Իսպանիայի հրեաներն առաջարկում են այդ երկրում քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 14, 2012 15:25

Իսպանիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն անհրաժեշտություն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման առաջարկությամբ իսպանական El Pais թերթի էջերում հանդես են եկել Իսպանիայի հրեական համայնքի ղեկավար Ջոն Բեդոյան և Իսահակ Քերուբը: «Թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության առնչությամբ նման օրենքի ընդունումն անհրաժեշտություն է»,- գրել է Քերուբը:

Նա կոչ է արել իսպանացի օրենսդիրներին Քրեական օրենսգրքում ամրագրել Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու մասին դրույթները:

Բեդոյան և Քերուբը նշում են, որ իրենց առաջարկության համար օրինակ է ծառայել Ֆրանսիայում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն Ազգային ժողովի և Սենատի կողմից:

«Դեռևս կան մարդիկ, ովքեր ցանկանում են ավարտել Հիտլերի կիսատ թողած գործը: Ահա թե ինչու է անհրաժեշտ նման օրինագծի ընդունումը»,- շարունակում է Քերուբը:

Նա նաև ընդգծել է, որ ցեղասպանությունների մասին տեղեկատվություն պետք է ներառել դպրոցական ուսումնական ծրագրերում, որպեսզի նոր սերունդները ևս տեղյակ լինեն անցյալի արհավիրքներին:

 

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply