«Իշխող քաղաքական ուժը իրականության մեջ ուժ չէ». Վահան Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 10, 2012 15:33

Արդեն ութ տարի էր, ինչ ՀՅԴ խմբակցության կողմից առաջարկված “թիկնազորային ծառայության մասին օրենքը” շրջանառության մեջ էր դրված, և իրար փոխարինող կառավարությունները և մեծամասնությունները մերժում էին այս օրենքը, իսկ հիմա օրենքը համահեղինակներ ունի, ի դեմս ՀՀԿ-ի, և այն անցավ: Այս մասին այսօր` ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա հիշեց, որ այդ օրինագծի պատմությունը սկսվեց դեռևս 2000-ականներից, երբ այն ժամանակվա ՀՅԴ խմբակցությունը հայտարարել, որ ձևը, թե ինչպես է համալրվում թիկնազորային ծառայությունը Հայաստանում` հատկապես օլիգարխների շուրջ, անընդունելի է, որ դա ուղղակի հանցագործություն է և լուրջ քաղաքական վտանգներ է իր մեջ պարունակում:

“Ամենից կարևորն անցած քառօրյայի ընթացքում եղավ այն, որ տարիներ շարունակ տանջված, չարչրկված` “թիկնազորային ծառայության մասին” օրենքի վերջնական քվեարկությունն էր: Խոսքը “Մասնավոր պահնորդական ծառայության մասին” օրենքի մասին է` այժմ դրա անվանում այդպես է, և անունի փոփոխությունը հնարավորություն է տալիս իշխանությանը հաղթական ռելացիաներով հանդես գալ տարբեր լրատվամիջոցներից` ողջունելով օրենքի ընդունման փաստը, ոգևորված հայտարարություններ անելով, թե ինչպես է նրանց հաջողվել կոտրել անօրինականությունների մեջքը և այլն”,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նա կարևորեց, որ կառավարությունը ժամանակ խնդրեց, որ կարգեր սահմանվեն, թե ինչպես են մասնավոր պահնորդական ծառայության մեջ ընդգրկվող մարդիկ ներգրավվելու, ուսուցում ստանալու և այլն հարցեր:

Անդրադառնալով այլ պատգամավորների կողմից իրենց գործընկերների փոխարեն քվեարկելու հարցին և երեկ` “Ժառանգություն” խմբակցության կողմից այդ երևույթին արձագանքելուն և առաջացած վեճին`Վահան Հովհաննիսյանը նշեց`”Սա առաջին դեպքը չէ, եղել են էլ ավելի ուժեղ վայրագություններ: Սա նշանակում է, որ իշխող քաղաքական ուժը իրականության մեջ ուժ չէ և ո’չ համոզելու, ո’չ էլ իր ասածը որպես ճշմարտություն տեղ հասցնելու ունակություն ունի այլևս: Փաստորեն նույնիսկ սեփական ֆրակցիայի քվեարկությունը կազմակերպել չի կարողանում: Դրա ավելի վառ օրինակը եղավ մի քանի օր առաջ, երբ կոալիցիոն ֆրակցիաներից մեկը լքեց նիստերի դահլիճը, և աբսոլյուտ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն չկարողացավ օրենք անցկացնել: Սա նոր երևույթ չէ, բայց փորձել հաղթահարել սեփական անզորությունը 10 մարդու փոխարեն կոճակ սեղմելով, բնութագրում է ոչ միայն կոնկրետ սեղմողներին ու նրանց ֆրակցիան, այլ սա ամբողջ քաղաքական համակարգի մասին է խոսում”:

 

 

Դիտվել է 7272 անգամ:
Print Friendly

Leave a Reply