“Կայուն զարգացում” ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը արձագանքում է Սերգեյ Կիրիենկոյի արձագանքին

Օրվա լուր | | February 9, 2012 11:57

Եթե պարոն Կիրիենկոն կարծիք է հայտնում, որ անպայման հաշվի կառվի հայկական կողմի դիրքորոշումը ուրանի հանքերի հնարավոր շահագործման վերաբերյալ, մենք 2010թ-ին ստորագրահավաքի միջոցով հայտնել ենք հայկական կողմի դիրքորոշումը, մնում է ՀՀ իշխանությունները մարտահրավեր չնետեն հանրությանը և ՀԿ-երին: Հակաուրանյան շարժումը նախաձեռնողները կազմակերպել են ստորագրահավաք, որին մասնակցել են 13.850 քաղաքացի, որոնց դիրքորոշումը հստակ պատկերացնելու նպատակով հնարավորություն էր տրվել նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտել կողմ,դեմ,ձեռնպահ պատասխաններով:

Ես համաձայն չեմ պարոն Կիրիենկոյի այն կարծիքին, որ ՀՀ իշխանությունները պատշաճ երկխոսություն են վարում տարածաշրջանի բնակչության հետ և այս արտահայտությամբ նա փորձում է մեղմել իշխանությունների և հանրության միջև ծագած հակասությունը խնդրի վերաբերյալ` այնինչ հանրության դիրքորոշումը հստակ է և անփոփոխ:

Պարոն Կիրիենկոն փորձում է առանց  ՀՀ իշխանությունների վստահության կորստի, քաղաքակիրթ ձևով ակնարկել, որ իհարկե կան հանրության և իշխանության միջև տարաձայնություններ, բայց դա  լուծելի է , որը ավելի շատ ՀՀ իշխանությունների ներքին խնդիրն է:

Առիթից օգտվելով ևս մեկ անգամ հիմնավորենք մեր դիրքորոշումը: Մենք դեմ ենք ուրանի որոնողական աշխատանքներին, քանի որ չենք վստահում, որ այն կլինի անվտանգ շրջակա միջավարի և մարդու առողջության վրա: Ասեմ ավելին  ՀՀ իշխանությունները չեն կարող դիմակայել ազդեցիկ պետությունների էներգետիկ ոլորտի զարգացման հավակնություններին և մերժել ուրանի հանքերի շահագործման առաջարկները:

Մենք չենք կարծում, որ ՌԴ-ը մտադիր է հետ կանգնել պետական շահերից  հանուն Հայաստանի շրջակա միջավայրի պահպանության խնդիրների և բնակչության առողջության,  ուստի պարոն Կիրիենկոյի արձագանքը մեր մտահոգություններին ձևական բնույթ է կրում:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանում ուրանի հանքերի հնարավոր շահագործման, հանրության և ՀԿ-երի մտահոգությունների վերաբերյալ Ռոսատոմ պետական կորպորացիայի նախագահ Սերգեյ Կիրիենկոյի արձագանքը

Երևան, 07. 02.12. ԱրմԻնֆո: “Հայաստանում ուրան որոնելիս ամենայն մանրամասնությամբ հաշվի կառնվի հայկական կողմի դիրքորոշումը”,- փետրվարի 7-ին Երևանում հայտարարեց “Ռոսատոմ” պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:
“Կան հետաքրքիր հանքավայրեր, հետաքրքիր հեռանկարներ: Բայց դա լրացուցիչ ուսումնասիրություն ու հետախուզում է պահանջում: Երկրորդ` ես պաշտպանում են Հայաստանի կառավարության մոտեցումը, որը հիմա շատ ուշադիր ու խնամքով է վերաբերվում նման նախագծերի քննարկմանն այն  մարդկանց հետ, որոնք ապրում են այդ հանքավայրերի հարևանությամբ: Ես լավ եմ հասկանում, որ մարդիկ էկոլոգիայի վրա ազդեցության բացակայության բացաձակ երաշխիքներ են պահանջում: Դա լուրջ  բանավեճեր, ապացույցներ է պահանջում: Ավելին, հասկանում եմ, որ հնարավոր են նաև դեպքեր, երբ այդ ապացույցները չբավարարեն, ինչ էլ որ ասես: Դա էլ է պատահում: Կան մարդիկ, որոնք վաղուց ի վեր ապրում են այդ հողում և ասում են. “Դուք մեզ ինչ եք պատմում, մենք ուզում ենք, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես եղել է”: Դա էլ է հնարավոր: Ուստի հավանական եմ համարում, որ Հայաստանում ոչ բոլոր հնարավոր գտնվելիք հանքավայրերը կարող են արդյունաբերորեն օգտագործվել: Հարկ կլինի շարունակել որոնումները: Մեզ համար կարևոր է (և մենք  համաձայնության ենք եկել այդ կապակցությամբ), որ  համատեղ Հայ-ռուսական հանքարդյունաբերական ընկերությունը  զբաղվելու է ոչ միայն ուրանի հանքավայրերի որոնմամբ, այլև այլ օգատակար հանածոների, ներառյալ` հազվագյուտ մետաղները: Այդ դեպքում կապահովվի նրա աշխատանքի երկարաժամկետ նպատակահարմարությունը”,- նշեց Ս. Կիրիենկոն:

Ուրանի հետախուզումն իրականացնում է համատեղ հայ-ռուսական ձեռնարկությունը` Հայ-ռուսական հանքարդյունաբերական ընկերությունը:
Հայկական մասնաբաժինը կանոնադրական կապիտալում կազմում է 50%:  2008 թ. ապրիլի 22-ին Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և “Ատոմռեդմետզոլոտոյի” գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը Երևանում պայմանագիր են ստորագրել համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին, որը զբաղվում է ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզությամբ: Սակայն բնապահպանական կազմակերպությունների ընդվզումների պատճառով ուրանի հանքավայրերի աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է: Ավելի վաղ հաղորդվել է, որ ուրանի ծավալները Հայաստանում կարող են տատանվել 30-40 հազար տոննայի սահմաններում: Երկրաբանահետախուզական աշխատանքների համար “Ռոսատոմը”  հատկացրել է 3 մլն եվրո:

ARMINFO, Agency of Rating Marketing Information
E-mail: news@arminfo.am

 

 

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply