Ֆրանսիայում հայ ընտանիքը ցրտին գիշերում է փողոցում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 13, 2012 10:47

Ֆրանսիայի Կրեմլեն Բիսետե  քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչներն ու աշակերտների ծնողները փետրվարի 10-ին, «Կրթություն առանց սահմանների» ցանցի հետ համագործակցաբար, ստիպված են եղել վրան խփել դպրոցի շենքի առջեւ` դպրոցի երկու աշակերտներին` հայազգի Դավիթին եւ շրիլանկացի մի երեխայի ապաստան տալու համար: Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական «Mediapart» պարբերականը, չունենալով ապաստանի իրավունք, այդ երեխաներն ու նրանց ընտանիքները նեկայումս դարձել են առանց կոնկրետ բնակության վայր ունեցողներ:

11-ամյա Դավիթն ու նրա ծնողները` տեր եւ տիկին Հաչրյանները Ֆրանսիայում են արդեն երկու տարի: Ապաստանի տրամադրման հայտ ներկայացնելով եւ համոզիչ փաստարկների բացակայության պատճառով մերժում ստանալով, այս հայ ընտանիքն ապրում է առանց փաստթղթերի, առանց տանիքի, հնարավորություն չունենալով պաշտոնական օգնություն ստանալ: Ընթացակարգերի համաձայն`  ծնողները չունեն աշխատանքի եւ բնակության վայրի իրավունք, եւ ընտանիքն անցած տարի հունիսին վտարվել է  ապաստան հայցողների համար նախատեսված կենտրոնից: Ամեն գիշեր նրանք զանգահարում են սոցիալական շտապօգնություն ծառայություն` հույս ունենալով գիշերելու տեղ ստանալ: Երբեմն նրանք գնում են երկու ժամ` մինչեւ իրենց համար նախատեսված վայր, որը միշտ լինում է տարբեր տեղերում: Երբեմն էլ տեղ չի լինում, եւ նրանք քնում են փողոցում:

Այդուհանդերձ, առավոտյան Դավիթը ժամանակին հաճախում է  դպրոց. դա միակ վայրն է, որտեղ նա եւս այնպիսի տղա է, ինչպես մյուսները: Սակայն նույնիսկ սոցիալական շտապօգնության ծառայությունն իր սահմանափակումներն ունի. յուրաքանչյուր ընտանիք կարող է միայն որոշակի քանակությամբ գիշերելու տեղ ստանալ, եւ դրանք հասել են  սահմանին: Նրանց զգուշացրել են, որ օր օրի կարող են արդեն մերժում ստանալ:

Պարբերականը դատապարտում է նման քաղաքականությունը. «Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կհարցնեն  Հաչրյան ընտանիքին` «Եթե պայմանները ձեզ չեն գոհացնում` ինչո՞ւ չեք վերադառնում Հայաստան»: Հենց այդպիսին է այն միջոցառումների պաշտոնական տրամաբանությունը, որն արգելում է ապաստան փնտրողներին աշխատել, իսկ մերժվածներին` բնակվելու տեղ ունենալ»:

News.am

 

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply