Փորձառուները խուսափում են «ապագայի» շախմատից

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 12, 2012 7:00

«Շախմատ 960»-ը կամ, ինչպես այն հաճախ անվանում են, Ֆիշերի շախմատն աշխարհում լայն տարածում ունի: Այն փաստը, որ օրերս Երևանում երկրորդ անգամ անցկացվեց այս խաղաձևի Հայաստանի առաջնություն, խոսուն է և վկայում է, որ այն մեր երկրում էլ աստիճանաբար արմատներ է ձգում:

Ահա թե ինչ ասաց այդ ամենի  նախաձեռնողն ու կազմակերպիչը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ճանաչված միջազգային մրցավար  Աշոտ Վարդապետյանը:

– Առաջին անգամ այս խաղաձևի մրցաշար կազմակերպվել է դեռ 2009-ին: Ինքս եմ նախաձեռնել, մրցանակներ սահմանել: Բայց այն պաշտոնական չէր: Այդուհանդերձ, մեր շախմատիստները ոգևորությամբ արձագանքեցին: Այդ ժամանակ էր, որ Լևոն Արոնյանը դարձել էր այս մրցաձևի աշխարհի չեմպիոն: 2010-ին էլ մրցաշար անցկացվեց: 2011-ին այն արդեն դարձավ պաշտոնական, քանի որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան արձագանքեց և հավանություն տվեց: Այս տարի էլ  խաղացողներն արդեն երկրորդ անգամ պաշտոնապես որոշեցին ուժեղագույնին:

– Իսկ դա չի՞ խանգարում դասական շախմատի Հայաստանի առաջնության անցկացմանը:

– Այդ առաջնությունները  հաջորդել են դասական շախմատի առաջնություններին, երբ հավաքվել են մեր բոլոր ուժեղագույնները` բարձրագույն խմբի մասնակիցները: Նրանք հրավեր են ստանում խաղալու Ֆիշերի շախմատի Հայաստանի առաջնությունում: Ի դեպ,  անցյալ տարի այնպես եղավ, որ Հայաստանի  շախմատի նոր մրցաձևի առաջնության կազմակերպման ժամանակ Երևանում էր մեր ճանաչված գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը. նա վերջին տարիներին Գերմանիայում է բնակվում: Եվ նա ցանկություն հայտնեց մասնակցել. այդ խաղաձևը նրան շատ է հետաքրքրում: Թերևս դա  դեր խաղաց, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան էլ ուշադրություն դարձրեց, և առաջնությունը դարձավ պաշտոնական: Անցյալ տարի հաղթել է Տիգրան Պետրոսյանը, իսկ այս տարի չեմպիոն դարձավ Հրանտ Մելքումյանը:

– Դուք ասացիք` Ֆիշերի շախմատի Հայաստանի առաջնություն: Հայտնի է, որ «Շախմատ 960»-ը տարբերվում է: Փաստորեն, մերոնք Ֆիշերի շախմատի մեր երկրի չեմպիոնի՞ն են որոշում:

– Ասացի` Ֆիշերի շախմատ, սակայն իրականում մեր երկրում անցկացվում է «Շախմատ 960»-ի Հայաստանի առաջնություն: Իրոք, երկու խաղաձևերի միջև կանոնների մի քանի փոքր տարբերություններ կան: Օրինակ` Ֆիշերի շախմատում արգելվում է. որ առաջին քայլին փոխատեղում կատարվի, մինչդեռ, «Շախմատ 960»-ում այն կիրառելի է: Ի դեպ, «Շախմատ 960» է կոչվում, քանի որ հնարավոր է սկզբնական խաղաքարերի դասավորության 960 դիրք: Իսկ դա որոշվում է համակարգչի օգնությամբ. կա վիճակահանության հատուկ ծրագիր: Ընտրվում է սպիտակ խաղաքարերի դիրքը, իսկ սևերը դասավորվում են նույնությամբ: Ընդ որում, չի բացառվում, որ առաջանա այնպիսի դիրք, որպիսին խաղաքարերի դասավորության համար ընդունված է դասական շախմատում:

– Այնուամենայնիվ, ինչքանո՞վ է լուրջ «Շախմատ 960»-ը:

– Հայաստանում այն կիրառելու  շարժառիթն ինքնանպատակ չէ: Աշխարհում այս խաղաձևին շատ հետևողականորեն են մոտենում: Մի շարք անվանի գրոսմայստերներ դիմել էին Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ղեկավարությանը, որպեսզի  «Շախմատ 960»-ը մտցվի  Շախմատային օրենսգրքում: Այդ կապակցությամբ քննարկում տեղի ունեցավ: ՖԻԴԵ-ում մտավախություն կար, որ շախմատը կարող է կորցնել իր էությունը: Բանն այն է, որ այս կազմակեպությունը հիմնականում ընդունում է դասական շախմատը, նույնիսկ արագ և կայծակնային շախմատի մրցաշարերը վարկանիշային չեն համարվում: Ինքս ներկա եմ եղել և ակտիվ  մասնակցություն եմ ունեցել այդ քննարկումներին: Ի վերջո, այն եզրակացությանը հանգեցինք, որ ՖԻԴԵ-ն պետք է հաշվի առնի, որ շախմատիստներն արդեն մեծ հետաքրքրություն են դրսևորում այդ խաղաձևի նկատմամբ, և  ուղղորդի, նախաձեռնի, որ մրցաշարերը միևնույն` միասնական կանոններով կազմակերպվեն:

Ի  վերջո, չպետք է խոչընդոտել, քանի որ  նոր շախմատը դասականից տարբերվում է միայն խաղաքարերի սկզբնական դասավորությամբ: Ընդ որում, դասական շախմատը ներկայումս նոր փուլում է հայտնվել: Համակարգիչների օգնությամբ հատկապես լավ հիշողություն ունեցող շախմատիստները կարող են մեծ թվով պարտիաներ սերտել և ակնառու հաջողությունների հասնել: Մինչդեռ, «Շախմատ 960»-ում պատրաստի խաղային տարբերակները բացառվում են, պետք է մտածել, անպայման  ստեղծագործական մոտեցում դրսևորելու կարիք է զգացվում: Չի բացառվում, որ առաջիկայում շախմատը որպես խաղ պահպանելու համար այս մարզաձևի կանոններում որոշ փոփոխություններ կատարվեն: Եվ դրանցից մեկն էլ կարող է դառնալ խաղաքարերի դասավորության սկզբնական դիրքի փոփոխությունը:

Ի դեպ, Հայաստանի այս տարվա չեմպիոն, մեր երկրի հավաքականի կազմում Շախմատի համաշխարհային օլիմպիադայում չեմպիոն դարձած Տիգրան Պետրոսյանը օրերս հեռուստատեսությամբ պարզաբանեց, որ եթե խաղաքարերի սկզբնական դասավորության դիրքում հենց միայն ձիու և փղի տեղերը փոխվեն, ապա շախմատը համակարգչային դաշտից կրկին կարող է տեղափոխվել մարդկային մտածողության դաշտ: Թվում է, թե չնչին տարբերություն է, ոչինչ չի փոխվում, սակայն դրա շնորհիվ շախմատի ամբողջ տեսությունը կվերանայվի:

Ինչևէ, թերևս նաև այս ամենը հաշվի առնելով, ՖԻԴԵ-ն «Շախմատ 960»-ն ընդունեց որպես դասական շախմատի տարատեսակ, ինչպես արագ, կայծակնային մրցաշարերը, և այն ընդգրկեց Շախմատային օրենսգրքում: Եվ քանի որ այժմ արդեն պաշտոնապես է ընդունված, որ «Շախմատ 960»-ը չի հակազդում շախմատի զարգացմանը, ապա պետք է փորձենք այն  մասսայականացնել նաև Հայաստանում:

– Մեր երկրի առաջատար բոլո՞ր շախմատիստներն են ներգրավվում «Շախմատ 960»-ի Հայաստանի առաջնություններում:

– Ավելի շուտ երիտասարդ գրոսմայստերներ են սիրով խաղում: Մի քիչ տարօրինակ է, որ մեր փորձառու  շախմատիստները, այդ թվում Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող Արտաշես Մինասյանը, օլիմպիադայի չեմպիոն Սմբատ Լպուտյանը, Հայաստանի բազմակի չեմպիոն Աշոտ Անաստասյանը գերադասում են  խաղից դուրս մնալ: Դժվարանում եմ ասել, թե պատճառները որոնք են: Բայց դա  միայն երիտասարդների խաղ չէ: Արդեն բերել եմ Վահանյանի օրինակը, որը հաճույքով խաղաց Հայաստանի առաջնությունում և իր մասնակցությամբ գեղեցկացրեց այն, թեև 10 խաղացողների պայքարում զբաղեցրեց միայն 8-րդ հորիզոնականը:

– Իսկ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված բոլոր գրոսմայստերները զբաղվո՞ւմ են այդ մրցաձևով:

– Հավաքականի բոլոր անդամներն էլ սիրում են «Շախմատ 960»-ը: Ցավոք, հունվարի վերջին, երբ կազմակերպվում է մեր երկրի առաջնությունը, սովորաբար նրանք Հայաստանում չեն լինում: Քանիցս Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանն ինձ հայտնել են, որ եթե իրենք այդ ժամանակահատվածում այլ մրցաշարերի չմասնակցեն, Հայաստանում գտնվեն, պատրաստ են հետաքրքրության համար մասնակցել առաջնությանը: Ի դեպ, 2012-ի առաջնությունն ուներ 8 մասնակից:

– Գուցե փորձառուների բացակայության պատճառը ոչ բարձր պարգևատրման հիմնադրա՞մն է եղել:

– Ինքս շնորհակալ եմ մեր շախմատիստներին այն բանի համար, որ նրանք այդ առաջնությանը մասնակցել են ամենևին էլ մեծ փողեր վաստակելու  շահագրգռություն չունենալով: Ինքս օլիգարխ չեմ և խոշոր ֆինանսներ տրամադրելու հնարավորություն չունեմ: Նպատակը միայն այս խաղաձևը Հայաստանում տարածելն է: Եվ ուրախալի է, որ մեր շախմատիստներն արձագանքում են, փողի խնդիրը երկրորդական են համարում և ցանկանում են խաղալ, մասնակցելով նպաստել  «Շախմատ 960»-ի զարգացմանը: Չպետք է անտեսել, որ տարբեր երկրներում էլ կազմակերպվում են այդ խաղաձևի միջազգային մրցաշարեր: Այնպես որ այժմ Հայաստանում կարողությունները ստուգելու և միջազգային մրցաշարերի նախպատրաստվելու հնարավորություն կա:

– Հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանում «Շախմատ 960»-ի միջազգային խոշորամասշտաբ միջազգային մրցաշար կազմակերպվի:

– Դժվար թե, քանի որ դրանք կայանում են շախմատային փառատոների ծրագրով: Կազմակերպելու համար մեծ ֆինանսներ են պահանջվում: «Շախմատ 960»-ը ապագայի խաղ է, և երբ աշխարհում տարածվի, այն ժամանակ էլ  կարելի է մտածել այդ մասին:

 

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply