Ի՞նչ կստանա Հայաստանի տնտեսությունը. Թուրքիայի սահմանը բաց

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | September 26, 2009 19:50
margara-closed-border-11

Փակ սահման. Մարգարայի կամուրջը, որը Թուրքիա տանող ճանապարհն է:

Ինչպես կուսակցություններն են հակամարտության մեջ` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, այնպես էլ տնտեսագետներն են բանավիճում, թե Հայաստանին ձեռնտո՞ւ է Թուրքիայի հետ սահմանի բացումը, թե` ոչ:

Իսկ պետությունը որ-է հաշվարկ չի ներկայացնում սահմանի բացման օգուտների ու վնասների վերաբերյալ:

Տնտեսագետ, «7 օր» էլեկտրոնային պարբերականի խմբագիր Անդրանիկ Թեւանյանն ասում է, որ ինքը կողմ է սահմանի բացմանը, եթե այն Ղարաբաղի հետ որեւէ առընչություն չունենա, սակայն տնտեսության վրա դրա ազդեցության հաշվարկը պետության գործառույթն է. «Այսօր այդպիսի հաշվարկ դեռ գոյություն չունի, թող կառավարությունը ներկայացնի այդ հաշվարկը, հետո կարելի կլինի այդ մասին խոսել»:

Իշխող` Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասում է, որ հայկական տնտեսությունը սահմանի բացումից միայն կշահի. «Միայն կույրը կարող է չտեսնել, թե որքան կշահի մեր տնտեսությունը. կունենանք արտահանման 17 եւ ներմուծման 13 տոկոս աճ»:

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության` առաջին կիսամյակի տվյալներով, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունում ներմուծումը կազմում է մոտ 480մլն դոլար, որից Թուրքիայի մասը կազմում է 62մլն դոլար, կամ` 13 տոկոսը: Թուրքիա արտահանումը կազմել է 460 հազար դոլար:

«Սահմանը բացելուց եւ առեւտրատնտեսական պայմանագիր կնքելուց հետո, Հայաստանը հնարավորություն կունենա վերահսկել Թուրքիայից ներմուծվող ապրանքային հոսքը եւ կանոնակարգել այն, – ասում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Թորոս Թորոսյանը, – քանի որ Թուրքիայի հետ մենք այժմ փաստացի առեւտուր ունենք»:
«Հիմա, եթե փաստացի առեւտուր կա, ու այն պետականորեն չի կարգավորվում. դա լա՞վ է, թե՞ վատ, – հարցնում է տնտեսագետը, – պարզ է, որ վատ է»:

Այվազյանն ասում է, որ խնդիրներ կլինեն մաքսատուրքերի հետ, սակայն միջկառավարական հանձնաժողովները պետք է լուծումներ գտնեն դրա համար: «Եթե Թուրքիան բարձր մաքսատուրք կիրառի մեր ապրանքների համար, մենք էլ կդիմենք այդ քայլին, – ասում է Այվազյանը, – մենք թույլ չենք եւ պատրաստ ենք` հավասարը հավասարի սկզբունքով, հարաբերվել մեր հարեւանի հետ»:

Հայ արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասում է, որ Թուրքիայի հետ շփման փորձ Հայաստանը դեռ չունի. «Սովետի ժամանակ ինքնուրույն չենք եղել»:

Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ 1993թ.: Հայաստանի տնտեսությունը հայտնվելով շրջափակման մեջ եւ չունենալավ բնական ռեսուրսներ, բազմաոլորտ զարգացում ապրեց: Իսկ 2001-2007թթ. հայկական տնտեսությունում արձանագրվեց երկնիշ շարունակական տնտեսական աճ եւ, միայն 2008թ, երբ վերջին եռամսյակում արդեն նկատելի դարձավ միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցութունը, դիտվեց միանիշ՝ 6.8 տոկոս ՀՆԱ աճ:

Աժ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` սահմանի բացման դեպքում տեղական արտադրողը կտուժի: «Թուրքիայի ընկերությունների գերակշիռ մեծամասնությունն աշխատում է օտարերկրյա կապիտալով, որի հետ հայկական արտադրողը չի կարող մրցել, – ասում է նա, – մանավանդ` այսօր, Հայաստանում ներմուծումը մոտ 7 անգամ գերազանցում է արտահանմանը»:
Մանասերյանը կարծում է, որ տեղական արտադրությունը կտուժի բոլոր ոլորտներում, թերեւս, բացի` էլեկտրաէներգիայի արտադրությունից: «Միայն այս ոլորտում Հայաստանի տնտեսությունը կարող է շահել, ընդ որում, միգուցե այնքան, որ հնարավոր է փոխհատուցի մնացած ոլորտներում կրած վնասները, – ասում է նա, – որովհետեւ Թուրքիան էլէներգիայի մեծ դեֆիցիտ ունի, որն ամեն տարի 15 տոկոսով աճում է: Իսկ Հայաստանը տարածաշրջանում միակ էներգիա արտադրող երկիրն է»:

Մանասերյանն ասում է, որ սահմանը բացվելու դեպքում, Թուրքիայից ներմուծված ապրանքերի գները կիջնեն, ու եթե սպառողն այսօր դեռ գնում է տեղական արտադրանք, որովհետեւ, գնային առումով, այն մրցակցում է ներմուծվածի հետ, էժանանալու դեպքում նա կգերադասի դրսից բերվածը:
Հաշվարկների համաձայն` սահմանի բացումից հետո ներմուծվող ապրանքի տրանսպորտային ծախսերը մոտ 20-25 տոկոսով կնվազեն:

Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ՍՊԸ տնօրեն Գագիկ Աղաջանյանն ասում է, որ Վրաստանի տարածքով եւ Թուրքիայից եւ այլ երկրներից ներմուծված ապրանքների վրա տրանզիտային ոչ մի գումար չի պահվում:

«Երբ խոսում ենք տրանսպորտային ծախսերի նվազման մասին, – ասում է Աղաջանյանը, – խոսքը վերաբերվում է միայն տրանսպորտային միավորի փոփոխությանը»:
Ամենաթանկ տրանսպորտային փոխադրամիջոցն ավիափոխադրումն է, այնուհետեւ` մեքենափոխադրումը: Ամենաէժանը համարվում է ծովային, այնուհետեւ` երկաթուղային փոխադրումը:

«Թուրքիայից Հայաստան եկող գնացքի մեկ վագոնի ծախսը նույնքան է, որքան մեկ բեռնատար մեքենայինը, – ասում է Աղաջանյանը, – թեպետ այդ նույն մեկ վագոնն ունի 45, իսկ բեռնատար մեքենան` 20 տոննա տարողություն»:

Թորոսյանի կարծիքով, թեպետ տրանսպորտային ծախսերի կրճատումը կբերի ապրանքի էժանացման, բայց, կնքված պայմանագրի շրջանակներում, կարելի է դրա գինը կարգավորել` բարձրացնելով մաքսատուրքը ու այդպիսով չթողնել, որ տեղական արտադրողը դրանից տուժի: «Բացի դրանից, սահմանի բացման դեպքում շուկայական ազատ մրցակցությունը կուժեղանա, – ասում է Թորոսյանը, – բա, ես էլ երկիր եմ, ես էլ պիտի մրցակցեմ ու դրանով զարգանամ: Իսկ մաքսատուրքերով բյուջես կլցնեմ, Բոսֆոր- Դարդանելով էլ դուրս կգամ Հունաստան ու նոր շուկաներ»: getattachment1

Հայ արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասում է, որ եթե թուրքերն ուզենան` հենց այսօր էլ 100 մեքենայի փոխարեն` Հայաստան 500 մեքենա կգա: «Բացի դրանից, տեղական արտադրողներից շատերն իրենց հումքը ներկրում են Թուրքիայից, – ասում է Ղազարյանը, – սահմանը բացվելու դեպքում `դա էլ կէժանանա ու մրցակցությանը դիմակայելն ավելի հեշտ կլինի: Չեմ կարծում, որ մեր տնտեսությունում կոլապս լինի»:

Ղազարյանն ասում է, որ մեր արտադրողներն այսօր էլ մրցունակ արտադրանք ունեն ամենատարբեր ոլորտներում. «Հենց այս վերջին 6 ամսում մեր հայկական գործարարները սկսեցին հայկական լիմոնադ վաճառել Վրաստանում `իրենց հանրահայտ լիմոնադի կողքին. տարան ու մրցակցեցին»:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասում է, որ սահմանակից հայկական պատմական տարածքներում կենսամակարդակը Հայաստանից ավելի ցածր է: «Տարբերությունը տարբեր վայրերում տարբեր է, – ասում է Մելքոնյանը, – օրինակ Սասունում այն ավելի ակնհայտ է զգացվում` մոտ 4 անգամ, իսկ Իգդիրում` մոտ 2 անգամ»:

Հայ փորձագետներն այդ շրջաններում զարգացման ու համգործակցության մեծ եզրեր են տեսնում: Մելքոնյանն ասում է, որ Կարսի տարբեր ժամանակների նահանգապետերը հայտարարում են, որ միշտ էլ կողմ են սահմանի բացմանը, որովհետեւ տնտեսական աճի մեծ հնարավորություն են տեսնում: Հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված` քննարկումների ընթացքում, բոլորովին վերջերս այդ մասին կրկին հայտարարել է Կարսի նահանգապետ Նեւզաթ Բուլքուլը:

Թորոսյանն ասում է, որ փակ սահմաններով, նոր անկախ Հայաստանն իր գոյատեւման ընթացքում ունեցել է ավելի մեծ տնտեսական նվաճումներ, քան հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք երկուսն էլ դեպի ծով ելք ունեն, իսկ Ադրբեջանը նաեւ` նավթ:
Վրաստանի բյուջեի 30-40 տոկոսը հավաքվում է տարանցիկ անցագրային գումարներից. միայն տարածքով անցնող նավթամուղից, Վրաստանը տարեկան ստանում է 100մլն. ԱՄՆ դոլար: Իսկ Ադրբեջանի բյուջեի մոտ 80 տոկոսը գոյանում է նավթի վաճառքից, եւ նրանց տնտեսությունը միաոլորտ է:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասում է, որ նավթամուղը քաղաքական ազդեցություն ունի, եւ Ադրբեջանն ու Վրաստանը այդ նավթամուղի գերին են դարձել. «Նրանք չեն կարողանում իրականացնել իրենց քաղաքական նպատակները, որովհետեւ միջազգային ուժերը շահագրգռված են այդ տարածաշրջանի կայունությամբ, որպեսզի նավթի արտահանման հետ կապված խնդիրներ չլինեն»:

Մինասյանն ասում է, որ Հայաստանը` գտնվելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ջանում է նստել միանգամից մի քանի աթոռների. Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, ԵՄ, ի տարբերություն հարեւան Վրաստանի ուԱդրբեջանի, որոնք իրականացնում են միաբեւեռ քաղաքականություն: «Դա իհարկե լավ պայմաններից չի, որ Հայաստանն իրականացնում է բազմավեկտոր քաղաքականություն, – ասում է Մինասյանը, -բայց դրանից Հայաստանը տարբեր աղբյուրներից վարկեր է ստանում` ՀԲ, ԱՄՀ, ԱՄՆ, ՌԴ, որոնք ուղղվում են տնտեսություն»:

Ռուս-վրացական պատերազմից ու հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանը տարանցիկ երկիր կդառնա, որի շնորհիվ բյուջեն կաճի, կենսամակարդակը կբարձրանա եւ ավելի հեշտությամբ կդիմագրավի հակամարտող Ադրբեջանի մարտահրավերներին:

Դիտվել է 3564 անգամ:
Print Friendly

Leave a Reply