Միգրացիոն ծառայության պետը մարդահամարի տվյալները «ահագնացող» չի համարում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 8, 2012 23:05

Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը մարդահամարի նախնական տվյալները, որոնց համաձայն երկրում առկա բնակչության թիվը վերջին տասը տարիներին նվազել է 130 հազարով, անսպասելի եւ «ահագնացող» չի համարում:

«Միայն 1992 թվականին արտագաղթի ցուցանիշը 210-220 հազար է եղել, 1993 թվականին` 130-140 հազար, 1994 թվականին` 130 հազար: Այս համեմատության մեջ, կարծում եմ, նման գնահատականներ տալը ճիշտ չէ», – ասում է Եգանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` մատնանշելով նաեւ 2002-2007 թվականներին անցկացված հետազոտությունները: Համաձայն դրանց, այդ 5 տարիների ընթացքում Հայաստանից հեռացել էր 150 հազար մարդ:

Շարունակելով` Եգանյանը ներկայացնում է ուղեւորափոխադրումների տվյալները, որոնց համաձայն, վերջին տարիներին Հայաստանից ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել է: Օրինակ, 2010 թվականին Հայաստանից մեկնողների թիվը 46 հազար 800-ով ավելի է եղել, քան Հայաստան ժամանողների թիվն է: 2011 թվականին այս ցուցանիշը կազմել է 41 հազար մարդ:

Եգանյանը վկայակոչում է մի շարք հարցումներ, որոնց համաձայն երկրից մեկնելու հիմնական պատճառը աշխատանք չունենալն է: Միգրացիոն ծառայության պետը ելքը համարում է տնտեսական ու սոցիալական պայմանների բարելավումը, եւ նրա խոսքով` կառավարությունը հենց դրանով էլ զբաղված է:

Մինչդեռ տնտեսագետ Սամվել Ավագյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում մտահոգիչ համարելով արտագաղթի ծավալները, նշում է, որ դրանք անդրադառնում են նաեւ տնտեսության զարգացման վրա:

«Հեռանում են աշխատող, երկրի տնտեսության զարգացման վրա ազդող մարդիկ», – նշում է նա:

Տնտեսագետը գտնում է, որ կառավարությունը կարող էր օգտվել միջազգային փորձից` լրացուցիչ ծախսերի իրականացմամբ ստեղծել աշխատատեղեր, թեկուզ տնտեսական էֆեկտ դա չստեղծեր: – «Հայաստանի կառավարությունը դա չարեց, մինչդեռ շատ եվրոպական երկրներ կիրառեցին այս մեթոդը», – նշում է տնտեսագետը` պարզաբանելով. – «Մենք [տնտեսական քաղաքականություն] անում ենք հիմնականում Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդով, որովհետեւ իրենց նորագույն տեսություններում կառավարության խիստ միջամտությունը ցանկալի չի համարվում»:

«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Թուրքիա մեկնողներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում էին, որ գնում են աշխատելու կամ արտերկրում աշխատանքի մեկնած հարազատին տեսակցելու: Նրանք ասում էին, որ եթե Հայաստանում աշխատանք լիներ, հաստատ երկրից չէին հեռանա:

 

Նաիրա Բուլղադարյան

azatutyun.am

 

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply