Պատկառելի Արա Դեղտրիկյան. «Դժբախտ երջանկության» Վարդանն անվերադարձ լքում է անբախտ Աննային

Շաբաթվա լուր | | September 26, 2009 18:43

Dekhtrikyan«Ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ, եւ կարծում եմ «Դժբախտ երջանկություն» սերիալը շուտով նույնպես կգա իր տրամաբանական ավարտին: Ես այլեւս չեմ ուզում աշխատել այդ սերիալում: Ինձ որպես ստեղծագործող պետք է հետաքրքրի աշխատանքը», – ասում է Վարդանի դերակատար Արա Դեղտրիկյանը:

Դերասանին հանդիպեցի ճաշակով վերանորոգված իր բնակարանում, որը գտնվում է «Դերասանի» հայտնի շենքում` Մաշտոցի պողոտայի վրա: «Այս շենքում երկար տարիներ ապրել են մեծ դերասաններ` Վաղարշյան, Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, ես շատ ուրախ եմ, որ, պատահաբար, այնպես եղավ, որ հենց այստեղ բնակարան գնեցինք, ցավոք, այսօր` բացի ինձնից, ուրիշ դերասան չկա «Դերասանի» անունը կրող շենքում»:

Արայի լուսավոր բնակարանը զարդարում են նրա լուսանկարները` տարբեր դերերում, նաեւ ընտանիքի հետ` կնոջ եւ աղջկա: Երկու կանայք դերասանի կյանքի ամենակարեւոր տեղն են գրավում: Աղջիկը` 22-ամյա Մանանը, սովորում է Եվրոպական համալսարանում, հայրիկի գործը շարունակել նրան թույլ չեն տվել: «Տնից մեկը պետք է դերասան լինի», –ասել է Արան: Հարցազրույցի ժամանակ Մանանը ջանասիրությամբ փորձում էր հիշեցնել 25 տարի թատրոնում խաղացած հոր դերերը, նաեւ մեծ հոգատարությամբ անհանգստանում. «Պապ ջան, մեջքդ չի՞սառեցնի կոնդիցիոները, անջատե՞մ»:

Արան վիսկի է սիրում, ձեռքին թզբեհ, չի սիրում լուսանկարվել, փոխարենը շատ է սիրում խոհանոցում մսային ճաշեր պատրաստել. «Երեկ տավարի սուկի էի փուռը դրել»: «Համե՞ղ էր եղել»: «Ընտանիքիս անդամները հայտնեցին իրենց գոհունակությունը», – ծիծաղում է Արան, իսկ Մանանը ավելացնում է, որ աննման էր:

Արդյո՞ք խոհանոցը ամբողջովին չի կորչում ձեթի, տոմատի մածուկի, կեղտոտ ամանների մեջ, նրա ճաշ պատրաստելուց հետո: Մանանը հավատացնում է` ոչ: «Մեզ մոտ հիմնականում պատրաստում է կինսշատ համեղ», – նշում է դերասանը:

Արայի կինը` Կարինե Աճեմյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է: Նա էլ Արայի պես ավարտել է Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը, սակայն ի տարբերություն Արայի, ով ամբողջ կյանքում` բացի թատրոնից, ուրիշ ոչնչով չի զբաղվել, Կարինեն դերասան չի աշխատել, նախընտրել է` ղեկավարել: «Կնոջս հետ ինստիտուտում եմ ծանոթացել, արդեն 23 տարի ամուսնացած ենք, իմ թեւ ու թիկունքն է կինս, ամեն հարց մենք իրար հետ քննարկում ենք, իմ դերերի մասին էլ ենք անպայման խոսում, բանավիճում: Մենք իրար կես բառից հասկանում ենք»: Արան պատմում է, որ կինն է երկար փնտրտուքից հետո գտել ու գնել այս բնակարանը. «Հյուրախաղերի էի արտերկրում, երբ տուն վերադարձա, տեսա մեր բնակարանը վերանորոգված է»:Dekhtrikyan

2007-ին ՀՀ Մշակույթի նախարարության «Արտիստ» հանրապետական թատերական փառատոնին Չեխովի «Արջը» եւ «Առաջարկություն» բեմադրությունների մեջ Լոմով եւ Սմիրնով դերակատարումների համար Դեղտրիկյանն արժանացել է մրցանակի լավագույն դերակատարման համար: Իսկ 2003-ին արժանացել է ամենամյա «Արտավազդ» մրցանակին` լավագույն դերասան, Վեբերի «Ընթիք հիմարի հետ» ներկայացման մեջ` Պինիոնի դերակատարման համար:

Քսանհինգ տարիների ընթացքում դերասանը տարբեր թատրոններ է փոխել: Այսօր նա ոչ մի թատրոնում չի աշխատում. «Անկախ դերասան եմ. ես եմ որոշում, թե որտեղ եմ ուզում խաղալ: Իմ պատկերացրած, իմ երազած թատրոնը գոյություն չունի, այդ պատճառով որոշումս` այսպիսին է»:

Այժմ Արան խաղում է Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ, որտեղ նրա միմիական, պլաստիկ շարժուձեւը, հնչեղ, գեղեցիկ տեմբրն այնպիսի տպավորություն է թողնում, որ հանդիսատեսը ծիծաղում ու հիանում է: Ներկայացման հանդիսատես Տիգրան Համբարձումյանն ասում է. «Եթե առաջին վարկյանին «Դժբախտ երջանկությունից» հիշում ես ու ճանաչում Վարդանին, ապա մի վարկյան անց արդեն լրիվ մոռանում ես ու ծանոթանում կոմունիստ Լենդրուշի հետ: Անկեղծ ասած, այս ներկայացման մեջ բոլորը գոռում էին, ես դա չեմ սիրում, մենակ Լենդրուշն էր, որ ծիծաղեցնելու համար ձայնը չէր բարձրացնում»:

img_5728

Այժմ Արան Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ, որտեղ նրա միմիական, պլաստիկ շարժուձևը, հնչեղ, տեմբրն այնպիսի տպավորություն է թողնում, որ հանդիսատեսը ծիծաղում ու հիանում է:

Արան չի նեղսրտում, որ 25 տարի բեմում խաղալուց հետո, իրեն շատերը միայն սերիալից են սկսել ճանաչել. «Հեռուստատեսությունը լայն մասսաների համար է, դա բնական է, այդպես էլ պիտի լիներ: Բայց լինում են դեպքեր, երբ փողոցում մոտենում են, ես մտածում եմ, որ սերիալից պետք է խոսեն, բայց թատրոնի դերերս են հիշում:

Միքայել Պողոսյանի հետ «Բարի գալուստ» ներկայացումն են հիշում, այդտեղ պարսկահայ էի խաղում: Իմիջայլոց շատերը չէին հավատում, որ պարսկահայ չեմ»: Այս ներկայացումից հետո մի պարսկահայ կին է մոտեցել Արային եւ հարցրել, թե Պարսկաստանի որ քաղաքից է. «Որ քաղաքի անունը տվեց, ասեցի չէ, տիկին ջան ես Երեւանցի եմ, միեւնույնն է այդ կինն այդպես էլ չհավատաց»: «Բարի գալուստ» ներկայացումը շարունակվում է «Welcome Papa» ֆիլմով, այն նկարահանվել է Ամերիկայում, որի շնորհանդեսը կկայանա մոտ օրերս: Շուտով մեծ էկրանին կլինի մեկ այլ ֆիլմ եւս, որտեղ նկարահանվել է Արան` ռեժիսորներ Նարինե Մկրտչյանի, Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը», այստեղ դերասանը կերտել է Արմեն Ջիգարխանյանի կերպարի ավագ որդու դերը:

Իսկ վերջերս էլ դերասանն ընդունել է Սունդուկյանի անվան թատրոնում Մակբեթի դերը խաղալու հրավերը:

Արան ինստիտուտի իր դասախոսին հիշելիս, օգտագործում էր «պատկառելի» բառը, որը մի տեսակ խորթ ու հին էր` ականջի համար, երեւի այն պարզ պատճառով, որ ներկայումս մարդու մասին խոսելիս, ավելի հաճախ կարելի է օգտագործելռաբիզ, գեղեցիկ, հանդուրժող, սեքսուալ, անտանելի…»: Պատկառելի անձինք, ցավոք, մեր իրականության մեջ քիչ են մնացել: Խոսելով` Արայի մասին, կարելի է եւ տեղին է ասել հենց այս բառը` պատկառելի:

Դիտվել է 4851 անգամ:
Print Friendly

Leave a Reply