Երկաթուղայինները հաջողությամբ կատարեցին մաքրման աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 13, 2012 17:12

Հայաստանում տիրող անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով՝ անցյալ շաբաթվա վերջում բավական դժվար իրավիճակ էր ստեղծվել Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածում:

Երկարատև ձնից հետո նշված հատվածում առաջացան մոտ 6-մետրանոց ձնակույտեր, իսկ ուժեղ քամին դժվարացնում էր մաքրման աշխատանքները: Ջաջուռ-Մայիսյան հատվածն առանձնանում է նաև բավական դժվար ռելիեֆային պայմաններով. երկաթուղային գծերն անցնում են սարերի մոտակայքով:

Ձյան պատճառով նշված հատվածը դարձել էր անանցանելի և փակված էր գնացքների համար: Արդյունքում, փետրվարի 10-ին և 12-ին դադարեցված էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Թբիլիսի միջազգային գնացքների երթևեկությունը:
Այս օրերի ընթացքում տարվում էին երկաթուղային գծերի մաքրման աշխատանքներ, որոնցում ներգրավված էին ՀԿԵ ու ՀՀ ԱԻՆ աշխատակիցները  և հատուկ տեխնիկան: Հստակ կազմակերպված աշխատանքի շնորհիվ Ջաջուռ-Մայիսյան հատվածը բացվեց արդեն 47 ժամ անց:

Հատուկ օգնություն երկաթուղայիններին ցուցադրեցին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, որոնց շնորհիվ ձնից ազատվեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի հատուկ տեխնիկան:
Ամբողջ գիշերվա ընթացքում անցնում էին «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարության հատուկ խորհրդակցությունները` գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի նախագահությամբ:

Մաքրման աշխատանքները երկաթուղիում շարունակվում էին՝ չնայած ծանր եղանակային պայմաններին: Հարկ է նշել Վանաձոր և Գյումրի ուղեմասերի, Գյումրի ԳԿՄ և վերականգնողական գնացքի աշխատակիցների մասնակցությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply