“Ժառանգությունը” հետևողական է լինելու իր հայտարարությունների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 10, 2012 17:13

“Ժառանգություն” կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս հայտարարություններին և կառավարության հետ հարց ու պատասխանին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներին հայտնեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ հայտարարությունները` փոքր բացառություններով, մնում են անարձագանք, կամ արձագանքում են միայն այն դեպքում, երբ մի որևէ իշխանավորի անուն է նշվում, կամ նրա գործունեությունը ուղղակի քննադատվում է: Մնացած պատասխանների որակը, թե’ գրավոր, թե’ բանավոր, շարունակում է կառավարության քարացած դիրքորոշումը, որ իրենք ամեն ինչում ճիշտ են, իսկ մնացածը սխալ:

“Մենք լինելու ենք վերին աստիճանի հետևողական, այդ հարցում, և բոլոր դեպքերում 4-րդ գումարման Ազգային Ժողովում աշխատելու ենք մինչև վերջ լինել պատասխանատու մեր իսկ հարցումների և հայտարարությունների համար”,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Իսկ Ազգային Ժողովում երեկ` “Արտակարգ դրության ռեժիմի մասին” օրինագծի քվեարկության ժամանակ առաջացած վեճին արձագանքելով` “Ժառանգություն” խմբակցության քարտուղարը նշեց, որ ինքը պահանջել է, որպեսզի հաշվիչ հանձնաժողովը գար ու գործի անցներ, որովհետև դա է այսպիսի հարցի միակ միջոցը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում: Հիշեցնենք, որ վերոհիշյալ օրինագծի քննարկման ժամանակ` փետրվարի 9-ին, Հանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ քվեարկել էին այլ` նիստից բացակայող պատգամավորի տեղը, որպեսզի օրինագիծն անցնի:

 

 

 

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply