«Արանքը ճղելը»` սևեռուն գաղափար
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | February 14, 2012 7:00
Եվրոպայում փակվել է ֆուտբոլային տրանսֆերային պատուհանը, իսկ դա նշանակում է, որ ավարտվել է խաղացողների տեղափոխությունների ժամանակը: Շատ էր խոսվում այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը կարող են հայտնվել Անգլիայի առաջնության մասնակից տարբեր ակումբներում, սակայն նման բան տեղի չունեցավ: Մխիթարյանը և Մովսիսյանը շարունակում են նախապատրաստվել Դոնեցկի «Շախտյորի» և Կրասնոդարի համանուն թիմի կազմերում:
Մեր հավաքականի ֆուտբոլիստներից բրազիլացի Մարկոս Պիզելին Դոնեցկի «Մետալուրգից» տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան»: Հայաստանի ընտրանու մյուս ֆուտբոլիստների բախտն այս առումով չբերեց: Թերես բացառություն կա: Բոլորի համար անսպասելի է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտնվեց իր նախկին թիմի` Մոսկվայի «Դինամոյի» կազմում: Ռոմանը մերձմոսկովյան «Խիմկի» ակումբ էր տեղափոխվել հենց «Դինամոյից», որի պատիվը պաշտպանել էր 2002-2005-ին: Գուցե այդ է պատճառը, որ թեև մեր ֆուտբոլիստի կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը «Խիմկիի» ղեկավարության հետ չի ավարտվել, սակայն նրան ընդառաջել են և թույլ տվել, որ տեղափոխվի Ռուսաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող այդ ակումբ:
37-ամյա ֆուտբոլիստը աշխատանքային 1,5 տարվա պայմանագիր է կնքել: Ի դեպ, Բերեզովսկին Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 294 հանդիպման է մասնակցել և ամենաբարձր ցուցանիշն ունի Ռուսաստանի դարպասապահների մեջ: Այնպես որ, նա կարող է բարելավել իր ռեկորդը: Գլխավորն այն է, որ Բերեզովսկին, խաղալով ուժեղագույնների մրցաշարում, լավ մարզավիճակ ձեռք բերի, իսկ դա կարևոր է Հայաստանի հավաքականի համար, որը 2012-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում հանդիպումներ է անցկացնելու:
Իսկ հայկական ֆուտբոլում այժմ հարաբերական անդորր է: Թիմերը նախապատրաստվում են նոր մրցաշրջանին` Հայաստանի կիսատ մնացած գավաթի խաղարկությանը և առաջնությանը: Ամեն ակումբ իր հնարավորությունների սահմաններում է քայլեր անում, և եթե կարողությունները ներում են, մի քանի ուսումնամարզական հավաք են ծրագրում անցկացնել արտասահմանում:
Ի դեպ, մեծ եռուզեռ է, ում հնարավորությունը ներում է, ասես ուզում է արանքը ճղել, արտասահման տեղափոխվել: Դա սևեռուն գաղափար է դարձել մեր թիմերի ֆուտբոլիստների համար: Ընդ որում, նրանց մեծ մասը չի հրաժարվում անգամ ոչ ուժեղ թիմեր տեղափոխվելուց: Թե ինչ կարող է լինել այս ամենի վերջը, դժվար է ասել: Պարզ չէ, եթե լավագույնները գնում են, ապա ով է խաղալու մեր երկրում:
Մտահոգողն այն է, որ առանց այդ էլ Հայաստանի վերջին տարիների առաջնությունները միայն հիասթափություն են առաջացրել: Եթե հաշվի առենք այն հանգամանքը, որ ակումբներում դրսից բարձրակարգ խաղացողներ քիչ են հրավիրվում, իսկ օտարերկրացի դարպասապահների ներկայությունը մեր հայաստանյան ֆուտբոլում արդեն պաշտոնապես արգելվել է, ապա ակնհայտ է դառնում, թե ինչ վիճակ կարող է առաջանալ: Ի դեպ, այդ ամենը պարզորոշ իր արտացոլումը կգտնի եվրոպական գավաթային մրցաշարերի մասնակից թիմերի արդյունքներում: Այնպես որ, հայկական ակումբային ֆուտբոլից հույսը կտրած, մնում է սպասել միայն մեր ազգային ընտրանու մրցելույթներին:






Facebook
Tweet This
Email This Post
