ԿՀՎ–ն (ФБР) հրապարակել է Սթիվ Ջոբսի անձնական գործը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2012 12:03

ФБР-ը հրապարակել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի անձնական գործը, որը պատրաստվել է 1990-ականների սկզբին: Այս մասին երեկ` հինգշաբթի` փետրվարի 9-ին,  հաղորդել է  Agence France-Presse-ը: Փաստաթուղթը, որ բաղկացած է 191 էջից, հանրության սեփականությունն է դարձել “Տեղեկատվության ազատության մասին”  (Freedom of Information Act) օրենքի  հիման վրա:

Անձնական գործը պատրաստվել է 1991 թ., երբ քննարկվում էր Ջոբսի նշանակումը ԱՄՆ նախագահ Բուշ ավագին առընթեր փորձագիտական խորհրդում (The President’s Export Council):  Ջոբսն այդ  ընթացքում ժամանակավորապես լքել է Apple ընկերությունը: Associated Press-ը հաղորդում է, որ փետրվարին 9-ին ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտնել է, որ Ջոբսի թեկնածությունը վերջին հաշվով հավանության է արժանացել, և նա մտել է նախագահական փորձագիտական խորհուրդ:

Անձնական գործը կազմելիս ФБР-ի գործակալները զրուցել են Apple-ի հիմնադրի հարևանների, գործընկերների, ընկերների և ընտանիքի անդամների հետ, ընդհանուր հաշվով 29 մարդ: Նրանք շփվել են նաև իր` Ջոբսի հետ:

Մի շարք հարցվածներ հակասական գնահատականներ են տվել Ջոբս անձնավորությանը: “Իր նպատակներին հասնելու համար նա ճշմարտությունը շուռ կտա և կկեղծի իրականությունը”,- բերվում է անձնական գործում Ջոբսի ծանոթներից մեկի այս վկայությունը: Միաժամանակ մեկ ուրիշը  ФБР-ի գործակալների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ Ջոբսը “ճշմարտախոս ու անկեղծ է և գրեթե միշտ ասում է հենց այն, ինչ մտածում է”:

Անձնական գործը բովանդակում է նաև տեղեկություներ Ջոբսի անձնական կյանքի մասին: Մասնավորապես, փաստաթղթի կազմողները նշում են, որ Apple-ի հիմնադիրը որոշ ժամանակահատված հոգ չի տարել իր դստեր մասին, որը արտամուսնական ծնունդ է, ինչպես նաև` նրա մոր մասին: Սակայն անձնական գործը կազմելու պահին իրավիճակը փոխվել է դեպի լավը:

Ինքը` Ջոբսը, ФБР-ի գործակալների հետ զրույցի ընթացքում պատմել է, որ 1970-1974 թթ.`դպրոցի բարձր դասարաններում և քոլեջում սովորելու ժամանակ թմրանյութեր է օգտագործել: Ընդ որում, Apple-ի հիմնադիրը հայտնել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում թմրանյութ չի օգտագործել:

AFP-ն հիշեցնում է, որ այս երկու փաստն էլ հիշատակվում են Apple-ի հիմնադրի  կենսագրության մեջ, որը գրել է Ուոլտեր Իսահակսոնը:

ФБР-ը Ջոբսի անձնական գործի հետ միասին հրապարակել է նաև Apple-ի հասցեին արված սպառնալիքների հետաքննության փաստաթղթերը: 1985 թ. փետրվարին, ինչպես ցույց են տալիս այդ փաստաթղթերը,  ընկերություն անանուն հեռախոսազանգ է եկել` մեկ միլիոն դոլար վճարելու պահանջով: Հակառակ դեպքում զանգահարողը խոստանում էր պայթյուն կազմակերպել: Պայթյունի սարք չի հայտնաբերվել, և ընկերությունն էլ որևէ վճարում չի կատարել:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply