Մուրացկան ու հիվանդ երիտասարդի կացարանի և զբաղվածության հարցը լուծվեց, բայց…

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 15, 2012 7:00

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սան, երկկողմանի ծնողազուրկ, 1-ին կարգի հաշմանդամ 31-ամյա Աշոտ Գրիգորյանը, որ օրվա հացի խնդիրը լուծում է մուրացկանության միջոցով, այս տարվա հունվարի 16-ից հաճախում է փայտի փորագրման դասընթացների: Նա ասում է, որ արդեն հստակ գիտի իր ապագա անելիքը. «Մուրացկանությունն այն ձևը չէ, որով միշտ ապրես,- ասում է նա,- որովհետև ոչ ոք պարտավոր չէ ինձ գումար տալ: Ես պետք է իմ ուժերով փող վաստակեմ: Բացի այդ, մի գլխավոր նպատակ էլ եմ դրել. երբ արդեն վարպետանամ իմ գործում, կմտնեմ մանկատներ և իմ փորձը կփոխանցեմ մանկատան երեխաներին»:

Աշոտի այս նպատակը ծնվել է իր կյանքի դառը փորձից. հիշում է, որ ինքն էլ մանկատնից ու գիշերօթիկից դուրս գալով` հայտնվել է փողոցում և կանգնել տխուր փաստի առջև. ո՛չ աշխատանք կար, ո՛չ էլ ապրելու այլ հնարավորություն: Իսկ երբ այդ ամենին գումարվել է նաև ծանր հիվանդությունը, Աշոտին այլ բան չի մնացել անելու, քան մուրացկանությամբ  փող հավաքելը: «Ուզում եմ, որ մինչև մանկատներից ու գիշերօթիկներից դուրս գալն այդ երեխաները գոնե ինչ-որ բան սովորած լինեն, որ դուրս գալով`  խուճապի չմատնվեն»:

Աշոտն ասում է, որ ծրագրով նախատեսված 2 ամիսը լրանալուց հետո պիտի իր միջոցներով որոշ ժամանակ էլ պարապմունքներին հաճախի, այնուհետև ինքն իր վրա աշխատելով` կատարելագործվի. «Դե պարզ է, չեմ կարող հենց վաղվանից մուրացկանությունը թողնել,- ասում է նա,- բայց հենց որ կարողանամ մի փոքր կայուն եկամուտ ապահովել, էլ դուրս չեմ գա փող մուրալու»:

Աշոտի մասին «Անկախի» մի քանի հրապարակումներից սա միակն է, որ դրական տրամադրություն է պարունակում: Մինչ այդ մենք գրել ենք նրա բազմաթիվ խնդիրների մասին և հոգ տարել, որ դրանք հասնեն համապատասխան մարմիններին: 2011 թ. նոյեմբերին «Անկախի» լրագրող Անի Գասպարյանը նամակ էր գրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանին` ներկայացնելով Աշոտ Գրիգորյանի խնդիրները և խնդրել հանդիպում կազմակերպել վերջինիս հետ:

Կարճ ժամանակ անց նախարարությունն արձագանքեց, և հանդիպումը կայացավ: Փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նախարարության համապատասխան վարչությունների աշխատակիցների հետ միասին ընդունեց Աշոտին և լրագրողին, մանրամասն ծանոթացավ նրա  խնդիրներին` խոստանալով աջակցել և՛ կացարանի, և՛ զբաղմունքի, և՛ այլ հրատապ խնդիրների լուծման գործում:

Քանի որ Աշոտի համար առաջնային խնդիրը կացարանն էր (նա, երկար տարիներ ապրելով փողոցում, վերջին մի քանի տարիներին ապրում է հանրակացարանային մի սենյակում` 25 հազար դրամ վարձավճարով), նախարարությունը միջնորդագիր ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` խնդրելով հանրակացարանային պետական տարածքներից որևէ սենյակ տրամադրել Աշոտին` անժամկետ ապրելու համար:

Ի դեպ, Աշոտի անունն ընդգրկված է մանկատան նախկին սաներին բնակարան տրամադրելու  պետական ծրագրի մեջ, սակայն այդ ծրագրի իրականացման ժամկետներն առայժմ տեսանելի չեն:

Դեկտեմբեր ամսին Աշոտի կացարանի հարցը լուծվեց: Սակայն նա դեռ չի կարողանում  տեղափոխվել իր նոր բնակարան, քանի որ այն վերանորոգված չէ, սենյակում չկա սանհանգույց, իսկ տեղաշարժվելու և ոտքերը մշտապես տաք ջրով խնամելու խնդիր ունեցող Աշոտի համար դա կենսական նշանակություն ունի:

Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել որևէ շինարարական կազմակերպության հետ համաձայնության գալ Աշոտի փոքրիկ սենյակը վերանորոգելու հարցում: Սակայն հուսով ենք, որ կլինեն կազմակերպություններ կամ անհատներ, որոնք կաջակցեն, քանի որ խոսքը մեծ  ծախսի մասին չէ:

Փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ Աշոտը նշել էր, որ ստիպված է զբաղվում մուրացկանությամբ, և եթե իրեն հնարավորություն տրվի որևէ արհեստ սովորելու, որով կկարողանա հոգալ իր խնդիրները, ապա միանգամից կթողնի մուրացկանությունը:

Փոխնախարարի առաջարկով նախարարության Տարեցների և հաշմանդամների վարչության պետ Արթուր Կեսոյանը դիմեց Զբաղվածության պետական ծառայություն, որի միջոցով էլ Աշոտին հնարավորություն տրվեց մասնակցելու փայտագործության դասընթացներին: Քանի որ պետական ծրագրով այդ դասընթացը նախատեսված չէ 1-ին կարգի հաշմանդամների համար, «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» բարեգործական հիմնադրամը ստանձնեց Աշոտին այդ դասընթացների մեջ ներառելու բոլոր ծախսերը. «Մենք Աշոտի համար գնել ենք անհրաժեշտ բոլոր գործիքները, որոնք անհատույց նրան են տրվել,- ասաց կազմակերպության աշխատակից Քրիստինա Հովհաննիսյանը,- բացի այդ, մենք հոգում ենք նրա տեղափոխման, ուսուցչին վճարելու և ուսուցման հետ կապված մյուս ծախսերը»:

Աշոտի ուսուցիչը` վարպետ Աշոտը, երկրորդ կարգի հաշմանդամ է: Նա մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է, վիրավորվել է Արցախյան ազատամարտում` վնասելով ողնաշարը: Մի քանի տարի անշարժ պառկելու ընթացքում ասեղնագործություն է սովորել, ասեղնագործության ժողովրդական վարպետ է: Իսկ երբ կարողացել է սայլակին նստել, ինքնուրույն սովորել է նաև փայտի փորագրություն: Ասում է, որ 7-8 տարի ապրել է իր աշխատանքները «Վերնիսաժում» վաճառելով, սակայն վերջին տարիներին հիմնականում զբաղվում է իր արհեստը նոր սերունդներին փոխանցելով:

Վարպետ Աշոտի մոտ Աշոտի հետ միասին փայտի փորագրություն են սովորում նաև այլ հաշմանդամներ: Վարպետն ասում է, որ լավագույն աշակերտներին ինքն անձամբ կաջակցի շուկա մուտք գործելու հարցում: «Ինչ վերաբերում է Աշոտին, ապա նա հասկանում է, թե իրեն ինչքան է պետք այս արհեստը, նա իրոք ուզում է սովորել,- ասաց նա,- մոտ 4 ամիս հետո լիարժեք կկարողանա սովորածը կիրառել, իհարկե, ինքն իր վրա պետք է անընդհատ աշխատի: Համենայն դեպս, կկարողանա ամսական 100-150 հազար դրամ աշխատել, բայց վարպետներ կան, որոնք ամսական 1000-1500 դոլար են աշխատում: Ամեն ինչ իրենից է կախված»:

«Անկախ» շաբաթաթերթը շնորհակալություն է հայտնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որի ջանքերով լուծվեց Աշոտի ամենալուրջ խնդիրը` կացարանի հարցը, նաև` «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» բարեգործական հիմնադրամին, որի միջոցներով Աշոտն այսօր սովորում է փայտագործություն` հետագայում ինքնուրույն գումար վաստակելու և արժանապատվորեն ապրելու հստակ նպատակով:


 

 

Դիտվել է 1606 անգամ:
Print Friendly

Leave a Reply