Բոլորս դեպի ընտրություններ, քայլով մարշ, աջ, ձախ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 10, 2012 15:37

Հայաստանում սպասվում է «խայտաբղետ» քաղաքական գարուն. Հայաստանը պատրաստվում է Ազգային Ժողովի ընտրությունների:

Հետաքրքիր է, թե քաղաքական գործընթացների այս փուլում ինչպես են դասավորված ուժերն ու կուսակցությունները մրցուղու մեկնարկային գծում: Առաջնային գծում այս պահին նշմարվում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Ժառանգություն» կուսակցությունը և նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Սկզբում շրջանառվեցին նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումներն ու սկզբունքները ՀՀԿ համամասնական ցուցակների կազմման հարցին, ըստ որոնց` ցուցակում չեն լինելու գործարարներ, շատ են լինելու երիտասարդներ և թարմ դեմքեր: Սրանից հետո շրջանառության մեջ մտան տարբեր քաղաքական կուսակցությունների լիդերների, մասնավորապես` Պարույր Հայրիկյանի, Խոսրով Հարությունյանի և այլոց անունները, որպես ՀՀԿ ցուցակում տեղ ունեցող անձանց: Սակայն մինչև կուսակցության կողմից վերջնական ու պաշտոնական չհրապարակվի համամասնական ցուցակը, ոչինչ հաստատ ասել հնարավոր չէ: Վերջնական ցուցակը կհրապարակվի մարտի 10-ին կայանալիք ՀՀԿ 13-րդ համագումարից առաջ կամ անմիջապես հետո: Դատելով նախնական խոսակցություններից` ՀՀԿ-ն որոշել է մաքրել իր ցուցակները «մականունավորներից»:

ԲՀԿ-ն առայժմ չի հետևում իր կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի օրինակին և չի հայտարարում իր համամասնական ցուցակներից «մականունավորների» և գործարարների բացառումը: «Մեզանում գործարար բառն ընկալվում է որպես վատ հոմանիշ ընդհանրապես կառավարման պրոցեսի համար: Զարգացման այս փուլում, այս պահին մեր շատ գործարար մարդիկ տարածաշրջաններում հեղինակություն, որոշակի վաստակ ունեն: Եվ եթե Հայաստանի Հանրապետությունում դրա կարիքը կա, դա իմ կամ ձեր ասելով չպետք է լինի, որ ասենք, թե նրանք հրաժարվեն այդ հնարավորություններից և իրենց էներգիան չներդնեն, որպեսզի լինեն զարգացում, աշխատատեղեր,  տարբեր տեղերում հարցերի լուծումներ»,- օրեր առաջ «Անկախի» հարցին պատասխանեց Վարդան Բոստանջյանը: Իսկ «մականունավոր» ձևակերպումը պատգամավորը համարում է չափազանցված:

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընտրությունների կգնան ինքնուրույն ու առանց դաշինքի:

Կոալիցիայի մյուս մասնակիցը` ՕԵԿ-ը, նույնպես դեռ չի կարող հրապարակել իր համամասնական ցուցակները: «Այսօր, կարելի է ասել, համամասնական և մեծամասնական ընտրական ցուցակների մասին խոսելը մի փոքր վաղ է, որովհետև առաջիկայում` երևի մարտի 3-ին, համագումար է հրավիրված: Մինչ այդ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում կկայացնի ցուցակների վերջնական տեսքի մասին: Նախնական թեկնածուներ դեռ չկան, որովհետև դեռևս քննարկումներ են ընթանում»,- հայտնեց ՕԵԿ-ի մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը:

Նրա տեղեկատվությամբ` ՕԵԿ-ի ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Շտաբի պետը կլինի Հեղինե Բիշարյանը: Կուսակցությունը հայտարարել է, որ ընտրությունների գնալիս դաշինքները բացառվում են: Մեծամասնական ընտրակարգով ևս ՕԵԿ-ը  թեկնածուներ առաջադրելու է, սակայն ոչ բոլոր ընտրատարածքներում:

Թե ովքեր կլինեն ՀՅԴ համամասնական ցուցակներում կամ ովքեր կլինեն  կուսակցության կողմից մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուները, դեռևս հայտնի չէ, քանի որ ՀՅԴ-ն լռում է:

