Թող ՊԵԿ-ը հանի կալանքը, որ աշխատավարձ ստանանք. պահանջում են աշխատակիցները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 10, 2012 16:53


Այսoր առավոտվանից  Սարո Հարթունյանին պատկանող “Ջի Էյջ Սթորիջ էնթերփրայզս” ՍՊ ընկերության բոլոր աշխատակիցները հավաքվել էին  ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի շենքում` պահանջելով վերացնել ընկերության հաշիվների վրա դրված կալանքը:

Հիշեցնենք, որ  2012 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննիչ Ռաֆայել Մկրտչյանը կայացրել է սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանին պատկանող “Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս” ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարների վրա կալանք դնելու որոշում` արգելելով հաշիվներից գումարի կանխկիացումը, կանխիկ կամ փոխանցմամբ ելքագրումը:

Արդյունքում ընկերությունը չի կարողանում վճարումներ կատարել,  հարկերը վճարել,   աշխատավարձերը վճարել եւ այլն: Այսինքն ընկերությունը վերը նշված կալանքի պատճառով  շատ լուրջ վնասներ է կրում:

Դրանից տուժում են ոչ միայն Հարթունյանները, այլեւ ընկերությունում աշխատող անձինք, ովքեր մինչեւ հիմա աշխատավարձ չեն ստացել:

“Ով կարող է ապրել առանց փողի: Ինչ անենք, մնացել ենք առանց աշխատավարձերի, մեր ընտանիքներն էլ մեզ են  նայում”,-բողոքում է ընկերության աշխատակիցներից Մուշեղ  Եսայանը:

Երկար սպասումից հետո, վերջապես, ՊԵԿ պաշտոնյաներն ընկերության  աշխատակիցներին ընդունեցին. “Մեզ հետ հանդիպեց քննչական բաժնի վարիչ Սարիկյանը : Նա ասաց. “Մենք կապ չունենք աշխատավարձերը չստանալու հետ: Եթե մինչ 2012 թվականն ստացել եք, ուրեմն դրանից հետո էլ պետք է ստանաք”,-հանդիպման մասին պատմում են աշխատակիցները:

Սակայն հարց է առաջանում` ինչպես կարող է ընկերությունն աշխատավարձերը վճարել, եթե վերջինիս հաշիվների վրա կալանք է դրված:

“Ես գնում եմ բանկ` աշխատավարձ փոխանցելու, որտեղ ինձ ասում են. “Քանի որ ՊԵԿ քննիչը  ձեր հաշիվների վրա եւս կալանք է դրել, ընդ որում անսահմանափակ կալանք, դուք չեք կարող գումար փոխանցել: Կալանք է դրված նաեւ ընկերության   անշարջ գույքի վրա, ինչի արժեքը տասն անգամ ավելին է, քան ընկերության վրա գրված 111 մլն դրամի ակտը”,-ասում է “Ջի Էյջ Սթորիջ էնթերփրայզս” ՍՊ ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը:

Ընկերությունը կարողացել է վճարել աշխատավարձերը, քանի որ ընկերության բանկային հաշիվների վրա կալանք դնելու մասին որոշումը քննիչ Ռաֆայել Մկրտչյանը կայացրել է այս տարվա հունվարի 30-ին:

Սա նշանակում է, որ կիրառված արգելանքները չեն բխում օրենքի պահանջներից եւ չեն ծառայում օրենքով հետապնդող նպատակի, որոշումն ապօրինի է եւ խախտում է ընկերության` ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված ու երաշխավորված իրավունքները:

“Ուզում են ճնշել ինձ եւ շանտաժի միջոցով տիրանան մեր ընտանիքի ունեցվածքին: Սրանով ուզում են, որ ընկերությունը սնանկության գնա, ու մենք համաձայնվենք գործարքի գնալ”,-համոզված է  Նարեկ Հարթունյանը:

 

 

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply