Ֆրանսիացի պատգամավոր. Մեր պատասխանատվությունն է նորից չսպանել ցեղասպանության զոհերին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 11, 2012 12:21

Սարսելի (Վալ – դ`Ուազ, Ֆրանսիա) սոցիալիստ պատգամավոր – քաղաքապետ Ֆրանսուա Պյուպոնին տարածել է հաղորդագրություն` ափսոսանք հայտնելով, որ որոշ սենատորներ եւ պատգամավորներ Ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքի դեմ դիմում են ներկայացրել Սահմանադրական խուրհուրդ: Քաղաքապետը օրինագծի ընդունումն արդարացնող չորս պատճառ է ներկայացրել:

«Nouvelles d`Arménie»-ն հրապարակել է Ֆրանսուա Պյուպոնի հայտարարությունը, որում ասվում է.

«Ես խորապես ափսոսում եմ, որ 77 սենատորներ եւ 65 պատգամավորներ որոշել են օրենքով ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագիծը փոխանցել Սահմանադրական խորհրդին:

Հիշեցնելով իմ կողմնակցությունը 5-րդ Հանրապետության Սահմանադրությանը եւ, մասնավորապես, 61 հոդվածին, որը 1974 թվականից թույլ է տալիս 60 պատգամավորներին կամ սենատորներին օրենքները փոխանցել Սահմանադրական խորհրդին` ես ափսոսում եմ, որ ընդունվել է իրավաբանական եւ քաղաքական կցկտուր հիմնավորումներով դիմում: Այդ կապակցությամբ ես ուղղակի հիշեցնում եմ տվյալ օրինագծի ընդունումը արդարացնող չորս հիմնական պատճառները.

1. Հանուն բազմաթիվ զոհերի` ավելի քան մեկ միլիոն սպանված տղամարդկանց, կանանց եւ երեխաների, որպեսզի նրանք հանգչեն խաղաղությամբ: Մեր պատասխանատվությունն է չսպանել նրանց նորից:

2. Հանուն նրանց ընտանիքների, որպեսզի մեր տարածքում ամբողջովին մեր հանրապետությանը ինտեգրացված նրանց հետնորդները կարողանան, վերջապես, ողբալ արժանապատվորեն:

3. Հանուն այն բանի, որ վերացվի անարդարությունը եւ մեր օրենսդրությունը համապատասախանեցվի 1990 թվականի Գեյսոյի օրենքի եւ մեր եվրոպական պարտավորությունների` Եվրամիության 2008թ. նոյեմբերի 28-ի Շրջանական որոշման հետ, որն ընդունվել է Եվրամիության Պայմանագրի 6-րդ բաժնի (Ռասիզմի եւ այլատյացության որոշակի ձեւերի դեմ պայքարի շրջանակային որոշում) համապատասխան:

4. Հանուն քաղաքականության եւ հանրապետության պատվի, հետեւաբար, հանուն պարտականությունների, որոնք մենք ստանձնել ենք հայ համայնքի առջեւ»:

Հայտարարության վերջում ֆրանսիացի պատգամավորը հույս է հայտնում, որ Սահմանադրական խորհուրդը կլինի անաչառ:

«Հուսով եմ` շահագրգիռ կողմերը ճնշում չեն գործադրի Սահմանադրական խորհդրի իմաստունների վրա, խոչընդոտ չեն ստեղծի, իսկ նրանք սահմանադրականությունը կքննեն հանգստության եւ անաչառության պայմաններում»:

 

News.am

 

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply