Իրական բնության պաշտպանների փնտրտուքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 14, 2012 14:35

Անկախացումից հետո գրեթե ամբողջությամբ քայքայված հայկական արդյունաբերությունը ժամանակի ընթացքում մասամբ փոխարինվեց հանքարդյունաբերությամբ, որը վերջերս հայտարարվեց որպես տնտեսության գերակա ճյուղ:

Մինչև XX դարի կեսերը քննարկվում էր աշխարհի բարեհաջող զարգացման մեկ տարբերակ՝ տեխնոլոգիական, արդյունաբերական զարգացումը: Այդ շրջանում ապագայի վերաբերյալ բոլոր կանխատեսումները (ֆուտուրոլոգիական կանխատեսումները) աշխարհի արդյունաբերական զարգացման ճանապարհին վտանգներ չէին տեսնում: Առաջին հակաֆուտուրոլոգիական ալիքը բարձրացավ բնապահպանական շարժումներին զուգահեռ, որոնք սկիզբ առան 1960-ականներին, արդյունաբերության առաջացրած աննախադեպ էկոլոգիական աղետների հետևանքով: Պարզվեց, որ արդյունաբերական զարգացումն այնքան էլ անվնաս չէ: Եթե արդյունաբերական զարգացումը էկոլոգիական աղետների առաջացման վտանգներ է թաքցնում, ապա հանքարդյունաբերության դեպքում այդ վտանգները տասնապատիկ անգամ ավելի են:

Բնապահպանական հետևանքները հաշվի չառնող արդյունաբերությունը կարճաժամկետ հատվածում շահութաբեր է, սակայն իր հետ բերում է բնապահպանական խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում կլանում են ֆինանսական միջոցներ և խոչընդոտում այդ նույն տնտեսության զարգացումը, որի համար հիմնադրվել էր արդյունաբերությունը: Որոշ դեպքերում արդյունաբերության առաջացրած բնապահպանական խնդիրները պարունակում են այնպիսի ռիսկեր, որոնք անլուծելի են և աղետալի հետևանքներ կարող են ունենալ տվյալ շրջանի, երկրի կամ տարածաշրջանի սոցիալ-մշակութային, ժողովրդագրական իրավիճակի վրա: Օրինակ՝ երկրաշարժի հետևանքով հանքարդյունաբերությունից մնացած պոչամբարի քայքայումը, անտառհատումների հետևանքով հողերի անապատացումը, արդյունաբերական քիմիական թափոնների տարածումը և այլն:

Հայաստանի համար բնապահպանական խնդիրներն ավելի վտանգավոր են, քանի որ անկախ Հայաստանի տարածքը փոքր է՝ մոտ 42 000 քկմ, և մի շրջանում պատահած էկոլոգիական աղետի ազդեցությունը կարող է տարածվել ողջ երկրի ու բնակչության վրա:

Քանի որ բնության պահպանությունը երկրի համար գերխնդիր է, Հայաստանի անկախացումը սկսվեց էկոլոգիական խնդիրների բարձրացումով: Սակայն 1980-ականների վերջերին սկիզբ առած էկոլոգիական շարժումներն աստիճանաբար ձեռք բերեցին քաղաքական շարժումների գործառույթներ: Պարադոքսալ է, բայց էկոլոգիական շարժումներով սկիզբ առած անկախացման գործընթացի ծնունդ Հայաստանում այդ խնդիրները ոչ թե պակասեցին, այլ բազմապատկվեցին: Իսկ անկախ Հայաստանում էկոլոգիական խնդիրներն ավելացան, որովհետև էկոլոգիական շարժումները միայն միջոց էին, ոչ թե նպատակ:

Քաղաքականացված բնապահպանական շարժումների հարցում Հայաստանը միակը չէ: Սկսած 1960-ականներից` ողջ աշխարհում բնապահպանական շարժումներն օգտագործվեցին տարբեր արդյունաբերողների, քաղաքական ուժերի միջև պայքարում, ինչի արդյունքում ստեղծվեցին ոլորտին վերաբերող բազմաթիվ կառավարական և միջազգային հանձնաժողովներ: Որոշ դեպքերում բնապահպանական շպարով քաղաքական պայքարն ավարտվում էր բնության համար դրական,  շատ դեպքերում էլ՝ բացասական հետևանքներով:

Բնապահպանական խնդիրները Հայաստանին արդեն անելանելիության են տանում: Մի կողմից` Հայաստանի տնտեսական ծանր իրավիճակն է, մյուս կողմից` հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսությունը, որը կարճաժամկետ հատվածում հնարավորություն է տալիս ջրի երեսին պահելու տնտեսությունը, բայց երկարաժամկետ հատվածում հանգեցնում է բնական ռեսուրսների սպառման, էկոհամակարգի քայքայման, բնապահպանական խնդիրների, որոնք ապագա Հայաստանի տնտեսական զարգացման հավանականությունը հավասարեցնում են զրոյի: Իսկ այդ «ապագա Հայաստանը» կարող է գալ արդեն մի քանի տարուց:

2000-ականների կեսերից Հայաստանում կրկին ակտիվացան համեմատաբար պասիվ վիճակում գտնվող բնապահպանական շարժումները: Ակտիվացան օբյեկտիվ պատճառներով: Սակայն, ինչպես կարելի էր կանխատեսել, քաղաքական որոշ ուժեր անտարբեր չեն բնապահպանական շարժումների գործունեության նկատմամբ, և արդեն լայն հանրության համար նկատելի փաստեր կան, որ բնապահպանական շարժումը Հայաստանում ստանում է քաղաքական ենթատեքստ: Բնապահպանական շարժումների քաղաքականացումը կարող է ակտիվանալ 2012-13 թվականներին սպասվող ընտրությունների համատեքստում:

Մնում է հուսալ, որ հայ բնապահպանների գոնե մի մասը չի քաղաքականացվի և կմնա հավատարիմ բնության պահպանության գերխնդրին. ևս մեկ քաղաքականացված բնապահպանական ակտիվություն Հայաստան պետությունն ու Հայաստանի բնությունը չեն կարող մարսել:

 

Վարդան Մուշեցի

Դիտվել է 1668 անգամ:
Print Friendly

Leave a Reply