Ընտրություններին դաշինքով մասնակցելու խոսակցությունները հիմնականում շրջանառվում են «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների շուրջ:

«Բազմիցս նշվել է, որ մեր ցուցակները կհրապարակվեն կուսակցության համագումարից հետո, թե ովքեր տեղ կզբաղեցնեն ցուցակներում, այդ ժամանակ պարզ կդառնա: Մենք նաև դեռ չենք որոշել մասնակցության ֆորմատը, ձևը, միասի՞ն ենք գնում, թե՞ դաշինքով, և ըստ այդմ ցուցակ կկազմվի ու կհրապարակվի: Հստակ հայտարարվել է, որ որպես գաղափարական դաշինք, պատկերացնում ենք համատեղ գործողություններ «Ժառանգության» հետ: Ձևը` միասնական ցուցակով կլինի, թե ինչպես կլինի, կորոշվի ընթացքում, դեռ շարունակվում են այդ ուղղությամբ քննարկումները»,- հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Նշենք, որ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ «Ազատ դեմոկրատները» մեծամասնական ընտրակարգով ևս առաջադրելու են իրենց թեկնածուներին: Ինչ վերաբերում է ընտրական ցուցակին, Քոքոբելյանն ասել է, որ այնտեղ կընդգրկվեն քաղաքական կշիռ ունեցող մարդիկ:

«Ազատ դեմոկրատների» մասին «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքն էլ, դեռևս ոչ հստակ, բայց հավանական դաշինքի տեսլական է ստեղծում:

«Ես կարող եմ ասել, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար կազմը, ինչպես նաև շարքային կուսակցականները, երիտասարդները սրտացավ քաղաքացիներ են, պետական փորձ ունեցող այրեր են և այն, ինչ ես եմ տեսնում շփումներից և անգամ հեռվից,  առանց ծրագրային ընդհանրությունների խորքը մտնելու, կարող եմ ասել, որ կոլեգիալ որոշումներ կայացնելու պատրաստ ուժ է, որտեղ չկա անհատապաշտություն, չկա անձի պաշտամունք: Եվ ես տեսնում եմ, որ «Ազատ դեմոկրատները» պարունակում են Հայաստանի քաղաքացու իրավունքների գերակայության, ինչպես նաև Հայաստանի պետական ինքնիշխանությանը նվիրված գաղափարները: Մնացածը բանակցությունները ցույց կտան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իսկ համամասնական ցուցակների և մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու մասին որևէ քննարկում դեռևս տեղի չի ունեցել ո՛չ «Ժառանգության» ներսում, ո՛չ էլ ուրիշների հետ: «Ժառանգությունն» իր համագումարը կհրավիրի մարտի 2-ին, և այդ համագումարում կորոշվեն առաջիկա ընտրական գործընթացների մասնակցության հարցը  և ձևերը:

Հետաքրքիր զարգացումներ կարող են ծավալվել ՀԱԿ-ի շուրջ, քանի որ այս ուժի կազմում կան տարբեր կուսակցություններ ու միություններ: Համամասնական ցուցակներ կազմելու ժամանակ այդ ուժերի միջև «տեղերի կռիվը» ՀԱԿ-ի համար կարող է ճակատագրական լինել` չնայած ՀԱԿ-ը համակարգող Լևոն Զուրաբյանն այդպիսի սցենարը բացառեց. «Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը, ի՞նչ է, ՀԱԿ-ի ներսում եղե՞լ են հակասություններ: Եթե նկատի ունեք «Ազատ դեմոկրատներից» 3 կամ 5 հոգու, ապա նրանք անջատվել են ՀՀՇ-ից»:

Նա ասաց նաև, որ ՀԱԿ-ի ցուցակները դեռևս քննարկման փուլում են և չեն կարող պատրաստ լինել, քանի որ ընդամենը մեկ նիստ է կայացել այդ հարցերը քննարկելու կապակցությամբ: «Մենք դեռ չենք անցել անհատական թեկնածություններին… Պարզ չէ, թե ովքեր կլինեն ցուցակում»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Կարելի է ասել, որ հիշյալ կուսակցություններն ու քաղաքական ուժերը դեռևս «պահմտոցի» են խաղում և փորձում են ինտրիգային տպավորություն ստեղծել: Խաղը դեռ նոր է սկսվում:

 

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply