Վրաստանում հայկական սուրճի պահանջարկը գրեթե անկում է ապրել վատ որակի պատճառով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 11, 2012 13:43

Վրաստանում հայկական սուրճի պահանջարկը գրեթե անկում է ապրել: Այս մասին հաղորդում է վրացական Commersant.ge կայքը` վկայակոչելով սուրճի ներկրմամբ զբաղվող վրացական մի քանի ընկերությունների տվյալները:

Կայքի թղթակցի հետ զրույցում ընկերությունների ներկայացուցիչները հայտնել են, որ պատճառը սուրճի վատ որակն է ու գինը:

«Չարոզի» ընկերության ներկայացուցիչները, օրինակ, հայտնել են, որ վրացի սպառողները վաղուց արդեն հայկական սուրճ չեն գնում և նախապատվությունը եվրոպական արտադրության սուրճին են տալիս:

«Հայկական սուրճը վաճառվում է փաթեթավորված և որևէ մեկը չգիտի` ինչ կա ներսում»,-նշել են նրանք:

Իսկ ահա «Թեմի» ընկերության հիմնադիր Թեմուր Միքելաձեն հայկական արտադրողներին մեղադրել է սուրճի մեջ սիսեռ օգտագործելու մեջ ( նա նշել է, որ արտադրողները նման քայլի դիմում են, քանի որ դա 30 տոկոսով նվազեցնում է սուրճի գինը):

Հավելենք միայն, որ վերջերս վրացական Kazbegi Coffee ընկերության (որը հանդիսանում է նաև հայտնի Kazbegi գարեջրագործական ընկերության սեփականատերը) տնօրեն Վայա Բուրդուլին վրացական The FinaINANCIAL պարբերականի հետ զրույցում հայ ներկրողներին մեղադրել էր վրացական շուկան մենաշնորհելու մեջ:

«Ամբողջ փողն ու եկամուտը գնում է Հայաստան: Վրացական շուկա մտնելուց հետո նրանք գրավել են ամբողջ շուկան և այլ ընկերությունների զրկել մրցելու հավասար հնարավորություններից»,- ասել էր նա:

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության` 2009 թվականից հետո Հայաստանից ներկրվող փաթեթավորված սուրճի ծավալը կրճատվել է` 679.2 տոննա 2011թ.` 2009թ. 1,184.3 տոննայի դիմաց:

 

Tert.am

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply