Երեւանում կկազմակերպվի արգենտինական գրականության շաբաթ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 11, 2012 14:57

Արգենտինացի 12 գրողներ ընթացիկ տարում Հայաստան կայցելեն եւ կմասնակցեն «Գրական տապան. 10 տարի անց» մշակութային ծրագրին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Երեւանում կկազմակերպվի նաեւ արգենտինական գրականության շաբաթ, ինչպես նաեւ «Հայկական հետքը Արգենտինայում» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդես: Նման միջոցառումների անցկացման պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՀՀ-ում Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Րիկառդո Անդրես Վինյոլոյի հանդիպման ժամանակ: Նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է զրուցակցին, որ ապրիլի 21-23-ը Երեւանում կայանալիք «Երեւանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների մասնակցության հրավերներ են փոխանցվել Բուենոս Այրեսի քաղաքի մշակույթի նախարար Էրնան Լոմբարդիին, Բուենոս Այրեսի մշակույթի փոխքարտուղար Ժոզեֆինա Դելգադոյին, Բուենոս Այրեսի գրքի եւ ընթերցանության խթանման գլխավոր տնօրեն Ալեխանդրա Ռամիրեսին եւ գրքի մայրաքաղաքի հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսիանա Բլասկոյին: Զրուցակիցները խոսել են նաեւ ապրիլի 21-23-ը Երեւանում կայանալիք «Երեւանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների մեկնարկի` Բուենոս-Այրեսի Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը Երեւանին պաշտոնապես փոխանցելու ձեւաչափի ուղղությամբ: Նախարարն ավելացրել է, որ տիտղոսի փոխանցման արարողությունը չունի իր նախադեպը, եւ այն կարող է նոր ձեւավորվող ավանդույթի հիմք հանդիսանալ:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply