ԲՀԿ-ն նույնպես դեմ է այլոց փոխարեն քվեարկելուն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Գևորգ Ավչյան | February 10, 2012 14:13
Ազգային Ժողովում այսօր ավարտվեցին քառօրյա նիստերը, և մի կարևոր ` “կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին” օրենքի նախագծի քվեարկությունը տապալվեց ԲՀԿ խմբակցության շնորհիվ: ԲՀԿ-ականները բոյկոտել էին այս օրինագծի անցկացումը:
“Մենք չքվեարկեցինք, և համապատասխան ձայն չհավաքելով, որոշումը չընդունվեց: Այսինքն` մենք քննարկեցինք մեր խմբակցությունում, և եկանք այն եզրակացության, որ, այո’, նախագիծն անհրաժեշտ է, որ օրենք դառնա, բայց այս պահին ժամանակավրեպ է”,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանայնը:
Անդրադառնալով միջադեպին, որի ժամանակ ՀՀԿ խմբակցությունից որոշ պատգամավորներ քվեարկել էին իրենց գործընկերների փոխարեն` նա նշեց, որ մի քանի անգամ զգուշացվել է, որ ուրիշի տեղ չքվեարկեն, բայց, փաստորեն, քվեարկեցին:
“Քվորում, իրոք, կար: Կային մասնակից 67 պատգամավորներ: Ուղղակի պետք չէր այդպիսի սցենարը, որ սարքվեց, և անհարմար է, որ հիմա պատգամավորները չեն մասնակցում, և իրենց տեղը որոշները փորձում են քվեարկել: Այս քարտային սիստեմը, ոնց որ թե իրեն նույնպես չի արդարացնում: Մենք դատապարտում ենք և ասում ենք, որ բոլորը պետք է գան և քվեարկեն իրենց փոխարեն: Բայց երեկվա դեպքի հետ կապված` այդ շոուն, սցենարները, վեճն ու վիճաբանությունը, անիմաստ էին”,- ասաց ԱԺ փոխնախագահը:
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս հարցի առիթով ասաց, որ իր համար նույնպես, առնվազն տարօրինակ է, որ մեկ օր առաջ քվեարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն անելու օգտին, ինչը ենթադրում է էթիկայի հանձնաժողովի ստեղծում, ուր սևով սպիտակի վրա գրված է, որ յուրաքանչյուր պատգամավոր պետք է քվեարկի իր փոխարեն, բայց մեր խորհրդարանում տեղի են ունենում նման դեպքեր` “Ես, իհարկե, չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է արդարացնել և ասել, որ նման գործելաոճը ընդունելի և կիրառելի է”,- նշեց նա:
Իսկ թե ինչու նիստը վարող Սամվել Բալասանյանը վեճի առիթ դարձած օրինագիծը չդրեց վերաքվեարկության, երբ տեսնում էր, որ մարդիկ ուրիշների տեղն են քվեարկում, Աժ փոխնախագահը նշեց` “Ձեզ ասեմ, որ երբ քվեարկում են, կամ մենք ասում ենք, որ գումարում ենք ևս երկուհոգու, երբ այդ ժամանակ քվեարկություն չի կայացել, ուրեմն այդպես էլ ֆիքսվում է: Դրա համար մենք երկու համաձայնագրեր նորից վերաքվեարկեցինք:






Facebook
Tweet This
Email This Post
