Պահպանակ գնելն արդեն ամոթ չէ. սեքսոլոգը խորհուրդ է տալիս` ինչպես եւ ինչ պահպանակ օգտագործել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 26, 2009 19:07
img_60873

Պահպանակները հայտնի են մարդկությանը արդեն մոտ 400 տարի: Մեզ հասած ամենահին պահպանակը, որը գտել էին Շվեդիայի Լունդ քաղաքում, թվագրվում է 1640 թվականով: Որոշ տվայլների համաձայն՝պահպանակները կիրառվում էին նաև Հին Հռոմում և Հին Եգիպտոսում:

Երեւանի դեղատներում ասում են, որ իրենց վաճառքի 15-20 տոկոսը կազմում են պահպանակները, սակայն բժիշկները նշում են, որ ոչ բոլորն են կարողանում ճիշտ օգտագործել պահպանակները եւ խուսափել սեռավարակներից: Իսկ շատերն էլ դեռ պահպանակ չեն օգտագործում եւ այն մոլորության մեջ են, որ սեռավարակից կփրկի սեռական ակտի ընդհատումը:

Պահպանակները լայնորեն կիրառվում են ամբողջ աշխարհում, քանի որ դրանք ճիշտ օգտագործելու դեպքում` ամենավստահելի պաշտպանությունն են սեռավարակներից եւ անցանկալի հղիությունից:

Հղիությունից պաշտպանվելու համար, բացի պահպանակներից, կան շատ այլ կոնտրացեպցիայի մեթոդներ (դրանց մասին՝ «Անկախ»-ի հաջորդ համարում), բայց սեռավարակներից պաշտպանվելու միակ միջոցը մնում է պահպանակը:

«Շատերին, հատկապես երիտասարդներին, թվում է, որ եթե սեռական հարաբերությունն ավարտվում է արտահեշտոցային սերմնաժայթքմամբ, ապա կանխվում են թե’ հղիությունը, թե’ սեռավարակները, -ասում է բժիշկ սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանը, – այս թյուր կարծիքն այնքան է տարածված է մեր հասարակության մեջ, որ լինում են դեպքեր, որ պացիենտը գալիս է ու վստահաբար հայտարարում, որ ինքը խնդիր չունի սեռավարակների հետ կապված, որովհետեւ նա, ճիշտ է, պահպանակ չի օգտագործում, բայց սեռական հարաբերություն է ունենում հիմնականում «իր մեթոդով», ինչի տակ նկատի ունի ընդհատված սեռական ակտը»:

Բժիշկն ասում է, որ Հայաստանում հակաբեղմնավորիչ միջոցներից օգտվելու կուլտուրան դեռ կաղում է:

Նա պատմում է, որ իր պացիենտներից մեկը, տեսնելով անալիզների պատասխանները, չցանկացավ հավատալ, որ իր մոտ մի ամբողջ փունջ սեռավարակներ են հայտնաբերվել, քանի որ , նրա խոսքերով, ինքը միշտ պահպանակ է օգտագործել: Կարճատեւ խոսակցության ընթացքում բժիշկը պարզել է, որ երիտասարդը չգիտի պահպանակը ճիշտ օգտագործելու ձեւը:

Շահրամանյանը ասում է, որ մեր երկրում շատերը, իսկապես, չգիտեն, թե ինչպես պետք է օգտվել պահպանակներից, որպեսզի, իրոք, պաշտպանվեն: Նրանք թվում է, որ եթե կա պահպանակ, ապա նրանք ամեն ինչից պաշտպանված են եւ կարող են ոչինչի մասին չանհանգստանալ:

Պահպանակի օգտագործման հետ կապված ամենատարածված սխալները:

Մարդիկ շատ հաճախ ուշադրություն չեն դարձնում, թե ինչ պահպանակներ են գնում («Պահպանակը պահպանակ ա, էլի», – մտածում են շատերը), որտեղից են գնում, ինչպես են պահում մինչեւ օգտագործելը եւ ինչպես են օգտագործում:

Որտեղի՞ց գնել պահպանակ:

Եվրոպական երկրներում պահպանակները վաճառվում են գրեթե ամենուրեք, իսկ Հայաստանում այն կարելի է տեսնել միայն դեղատներում եւ SAS սուպերմարկետում: Պետք եղած ժամանակ պահպանակ ձեռք բերելու հնարավորությունը ցանկացած խանութում կամ կրպակում հնարավորություն է տալիս խուսափել առանց պաշտպանվելու սեռական ակտից:

Պահպանակների՝ աչքի առաջ լինելը միշտ հիշեցնում է մարդկանց, որ պետք է պաշտպանվել եւ մտածել սեռական առողջության մասին: Մյուս կողմից, մասնագետները խորհուրդ են տալիս գնել պահպանակներ միայն դեղատներից. «Պահպանակը պետք է գնել դեղատնում: Ինչու՞: Որովհետեւ դեղատանը պահպանակները, ինչպես դեղերը, պահվում են ավելի լավ պայմաններում, եւ դեղատանը, գոնե, հետեւում են պահպանակների պիտանելիության ժամկետին: Դեղագետը, եթե նա ունի համապատասխան կրթություն, կարող է անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալ», – ասում է սեքսոլոգ Շահրամանյանը:

Ի՞նչ պահպանակ ընտրել:

Կարեւոր է ուշադրություն դարձնել ոչ միայն պահպանակի պահպանման ժամկետին, այլեւ թե ինչ ֆիրմայի է եւ ինչի համար է նախատեսված:
«Պահպանակների ընտրությունը այսօր շատ շռայլ է եւ խայտաբղետ, – ասում է Շահրամանյանը: – Կան պահպանակներ, որոնք ունեն հատուկ բժշկական ցուցումներ եւ որոնք նշանակում են տարբեր սեռական խանգարումների ժամանակ: Եթե անձը չունի այդպիսի խանգարումներ եւ օգտագործում է նման պահպանակ, հետագայում կարող է ունենալ որոշակի խնդիրներ»:

Նաեւ լավ է ընտրել ավելի թանկը, բայց որակյալը, քան էժանը, որը կարող է շատ շուտ պատռվել եւ որի օգտագործումը կարող է նույնիսկ վտանգավոր եւ վնասակար լինել:

«Մի շարք էժանագին եւ կասկածելի ծագում ունեցող պահպանակների վրա կան չափազանց շատ քիմիական քսուքներ՝ տարբեր հոտավետ նյութերով, որոնք, որպես կանոն, ոչ թե հեշտացնում ու հաճելի են դարձնում սեռական ակտը, այլ ընդհակառակը՝ այդ քսուքների հաճախ օգտագործման հետեւանքով տղամարդու առնանդամի էրոգեն գոտիները կարող են կորցնել գրգռականությունը», – ասում է սեքսոլոգը:

Ըստ Շահրամանյանի, քսուքի քանակը պահպանակի վրա պետք է լինի չափավոր, որպեսզի այն դուրս չսահի սեռական ակտի ժամանակ: «Այդ ամենի մասին մտածում են միայն այն ընկերությունները, որոնք արտադրում են «ճիշտ» պահպանակներ: Այդ պատճառով շատ կարեւոր է օգտագործել միայն հայտնի ֆիրմաների պահպանակներ»:

Ինչպե՞ս ճիշտ չափս ընտրել:

Բժիշկ-սեքսոլոգն ասում է, որ պահպանակի ճիշտ չափսի ընտրությունը ոչ պակաս կարեւոր է, քան որակը եւ պահպանման ժամկետը: Եթե պահպանակը շատ փոքր է, ապա կա մեծ հավանականություն, որ այն կարող է պատռվել, նույնիսկ, եթե այն շատ լավ եւ վստահելի ֆիրմայի արտադրանք է: Եթե պահպանակը շատ մեծ է, ապա այն կարող է դուրս սահել սեռական ակտի ժամանակ:
Գինեկոլոգ Սուրեն Կանայանը պատմում է, որ իր մի քանի պացիենտ կանայք խնդրել են հեռացնել սեռական ակտից հետո իրենց ներսում մնացած պահպանակը:

Որտեղ եւ ինչքան ժամանակ պահել պահպանակները: Շատ երիտասարդներ, պահպանակը պահելով դրամապանակի մեջ կամ տաբատի գրպանում ճմռթում են այն, վնասում, հետո մտածում են, թե դրանով կպաշտպանվեն սեռավարակներից: «Պատկերացրեք, թե ժամանակի ընթացքում այդ «խեղճ ու կրակ» պահպանակը, գրպանում կամ դրամապանակում պրեսսինգի ենթարկվելով, ինչի է վերածվում, – ասում է սեքսոլոգ Շահրամանյանը, – Նրա վրա միկրոճաքեր են առաջանում, որոնց միջից որոշ սեռավարակներ կարող են անխոչընդոտ անցնել: Երբ պահը գալիս է, երիտասարդը ինքնավստահ օգտագործում է պահպանակը եւ մտածում, որ ամեն ինչից ապահովված է: Բայց այդպիսի պահպանակով նա կարող է հանգիստ վարակվել մի շարք սեռավարակներով»:

Ըստ սեքսոլոգի` պահպանակները ճիշտ է պահել ոչ շոգ տեղում` պահպանելով նրանց արեւի ճառագայթներից եւ ֆիզիկական վնասվածքներից:
Ինչպե՞ս օգտագործել: Գրեթե բոլոր որակյալ պահպանակների մեջ կա օգտագործման բացատրությունը: որհուրդ է տրվում ուշադիր կարդալ այն եւ հետեւել կանոններին:

Սեքսոլոգն ասում է, որ պահպանակի օգտագործման ամենատարածված սխալներից է` պահպանակը հագնելու ժամանակ նրա գլխիկի մեջ օդ թողնելը, որի հետեւանքով այն պատռվում է: Նաեւ հաճախ հանդիպող սխալ է պահպանակը կրկնակի օգտագործելը:
«Շատերը կարծում են, որ այլ պահպանակ չունենալու դեպքում մեկ անգամ օգտագործած պահպանակը կարելի է օգտագործել նորից: Բացարձակապես անհեթեթություն է: Պահպանակը կարելի է օգտագործել միայն մեկ անգամ, ինչից հետո այն պետք է փաթաթել եւ գցել աղբարկղի մեջ», – ասում է Շահրամանյանը:

Նա ասում է, որ հայ երիտասարդները հաճախ ամաչում են հարցեր տալ պահպանակների մասին եւ արագ նայում են ցուցափեղկին, եւ գնում հանդիպած առաջին պահպանակը` նույնիսկ առանց ժամկետը եւ չափսը պարզելու:

«Պատկերացրեք, որ գնում եք խանութ եւ ուզում եք գնել գուլպա եւ չեք նայում, թե ինչ գուլպա է, չափսը ձերն է թե ոչ, հաստ է, բարակ է® Նույնն էլ պահպանակն է: Պահպանակի ընտրությանը պետք է լրջորեն եւ անկաշկանդ մոտենալ»:

Սեքսոլոգ Շահրամանյանը ասում է, որ եթե մարդիկ դժվարանում են պահպանակ ընտրել կամ հարցեր ունեն դրանց օգտագործման վերաբերյալ, ապա ավելի լավ է դիմել սեքսոլոգի եւ ստանալ բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները, քան առաջնորդվել սխալ, անվստահելի աղբյուրներից ստացած ինֆորմացիայով: Ըստ Շահրամանյանի` վերջին տարիներին նման հարցերով իրեն դիմող մարդկանց թիվը զգալիորեն աճել է:

Այսուհանդերձ դեղատների տվյալներով` տարեցտարի աճում են պահպանակ գնողները:

Երեւանի դեղավաճառները պնդում են, որ պահպանակներ գնողների թիվը տարեցտարի աճում է:
Հինգ տարի դեղատներում աշխատող դեղավաճառ Նարինեն ասում է, որ իրականում շատ բան կախված է դեղատան վայրից. քաղաքի կենտրոնում գտնվող դեղատներից ավելի շատ են գնում պահպանակներ, քան ծայրամասերում: «Կոնկրետ մեր դեղատան առեւտրի մոտ 20%-ը կազմում են պահպանակները: Բայց դեղատներ կան, որտեղ օրվա ընթացքում մի անգամ մտնեն կամ չմտնեն», – ասում է անջյան փողոցի մոտակայքի դեղատան վաճառող Նարինեն:

Երեւանի ծայրամաս Չարբախում աշխատող դեղավաճառ Ինգան ասում է, որ իրենց դեղատունը նույնպես բավականին շատ է պահպանակ վաճառում (վաճառքի մոտ 15%-ը), սակայն գնորդները հիմնականում նախընտրում են ամենաէժան պահպանակները՝ մոտ 100-400 դրամանոցները:
Սովետական տարիներին, երբ սեռական կյանքի թեման փակ էր, շատերը ամաչում էին գնել դեղատանը վաճառվող միակ տեսակի պահպանակը: Ինգան ասում է, որ այժմ էլ հաճախորդներից շատերը ամաչում են եւ երբեմն` նայելով պահպանակներով ցուցափեղկին եւ կին-վաճառողին, կարմրում են եւ դուրս գալիս` առանց գնելու:

Սակայն կենտրոնում մարդիկ ավելի համարձակ են: Կենտրոնի դեղատների աշխատողներն ասում են, որ երիտասարդներն արդեն այդքան ամաչկոտ չեն: «Դա բոլորովին նորմալ երեւույթ է, – ասում է դեղավաճառ Նարինեն: – Հիմա մարդիկ սկսել են առաջվա համեմատ ավելի շատ հոգալ իրենց առողջության մասին»:

Ինգան ասում է որ պահպանակ են գնում նաեւ կանայք, որոնց մեծ մասը «տան կանայք» են. «Նրանք ավելի քիչ են ամաչում, քան տղամարդիկ»:
Իսկ անջյանի մեկ այլ դեղատան վաճառող Դավիթը ասում է, որ իրենց մոտ կանայք հազվադեպ են պահպանակ գնում «Ամաչում են, մանավանդ, երբ տեսնում են տղամարդ վաճառող` առանց որեւէ բան ասելու, դուրս են գալիս»:

Պահպանակների տեսականին դեղատնից դեղատուն տարբերվում է: Ծայրամասերում ավելի շատ են էժանագինները, որոնց արտադրողների մասին, գրեթե, ոչինչ հայտնի չէ: Կենտրոնական դեղատներում նույն էժանագին եւ անորակի կողքին կան հայտնի ֆիրմաների պահպանակներ: Դեղավաճառներն ասում են, որ հաճախորդների մեծ մասը նախընտրում է միջին գնի (մոտ 500 դրամի), բայց որակյալ պահպանակներ:

Մաշտոցի պողոտայի դեղատներից մեկի դեղավաճառ Աստղիկը ասում է, որ ամենաշատ վաճառվում են որակյալ համարվող գերմանական “Sico” եւ անգլիական «Durex» ֆիրմաների պահպանակները: Ասիական երկրներում արտադրված պահպանակները, նրա խոսքերով, շատ անորակ են. կենտրոնի դեղատներում նման պահպանակներ գրեթե չեն գնում: Աստղիկը նշեց, որ հաճախորդները երբեմն խորհուրդ են հարցնում իրենցից, թե որ պահպանակը ինչպիսին է եւ ինչ առանձնահատկություններ ունի: «Մարդիկ կարիք ունեն այս մասին խոսելու, որովհետեւ այս ոլորտում տեղեկատվության պակաս կա», – ասում է Աստղիկը:

Կան դեղատներ, որտեղ դեղավաճառը համբերատար եւ սիրալիր պատասխանում է բոլոր հարցերին: Սակայն որոշ դեղատներում հանդիպում են այնպիսիք, որոնք կոպտում են հաճախորդին եւ ամաչացնում պահպանակ գնել: Օրինակ` Մանումենտի մի դեղատանը, երբ «Անկախ»-ի թղթակիցը փորձեց ինչ-որ հարց տալ, աշխատողը նետեց ցուցափեղկում եղած պահպանակները սեղանին ու, ասաց. «Վերցրեք եւ ինքներդ նայեք» ու քաշվեց մի կողմ:

«Մեկ-մեկ պատահում ա, որ հարցնում ես, ունե՞ն էսինչ ֆիրմայի պրեզերվատիվ, վախեցած պատասխանում են` ինչ կա՝ սեղանին դրած ա, իրանք էլ վրոդե լրիվ անտեղյակ են: Անդուր ա, էլի», – պատմեց մի երիտասարդ, որը չցանկացավ իր անունը հրապարակել:

Դիտվել է 12524 անգամ:
Print Friendly

Leave a Reply