Ընտրություններին ընդառաջ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 10, 2012 15:29

Արդեն սկսել են քարոզարշավը

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները,  այնքան ավելի են կուսակցությունները կենտրոնացնում  իրենց ուժերը, փորձում առավելության հասնել մրցակիցների նկատմամբ: Ավելին, արդեն ոչ պաշտոնական սկսել են նախընտրական քարոզարշավը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ շատ քաղաքական ուժեր խախտում են Սահմանադրությունը` նախընտրական քարոզարշավը սկսելով օրենքով նախատեսված ժամկետներից ավելի շուտ, կիրառում են տարբեր քաղաքական  տեխնոլոգիաներ` շփոթեցնելով ու ապակողմնորոշելով ընտրողներին:

Այս հարցում, բնականաբար, մեծ ներդրում ունեն իշխանամետ լրատվամիջոցները, որոնք ամեն օր գլխավոր լուրերի  ժամերին ցուցադրում են հատկապես իշխող կուսակցության հեղինակավոր դեմքերին առնչվող  դեպքերը, իրադարձությունները, ներկայացնում գործող կուսակցության ձեռքբերումները:

Հետ չեն մնում նաև  խորհրդարանական այլ ուժերին պատկանող լրատվամիջոցները:

Ով ում է սատարում

Սպասվող խորհրդարանական ընտրությունները սոսկ ընտրություններ չեն: Դրա արդյունքները  կարևոր են հատկապես նախագահական ընտրությունների համատեքստում: Այլ կերպ ասած` այս ընտրություններով մեկնարկում  են նաև նախագահական ընտրությունները, և որոշվում է նախագահի  ով լինելն ու ինչպես ընտրվելը:

Ստեղծված պարագայում կարևոր է, որ  ՀՀԿ-ն կարողանա խորհրդարանում  մեծամասնություն կազմել, այդ դեպքում  Ս. Սարգսյանի գործը բավականին կթեթևանա: Ուստի իշխող կուսակցությունը գնացել  ու գնում է որոշ զիջումների, նստում բանակցությունների սեղանի շուրջ:

Միաժամանակ այս ընտրություններին ընդառաջ  ավելի հաճախ են շոշափվում ՀՀ նախկին նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի անունները, քանի որ  նրանք այս անգամ շատ ավելի գործուն մասնակցություն ունեն ընտրություններում, քան կարելի է ենթադրել: Մասնակցությունը, սակայն, միջնորդավորված է:

Եթե նախկին խորհրդարանական ու նախագահական ընտրություններում հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանն ակնհայտ ընդդիմադիր կեցվածքով էր ներկայանում, ապա հիմա իրավիճակն այլ է,  նախկին քաղաքական սրությունն այլևս չկա: Ավելին, բացառված չէ, որ ինչպես և խոսվում էր նախօրոք, Լևոն Տեր-Պետրոսյանը, համաձայն Սերժ Սարգսյանի հետ ունեցած  գործարքի, խորհրդարանում հաղթահարի անհրաժեշտ հինգ տոկոսի շեմը:

Այս հանգամանքը, մի կողմից, չեզոքացրեց ընդդիմության թափը, սակայն երաշխիք դարձավ, որ ընդդիմությունը խորհրդարան մտնի: Մյուս կողմից` Ս. Սարգսյանն իր դիրքերն ապահովեց` սրանով դառնալով ոսկե միջին տարբերակը նրանց համար, ովքեր արմատապես դեմ էին  Ռոբերտ Քոչարյանին և տատանվելով հակվել էին Լևոն Տեր-Պետրոսյանի` որպես չարյաց փոքրագույնի կողմը: Սակայն հիմա, երբ իշխանություն-ընդդիմություն գործարքի  մասին այլևս խոսում են բացահայտ, շատերը  չարյաց փոքրագույնը տեսնում են Սերժ Սարգսյանի մեջ:

Ի վերջո, Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շարքում կային մարդիկ, որոնք ավելի շուտ կողմնորոշված չէին, դեմ էին և՛ Ռ. Քոչարյանին, և՛ Ս. Սարգսյանին, և քանի որ Լ. Տեր-Պետրոսյանը երկուսին էլ դեմ էր, հենց նրա կողքին էլ կանգնում էին: Շատերն էլ,   որոնք ՀԱԿ-ի հետ էին նրա գաղափարախոսության համար, պարզապես հեռացան այնտեղից:

Այսպիսով, ստացվում է, որ արտախորհրդարանական ընդդիմությունն այլևս  չունի նախկին ազդեցությունը,   բայց խորհրդարան մտնելու ավելի շատ հնարավորություններ ունի, քան այն ժամանակ, երբ ավելի շատ հետևորդներ ուներ: Այո, պարադոքսալ քաղաքականությամբ երկրում ենք ապրում:

ՀԱԿ-ն արդեն իրեն խորհրդարանում է զգում, համենայն դեպս, արդեն խորհրդարանական շարժուձև է յուրացրել:  Փաստորեն, ՀԱԿ-ն այլևս ընդդիմություն չէ կամ գրպանային ընդդիմություն է:

Եթե հետևենք այս տրամաբանությանը, իշխանություններին այլևս ձեռնտու չէ «Ժառանգության» ներկայությունը խորհրդարանում: Այսպիսի կանխատեսումներ, համենայն դեպս, անում են իշխանամետ փորձագետները: Այսինքն` իշխանություններին երկու խորհրդարանական ընդդիմություն  պետք չէ:

Անցած տարվանից մինչ  օրս բավական շատ է լսվել Ռոբերտ Քոչարյանի անունը: Ակնհայտ  է իշխանությունների անհանգստությունը` կապված  ԲՀԿ-ում  քոչարյանամետ ուժերի առկայության հետ, ինչով էլ պայմանավորում են շատերը ՀՀԿ որոշ թևերի ու ԲՀԿ-ի միջև նկատվող լարվածությունը:

Բացի այդ, ԲՀԿ-ն ջանում է հնարավորինս անկախ ներկայանալ, դրսևորվել որպես առանձին  դիմագիծ ունեցող  կուսակցություն: Նույնիսկ հանդիմանության արժանացավ ԱԺ-ում «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկությանը չմասնակցելու համար:  Սակայն, այսպես կոչված «վերաքվեարկումը  չօգնեց, որ ԲՀԿ-ն փոխի դիրքորոշումը: Սա կարող է նշանակել, որ ԲՀԿ-ն այս հարցում ուղղակի չենթարկվեց «ավագ եղբորը», անհնազանդություն դրսևորեց ՀՀԿ-ական գործընկերների նկատմամբ:

Անշուշտ, ԲՀԿ-ՀՀԿ հակասություններն այնքան չեն խորանա, որ ՀՀԿ-ն կորցնի նրա աջակցությունը, միաժամանակ ՀՀԿ-ն ստիպված կլինի պորտֆելները բաժանելիս «շնորհակալ» լինել  ԲՀԿ-ին:

Հիասթափությունից մինչև ընտրակաշառք

Գալով ընտրողների ընդհանուր տրամադրություններին` կարող ենք փաստել, որ  օրեցօր ահագնացող աղքատությունն ու համատարած հիասթափությունը, արտագաղթողների թվի  աճն ու այլ  սոցիալական խնդիրներ բացասական ազդեցություն են  թողել ընտրողների վրա: Հիմա շատ ավելի դժվար է հասարակությանն իդեաներով գրավելը, հիմա մարդիկ պահանջում են աշխատանք, որը չկա: Ուրեմն  դժվար չէ ենթադրել, որ կուսակցությունները կդիմեն «հին, փորձված» մեթոդին` ընտրակաշառքին: Մինչդեռ, եթե այս տարիների ընթացքում կուսակցություններն իրոք աշխատեին, հիմա շատ ավելի  հանգիստ  ու առանց հետին միջոցների կպատրաստվեին ընտրություններին`  սպասելով  նախընտրական քարոզարշավի օրինական մեկնարկին:

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply