Սպանության մեջ մեղադրվողը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 10, 2012 16:26

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2012թ. փետրվարի 8-ի որոշմամբ չի բավարարել Վռամ Բաղդասարյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը եւ ուժի մեջ է թողել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011թ. նոյեմբերի 16-ի դատավճիռը:

Դատարանը հիմնավորված է համարել թվով 5 անձանց կողմից խուլիգանություն կատարելու, իսկ մեկի` Վ. Բաղդասարյանի կողմից նաեւ սպանություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք կրելու համար առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել ազատազրկման:

Մասնավորապես`  դատավճռի համաձայն` Վ. Բաղդասարյանը 2010թ. մայիսի 12-ին վիճաբանել  է  Խ.Մկրտչյանի ընկերոջ` Դ. Սանդալջյանի հետ, ով հաշվեհարդար տեսնելու դիտավորությամբ սպառնացել է Վ. Բաղդասարյանին եւ բացահայտ հայտնել.  «Դու մեռար»:  Այնուհետեւ Դ. Սանդալջյանը  դիմել է իր եղբորը` Հ. Սանդալջյանին եւ իր ընկեր  Խ. Մկրտչյանին, որպեսզի նրանք  հաշվեհարդար տեսնեն Վ. Բաղդասարյանի հետ:

Սկսված վիճաբանությունը շարունակելու նպատակով նույն օրը` ժամը 22:30-ի սահմաններում, իր ընկերների` Պ. Գրիգորյանի, Ա. Ահարոնյանի,  Հ. Հակոբյանի հետ Վ. Բաղդասարյանը Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 17-րդ եւ 19-րդ շենքերի մոտ հանդիպել է Խ. Մկրտչյանին եւ վերջինիս ընկերներ Հ. Սանդալջյանին եւ Ա. Փոխարյանին:  Սկսվել է վիճաբանություն, ծեծկռտուք:

Վիճաբանության ընթացքում Վ. Բաղդասարյանն  օգտագործել է ապօրինի կերպով ձեռք բերված, պահված եւ կրած, հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության  «ՊՄ» տեսակի ատրճանակ, որով էլ կրակոցներ է արձակել Խ. Մկրտչյանի ուղղությամբ: Արդյունքում` Խ. Մկրտչյանը կոնքի շրջանում ստացել է հրազենային, գնդակային, թափանցող, կույր վնասվածք եւ մահացել:

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011թ. նոյեմբերի 16-ի դատավճռով Վ. Բաղդասարյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասերով եւ դատապարտել ազատազրկման` 14 տարի ժամկետով,

Ա. Ահարոնյանը, Ա. Փոխարյանը եւ Հ. Սանդալջյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով,

Պ. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկետով, սակայն ՀՀ Ազգային Ժողովի` 2011թ. մայիսի 26-ի «Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին»  որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ նա ազատվել է պատժի կրումից,

Դ. Սանդալջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: Սակայն ՀՀ Ազգային Ժողովի` 2011թ. մայիսի 26-ի «Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին»  որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ նա ազատվել է պատժի կրումից:

 

 

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply