Աթենքում թալանվել է 150 խանութ, հրդեհվել 40 շենք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2012 9:03

Հունաստանի մայրաքաղաքի կենտրոնում ներկայումս այրվում է 40 շենք, այդ թվում` խանութներ, բանկեր, սրճարաններ և այլ օբյեկտներ:

Հունական ԶԼՄ-ները հայտնում են 150 խանութի թալանման մասին: Հրդեհը դեռևս շարունակվում է Աթենքի կենտրոնական փողոցներում գտնվող «Մարֆին»  բանկի և «Եվրաբանկի» շենքերում:  Հրդեհի օջախներ կան  Առևտրի բանկի, Փոստային խնայողական բանկի բաժանմունքներում, որտեղ գտնվում են «Ալֆա բանկը» , 2 խանութ ու լոմբարդ:

Լրիվ այրվել է «Ատիկոն» պատմական կինոթատրոնը, որը տեղակայված էր 1870-ականներին կառուցված շենքում: Իրավապահ մարմինների տեղեկացմամբ  հրդեհը տարածվում է, չնայած օրինազանցների ու ոստիկանության միջև բախումը կարծես ավարտվել է: Ներկայումս անկարգությունների մասնակիցները  խմբերի են բաժանվել ու քաղաքի ծայրամասերում  շարունակում են հարձակումներն օրինապահների վրա:

70 մարդ հիվանդանոց է տեղափոխվել` հիմնականում շնչուղիների խնդիրներով: Մի ոստիկան էլ գանգուղեղային վնասվածք է ստացել:

Ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են նաև Սալոնիկում, Վոլոսում, Ագրինինոյում,Քորֆու և Կրետե կղզիներում:

Սալոնիկում բախումները սկսվեցին    Հունաստանի և ԵՄ-ի ու ԱՄՀ-ի վարկային նոր համաձայնության  դեմ բողոքի ցույցերից  ու երթերից հետո: Համաձայնությունը  նախատեսում է կոշտ տնտեսության իրականացում` 130 մլրդ դոլար ֆինանսական աջակցության դիմաց: Օրենքն ընդունելու համար քվեարկել է 278 ներկա պատգամավորներից 199, դեմ է եղել 74-ը, 5-ը` ձեռնպահ:

 

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply