Տեղի ունեցավ «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի շնորհանդեսը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | February 9, 2012 16:33
«Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում». այսպես է կոչվում այսօր ԳԱԱ-ում հանրությանը ներկայացված մենագրությունը: Հեղինակը պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Ստեփանյանն է:
Մենագրությունը ներկայացնում է Օսմանյան կայսրության պալատական, դիվանագիտական, վարչական, դատական, զինվորական բնագավառներում, բանակում, բանկային, արդյունաբերական, ապահովագրական համակարգերում, նաև ճարտարապետության, կերպարվեստի, լուսանկարչության, թատրոնի, երաժշտության, կիրառական արվեստների, սպորտի ոլորտներում արևմտահայության ունեցած մեծագույն ներդրումը:
Հասմիկ Ստեփանյանը նշում է,որ գիրքը նախ է առաջ իր համար է գրել. «Այդ հանճարների գործունեությունը մնացել էր պատմության քողի տակ, մինչդեռ նրենք փրկել են Օսմանյան կայսրությունը ծանր իրավիճակներից, շատ առումներով եղել են կայսրության շարժիչ ուժը, ներկայացրել են երկիրն արտերկրում»:
Հեղինակը նշում է, որ իր խղճի առջև հիմա հանգիստ է` պարտքը տված մարդու պես:
Ստեփանյանը երկու տարի շարունակ գրքի հրատարակության համար հովանավորներ է փնտրել: Ի վերջո գիրքը տպագրվել է Վազգեն Մանուկյանի, Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասում է, որ Հայաստանում իր տեսակի մեջ առաջին գիրքը ոչ միայն երկար տարիների ու պրպտումների արդյունք է, այլ նաև գիտական նվիրվածության, քանի որ գրքում զետեղված տեղեկությունները հավաքելը և ի մի բերելը բարդ աշխատանք էր:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանի խոսքով` գիրքը ցույց է տալիս հայերի իրական կերպարը` հիմնված փաստերի վրա: Իսկ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը պայմանավորում է քաղաքական ծրագիր չունենալով: «Չհասկացանք, թե իրականում ինչ է կատարվում Թուրքիայի շուրջ: Դարձանք այլոց քաղաքականության խամաճիկները: Նույն վտանգի առջև հիմա էլ ենք կանգնած: Պետք է հասկանանք, որ քաղաքականություն չեն խաղում, այլ մշակում ու իրականացնում են»,- ասում է Հովնանյանը` հույս հայտնելով, որ գիրքը կնպաստի այդ ամենը հասկանալուն:
Եվրասիա համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշում է, որ գիրքը տեսնելուց առաջին միտքը որ ունեցել է, այն է, թե որքան քիչ են հայերի անցյալի մասին գիտական աշխատությունները, որոնք հեշտությամբ ընթերցվում են: «Որպես միջազգային զարգացման մասնագետ կարևորում եմ ոչ թե հետազոտությունները, որոնք կծավալվեն գրքի շնորհիվ, այլ գրքի տարածումը»: Տեր-Գաբրիելյանը կարևորում է, որ գիրքը հասանելի լինի հանրության լայն շրջանակներին, դպրոցներում, գրադարաններում, համացանցում:
Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ գիրքը կթարգմանվի թուրքերեն: Առաջիկայում լույս կտեսնի նաև գրքի ռուսերեն տարբերակը:
«Գիրքը կօգնի թուրքերին հասկանալ և վերհիշել իրենց անցյալը»,- ասում է Տեր-Գաբրիելյանը:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նշում է, որ «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գիրքը ընթերցողին հպարտություն է ներշնչում` հպարտանում ես, որ հայ ես: Մանուկյանի խոսքով, հարկավոր է մեկտեղել, թե հայերն ինչ ազդեցություն են ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման վրա` ոչ միայն պետության միջոցով, այլ նաև տարբեր երկրներում ապրող անհատների միջոցով:
Մանուկյանն ասում է, որ գիրքը նաև հիշեցնում է, թե ինչ ունեինք ու ինչ կորցրեցինք: Իսկ հայերի ունեցած բացառիկ մեծ դերակատարությունը Օսմանյան կայսրությունում պայմանավորում է նրանով, որ «ապրում էինք մեր հայրենիքում»:
Մանուկյանը նշում է, որ գիրքը պետք է օտար լեզուներով թարգմանվի` ողջ աշխարհին ի ցույց դնելու, թե ովքեր են իրականում հայերը:
«Առանց հպարտության և ոգևորության հնարավոր չէ որևէ բան զարգացնել, արդյուքնի համար ոգի է պետք,- ասում է Մանուկյանը:- Պատմությունը բոլոր ասպարեզներում առաջ գնալու ամենահզոր զենքն է: Այս գրքով մեր զենքը մի փոքր ավելացավ»:
Արվեստաբան Դավիթ Մուրադյանն էլ նշում է, թե աշխարհում հայերին ավելի շատ ճանաչում են իրենց դժբախտություններով: Գիրքը առիթ է, որ ճանաչեն նաև մյուս առումներով. «Մեզ համար անհրաժեշտություն է դարձել հայերի մասին ինֆորմացիա տարածելը, ցույց տալ հայ ժողովրդի ներկայությունը և մասնակցությունը եվրոպական և արևելյան ժողովուրդների պատմական ընթացքին»:
ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանն էլ գիրքը համարում է բացառիկ պատմագիտական արժեք ունեցող աշխատություն:






Facebook
Tweet This
Email This Post
