Սերժ Սարգսյանն ու Փիթեր Սեմնեբին խոսել են հայ-թուրքական հարաբերություններից
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 25, 2009 19:25
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Նախագահն ու Սեմնեբին անդրադարձել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կողմերն ի սկզբանե բանակցությունները վարել եւ համաձայնությունների են եկել այն փոխըմռնմամբ, որ երկու երկրների հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, եւ այս սկզբունքից ետքայլի որեւէ փորձ կարող է վտանգել ողջ գործընթացը:
Սեմնեբին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հայ-թուրքական բանակցությունների կարգավորման գործընթացին եւ հույս հայտնել, որ Հայաստանի այս պատմական նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի:
Սեմնեբիին ընդունել է նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը:
Հյուրին ուղեկցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը եւ ՀՀ-ում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը, ով ներկայացնում է նաեւ ԵՄ շվեդական նախագահությունը:
Փոխնախարարը, կարևորելով ՀՀ հարաբերությունները ԵՄ հետ, անդրադարձել է ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությանը՝ հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջև բազմակողմ համագործակցությանը:
Ղազինյանն ու դեսպան Սեմնեբին քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:
Հյուրի խնդրանքով՝ փոխնախարարը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների եւ Արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:






Facebook
Tweet This
Email This Post
