Դուբայ-Երեւան չվերթն իրականացնող օդանավը Էրբիլից հետ է վերադարձել Դուբայ, այն Երեւանում կլինի այսօր երեկոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2012 12:26

«Ֆլայ Դուբայ» ավիաընկերությանը պատկանող, Դուբայ-Երեւան չվերթն իրականացնող օդանավի անձնակազմը, որը որոշել էր վայրէջք կատարել Իրաքի Էրբիլ քաղաքի օդանավակայանում` Հայաստանում վատ եղանակային պայմանների պատճառով, հետ է վերադարձել Դուբայ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության տնօրեն Վաչիկ Սարգսյանը:

«Օդանավն Իրաքի Էրբիլ քաղաքում տեղխնիկական վայրեջք էր կատարել, որպեսզի վառելիքի լիցքավորում իրականացնի եւ սպասի եղանակի բարելավմանը: Բայց այն պահին, երբ արդեն վերջնական հարցումը եղել էր եւ հաստատվել, որ Երեւանում եղանակային  պայմանները բավարար չեն անվտանգության տեսակետից, որոշում կայացվեց օդանավը հետ տանել Դուբայ»,- տեղեկացրեց Վաչիկ Սարգսյանը եւ ավելացրեց, որ այսօր ժամը 5-ի սահմաններում ինքնաթիռը ուղեւորներով արդեն Դուբայում էր:

Նա հավատացրեց, որ ավիաընկերությունն այնտեղ ուղեւորների հարցերով զբաղվում է եւ յուրաքանչյուր 4 ժամը մեկ տրամադրվում է սնունդ եւ տեղեկատվություն: Այսինքն` ավիաընկերության աշխատողներն աշխատում են ուղեւորների հետ կապված ցանկացած խնդիր լուծելու համար:

Ինչ վերաբերում է դեպի Երեւան թռիչքին, Սարգսյանն ասաց. «Ավիաընկերության անվտանգությունից եւ թռիչքային վարքից ելնելով վերադարձի ժամն արդեն նշված է. երեկոյան 19.35-ին ինքնաթիռն արդեն վայրեջք կկատարի Երեւանում, իսկ ժամը 20.20-ին էլ կմեկնի Երեւանից»:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը տեղեկացրել էր, որ «Ֆլայ Դուբայ» ավիաընկերությանը պատկանող, Դուբայ-Երեւան չվերթն իրականացնող օդանավի անձնակազմը որոշել էր վայրէջք կատարել Իրաքի Էրբիլ քաղաքի օդանավակայանում` Հայաստանում վատ եղանակային պայմանների պատճառով: Նա նշել էր, որ օդանավի անձնակազմը նման որոշում էր կայացրել նախքան թռիչքի մեկնարկը: Դուբայ-Երեւան չվերթի օդանավը շուտով վայրէջք կկատարի, որից հետո, անձնակազմը կորոշի իր հետագա քայլերը: Միաժամանակ, Չերչինյանը դժվարացավ ասել, թե օդանավը կոնկրետ, երբ վայրէջք կկատարի կամ գուցե արդեն կատարել է եւ որտեղ են գիշերելու ուղեւորները: Միաժամանակ նկատելով, որ ներկա պահին «Զվարթնոց» օդանավակայանը գործում է եւ այնտեղ անընդհատ թռիչքուղին ձյունից մաքրելու աշխատանքներ են իրականացվում: Հարկ է նկատել, արդեն մի քանի օր է, որ Հայաստանի եւ մասնավորապես Երեւանի տարածքում ձյուն է տեղում, որը կշարունակվի մինչեւ փետրվարի 11-ի գիշերը: Ավելի վաղ «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրել էր թռիչքները` կապված եղանակային պայմանների հետ, սակայն հետագայում օդանավակայանի աշխատանքը վերականգնվեց:

 

News.am

 

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply