Դատ. Մարգար Օհանյանը հաջորդ նիստում ասելու շատ բան ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2012 15:10

«Չորս մեղադրյալներից միակը ես եմ, որ բենզինի հետ կապ չեմ ունեցել: Շատ բաներ ունեմ ասելու»,- Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը:

Մինչ այդ դատարանում լսել են ՃՈ սպայական 2-րդ գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի նախաքննական ցուցմունքները: Վերջինս կրկին հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում: Պարզվում է, որ Ստեփան Կարախանյանը մի քանի անգամ է ցուցմունք տվել եւ ամեն անգամ հակասական հայտարարություններ արել:

Մասնավորապես իր առաջին ցուցմունքում նա նշել էր, թե բոլոր ենթակաները նորմալ ստացել են բենզինը, եւ որեւէ մեկին պակաս չի հասել: Երկրորդ հարցաքննությանը նա ընդհանրապես հրաժարվել էր ցուցմունք տալուց, սակայն հետագայում կտրուկ փոխել ցուցմունքները: Ըստ Կարախանյանի,  2008 թվականին բենզինը նորմալ չափաքանակով է տրվել, հետո աստիճանաբար կրճատվել է: «Ես դիմեցի Մարգար Օհանյանին, նա ասաց, որ պետք է եւ վերեւները տեղյակ են: Քանի որ Մարգար Օհանյանը չոր բնավորություն ուներ, չհակաճառեցի»,- գրել է Կարախանյանը: Նա նաեւ խոստովանել է, որ ՃՈ մեքենաների համար նախատեսված բենզինի կտրոններով լիցքավորել է նաեւ իր ընտանիքին պատկանող երեք մեքենաները, «լավություն» է արել ծանոթ-բարեկամներին:

Ի տարբերություն ամբաստանյալներ Սամվել Մախմուրյանի, Արա Լեւոնյանի եւ Ստեփան Կարախանյանի, ՃՈ նախկին պետը պատրաստակամություն հայտնեց ցուցմունք տալ: «Այս երեք ամբաստանյալները, զարմանալիորեն սեպտեմբերի 15-ից փոխում են ցուցմունքները եւ ես բազմաթիվ հարցեր ունեմ: Չորս մեղադրյալներից միակը ես եմ, որ բենզինի հետ կապ չեմ ունեցել: Շատ բաներ ունեմ ասելու»,- նշեց Մարգար Օհանյանը եւ մի քանի օր ժամանակ խնդրեց պատարստվելու համար:

Դատավոր Մխիթար Պապոյանը նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 20-ը, ժամը 11:30-ը:

Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:

Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:

Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար)  չափով վնաս:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը եւ Սամվել Մախմուրյանը:

 

News.am

 

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply