբեմն՝ կանխակալ կերպով տեսնելուց անդին եւ վերապրել ուրիշների մտքերն ու զգացումները: Եվ այդ տարբերությունների համեմատությունը կարող է վերլուծական մտածողության դուռը բացել: Մեկ այլ օրինակ. համայնքային մի նախագծի շրջանակներում ուսանողներն այցելում են հին արվարձաններում ապրող ծերերին ու գրում նրանց պատմությունները, որպեսզի վերստեղծեն տեղային պատմություններն ու համայնքային կյանքի զգացողությունը եւ դիմադարձնեն այն ավերումը, որ պատճառում է ուրբանիզացիայի դաժան տրամաբանությունը»:

Հոնգկոնգում եւ այլուր գրքի բիզնեսի առկայության դեպքում դեռ հասկանալի է մեծ գրողի պիտակը, մեծի գիրքը ավելի թանկ կարժենա, բայց Հայաստանում գրքի շուկա չլինելու պայմաններում անհասկանալի է գրողների մեծ ու միջակը, մանր ու խոշորը ջոկջկելու բազարի կարտոշկի քուջուջը: Նույնիսկ կարտոֆիլի դեպքում դժվար է կողմնորոշվել՝ մե՞ծն է լավ, թե՞ փոքրը: Ջոկում են ըստ ճաշի, խաշլամայի՞ համար է, թե՞ ժարիտի: Բայց քանի դեռ Հայաստանում քաղաքական գործիչներն են «ժարիտ» անում, միշտ էլ իրենց բոստանում աճեցնելու են «մեծ» գրողների, որ կարտոշկի պես տժտժալու են հերթական «խոհարարի» թավայի մեջ, զոհվածի իրենց արյամբ սանդուղք դառնալով նրանց համար, որ մագլցում են դեպի թող ոչ ոք «չպահանջվի ինձնից բացի» բուրգի գագաթը:

Այովա

Դիտվել է 3820 անգամ:
Print Friendly

Leave a Reply