Աղետի գոտու բնակարանաշինության համար ֆինանսական խնդիրներ չկան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2012 15:46

2012 թվականին քաղաքաշինության նախարարությունը կունենա երեք հիմնական գերակա խնդիրներ: Դրանք` Համաշխարհային բանկի խմբի “Գործարարությամբ զբաղվելը” վարկանիշային դասակարգման սանդղակում առնվազն հինգ քայլով Հայաստանի դիրքի բարձրացումը, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման և շենք-շինությունների անվտանգությանը, սեյսմակայունությանն ու էներգաանվտանգությանն ուղղված միջոցառումների իրականացման հարցերն են: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը լրագրողներին ներկայացրեց այդ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի պատկերացումները: Շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ, օրինակ, նախարարն ասաց` “Առաջարկություն կա, որ հատկապես բազմաբնակարան շենքերի վերնահարկերում կառուցենք նոր կառույցներ, որոնք բավականին մեղմելու են սեյսմակայունության վտանգը: Ես կարծում եմ, որ մոտեկա 1-1.5 ամսվա ընթացքում մենք արդեն կունենանք հստակ հայեցակարգ և ժամանակացույց և 2013 թվականից բյուջեով կնախատեսենք համապատասխան ֆինանսական միջոցներ աշխատանքները սկսելու համար”:

Նախարարը ներկայացրեց նաև աղետի գոտում անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման հարցի ուղղությամբ տարվող աշխատանքները:

“Բնակարանային շինարարությունն է, որ սկսվել է 2008 թվականից և նախատեսված է ծրագիրն ամբողջությամբ ավարտել 2013 թվականին: Այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ տարվել են: Ծրագրի իրականացման համար բացարձակ ոչ մի ֆինանսական խնդիր չունենք: Շինարարական աշխատանքները, վերջին 1-2 ամսվա կտրվածքով` եղանակային պայմաններից ելնելով, մի փոքր դանդաղել են, բայց ես կարծում եմ, որ կանենք ամեն հնարավորը, որ ըստ ժամանակացույցի շահագործման հանձնենք բնակարանները”,- հայտնեց նախարարը:

Վարդան Վարդանյանը անդրադարձավ նաև կանաչ քաղաքաշինությանը, շինարարության ծավալներին և քաղաքաշինական այլ հարցերին առնչվող խնդիրներին:

 

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply