Վալերի -Աշխեն Գործունյան. « Մտքովս էլ չէր անցնում, որ իմ հայրենիքում կարող են խաբել ինձ »

Հարցազրույց | | February 11, 2012 13:00

ՎալերիԱշխեն Գործունյանի պես հաճելի զրուցակցի հաճախ չես հանդիպի: Մենք նրա հետ բավական ծավալուն հարցազրույց ունեցել ենք անցած տարի, որը հիմնականում վերաբերում էր նրա անձնական կյանքին: Այս անգամ մեր զրույցն ավելի շատ վերաբերում է «Փարիզյան սուրճ» ընկերությանը: Լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը նրա հեռանալու մասին անակնկալ չէր: Նա գրեթե երկու տասնամյակ ապրեց Երևանում, իսկ հիմա բնակվում է հարազատ Փարիզում: Մենք փորձեցինք զրուցել նրա հետ ու իմանալ ավելին

Տիկին Աշխեն, բավական երկար ժամանակ կամուկացի մեջ էիք՝ գնա՞լ Հայաստանից, թե ոչԻ վերջո, որոշեցիք գնալ: Ինչո՞ւ:

– Ուզում ես օբյեկտի՞վ պատասխանեմ, իրո՞ք քեզ հետաքրքրում է, թե ինչու…

Այո, եթե կարելի է

– Գիտես, որովհետև հասկացա, որ ուղղակի անհնարին է աշխատել Հայաստանում: Ես հայրենասեր մարդ եմ ու շատ բաների համար գուցե զղջում եմ, բայց այլ տարբերակ չկար: Եթե Հայաստանում օլիգարխ կամ ինչ-որ մեկի սիրուհին չլինես, պարզապես չես կարող առաջ գնալ: Ես Հայաստան եկա ոչ թե բիզնես անելու, շահույթ ստանալու, այլ հայության պայքարի շարունակության համար, հայ մնալու համար: Իմ մտքում մի ռոմանտիկ մոտեցում կար, որ ընդգծված սփյուռքահայի մոտեցում էր: Ես պայքարող սփյուռքահայերից եմ, որոնք միշտ շատ ակտիվ պայքարել են հայության համար: Բայց պայքարելու համար էլ ուժ չունեմ, հոգնել եմ արդեն: Երբ իմ լավ ընկերը` Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը, մահացավ, որոշեցի գալ Հայաստան ու ոչ միայն մարդասիրական աջակցություն ցույց տալ, այլև բարի կամքի գործեր անել: Բայց ամեն ինչ կարծես դատապարտվեց անհաջողության: Հայաստանում ես միշտ ներդրել եմ ու ոչինչ չեմ աշխատել: Ես իմ պատմությամբ կարող եմ փաստել, որ այսքան տարիների ընթացքում «Փարիզյան սուրճ» ընկերությունը շահույթ չի ունեցել:

Ավելի քան 17 տարի մնացիք Հայաստանում ու 17 տարի զբաղվեցիք գործարարությամբ: Եթե հետադարձ հայացք նետեք, ի՞նչ գնահատական կտաք:

– 17 տարին, կարծում եմ, բավական երկար ժամանակահատված է արած-չարածդ գնահատելու համար: Սկզբնական շրջանում մտքովս էլ չէր անցնում, որ իմ հայրենիքում կարող են խաբել ինձ: Բայց հերիք էր մի քանի դեպք, որ հասկանայի՝ ախր, շատ միամիտ եմ: Վերջին հինգ տարիների ընթացքում անդադար պայքարում էի. հուսահատված էի, բայց ներքին հավատ կար, որ ամեն ինչ լավ է լինելու, ուղղակի ժամանակի հարց է: Տարիներն անցան, ու ամեն ինչ գնալով էլ ավելի բարդացավ: Ցավոք, այսօր Հայաստանում տնտեսական լավատեսություն չեմ նկատում: Վստահ եմ, որ Հայաստանում չի կարելի ներդրում անել: Պարոն վարչապետը հաճախ կրկնում է, որ «Օրանժ» կա, մեծ ընկերություններ կան, որոնք ներդրում են կատարում, բայց նրանք շատ ավելի հարուստ են, նրանց փողերը կարծես ավելի ապահով են… Ինչ վերաբերում է փոքր ու միջին բիզնեսին, ապա այս օղակները շատ թույլ են: Մարդիկ, հույսները կտրած, գնում են Հայաստանից, ժողովուրդը սոված է, հիմնական մասը գոյատևում է դրսի փողերով: Տնտեսությունն այսքանից հետո նորմալ վիճակում լինել չի կարող: Սփյուռքն էլ, ի վերջո, հասկացել է, որ շատ բան պետք է փոխվի: Գիտես, այսօր սփյուռքն էլ հուսահատված է: Միայն Աշխենը չէ, վստահ եմ՝ շատերը կան: Ուղղակի ես մեկն եմ այդ հարյուրավոր ձախողակներից: Ֆրանսիայում մեր համայնքը ինձ շատ լավ ճանաչում է ու գիտի, որ ես մեծ հայրենասեր եմ: Երբեմն-երբեմն շատ եմ նյարդայնանում, այնքան, որ անգամ Հայաստան անունը լսել չեմ ցանկանում: Դա շատ սիրելուց է երևի, չգիտեմ: Ուղղակի Հայաստանում ամեն ինչ արեցին, որ ես թողնեմ ու գնամ:

Տիկին Աշխեն, դուք Հայաստանի Հանրապետության բոլոր երեք նախագահների ժամանակ էլ աշխատել եք, ո՞ր շրջանը կհամարեք ավելի արդյունավետ:

– Այո, այդ բոլոր տարիներին ես Հայաստանում գործարարությամբ եմ զվաղվել: Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ ֆրանսիական ընկերության դուստր ձեռնարկությունը բացեցի Հայաստանում ու լուրջ ներդրումներ արեցի: Հինգ տարի հարկ չվճարեցի, քանի որ սկզբունքն էր այդպես. սփյուռքահայերին թույլատրում էին ներդրումներ անել ու կայանալ: Ամեն դեպքում, դրվածքն էր այսպես, սա նախագահի հետ գուցե կապ չունի: Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ընկերությունը ես չէի ղեկավարում, այդ պատասխանատու գործը վստահել էի ամուսնուս: Նա էր ղեկավարում: Ինչքան հասկացա, ինչ-որ «կրիշ» կար, որ նրան թևութիկունք էր… 2007-ին բաժանվեցի նրանից ու «Փարիզյան սուրճի» միանձնյա ղեկավարը ես էի: Սկսվեց հարկային բեռը: Հաշվապահներն ասացին. «Տիկին Աշխեն, մենք ամեն ինչ կհարթենք, խնդիրներ չեն լինի»: Բայց օր օրի, պակասելու փոխարեն, խնդիրներն ավելանում էին: Փաստորեն նրանք ոչինչ էլ չարեցին: Ես հիմա եմ զարմանում, թե ինչքան նմանություններ կան իմ և «Նարեկացի» մշակութային կենտրոնի տնօրենի ձախողումներում. երկուսիս էլ սպասարկում էր նույն հաշվապահական ընկերությունը: Ի վերջո, ինձ պարտադրվեց վճարել 80 միլիոն: Ստիպված վաճառեցի գործարանի բաժնետոմսերի կեսը՝ 50%-ը, որպեսզի կարողանամ փակել այդ գումարը:

Կարծում եք՝ «Փարիզյան սուրճը» վաճառելը միա՞կ տարբերակն էր:

– Այս որոշումն ընդունելուց առաջ, ես շատ երկար եմ մտածել: Հասկանում ես, կյանքս եմ դրել այս գործում, ու ինձ համար շատ դժվար է հիմա: Շատ մեծ հոգեկան տագնապ ապրեցի այն ժամանակ, երբ հասկացա, որ էլ իմ լավ ընկերները սրճարան չեն գալու, հաճախորդներին ամեն օր կամ հաճախ չեմ տեսնելու: «Փարիզյան սուրճը» շատ-շատերի համար հարազատ վայր էր դարձել: Հաճախորդներն էլ արդեն մեկը մյուսին ճանաչում էին, կարծես օտար մարդ չկար: Փաստորեն, միակ տարբերակը, այո, սա էր: Համոզվեցի, որ վաճառելը լավագույն տարբերակն է, բայց հասարակությունը պետք է իմանար, թե ինչու եմ վաճառում: Ես որոշեցի պատմել բոլորին այս մասին, ու տեսաք` ինչ աղմուկ բարձրացավ:

Հասարակությանը հետաքրքրում է նաև այն, թե ով է «Փարիզյան սուրճ» ընկերության նոր սեփականատերը:

– Գնորդը խնդրեց ինձ մի բան, որ չբացահայտեմ իր անունը: Բայց պետք է ասեմ, որ լավ մարդ է, համենայն դեպս, ինձ այդպես է թվում: Պայմանավորվածության համաձայն` նա չի փոխի «Փարիզյան սուրճի» ոգին: Ամեն ինչ նույն ձևով կշարունակվի, բայց արդեն առանց ինձ: Մի բան պետք է վստահ ասեմ, որ գնորդը օլիգարխ չէ: Նույնիսկ ասաց, որ ուրախ կլինի ինձ հաճախ Հայաստանում տեսնել: Նա երկրորդ հարկում ինձ համար հատուկ սենյակ է առանձնացրել, որ մի փոքր անկյուն ունենամ Հայաստանում: Գործարանն էլ գնեց այն մարդը, որը գնել էր բաժնետոմսերի կեսը:

– «Փարիզյան սուրճի» աղմուկի հետ հիմնականում կարծես վարչապետ Տիգրան Սարգսյանն էր կապված, չէ՞:

– Ես պարզապես լրագրողներին պատմեցի, որ 80 մլն պարտքի ակտ է եկել: Նամակ գրեցի պարոն վարչապետին, որ թույլ տա մաս-մաս վճարել պարտքը, քանի որ ամեն օր այդ գումարն ավելանում էր 0.15%-ով: Դա էր ամբողջ խնդիրը: Ես մինչև հիմա էլ սպասում եմ պարոն Տիգրան Սարգսյանի հետադարձ նամակին:

Իսկ Ֆրանսիայում հիմա ինչո՞վ եք զբաղված:

– Ֆրանսիայում՝ ավելի կոնկրետ՝ Փարիզում հիմա ուղղակի հանգստանում եմ, երևի շատ էի հոգնել: Մի լավ, ռոմանտիկ ծրագիր ունեմ, որ ցանկանում եմ շուտով իրականացնել: Ի դեպ, դու առաջին մարդն ես, որին ասում եմ այս մասին: Ծրագրում եմ Փարիզում բացել «le cafe’ d’Arme’nie» (հայկական սուրճ) անվանումով հայկական սրճարան: Այն նման կլինի երևանյան սրճարանին, բայց կտարբերվի. Փարիզում նկատելի կլինի հայկական ոճը:

Մեծ, լուրջ գործ է: Սրճարանի վայրը դեռ հստակ չեմ ընտրել, փնտրտուքների մեջ եմ: Բայց քանի որ բնավորությունս լավ գիտեմ, կարելի է ենթադրել, որ սրճարանի բացումը կլինի 6 ամսից ոչ շուտ: Ի դեպ, կարող ես հյուրընկալվել:

Եթե մինչև ամառ հասցնեք ավարտել աշխատանքները, սիրով: Ի դեպ, իսկ ձեզ ե՞րբ կարելի է հանդիպել երևանյան փողոցներում

– Օ, լա, լա… Չգիտեմ: Առանց Հայաստանի ապրել ոնց որ չի ստացվում: Մի տեսակ կարոտում եմ: Մի քանի փաստաթղթեր կան, որ պարտադիր պետք է ստորագրեմ, իսկ դա հեռու ապագայում լինել չի կարող: Այդ իսկ պատճառով մեկ ամսից գուցեև հանդիպենք երևանյան փողոցներում:

Շնորհակալություն հարցազրույցի համար:

– Ինչ հետաքրքիր է. նույնիսկ Փարիզում քեզ հաջողվեց հարցազրույց անել: Կհանդիպենք Երևանում: Հարցազրույցը կարդացողներին հաճելի ընթերցում եմ մաղթում:

Զրուցեց

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

/strongտարի/strong

Դիտվել է 3474 անգամ:
Print Friendly

Leave a Reply