«Մեր ցուցակում հայտնի բիզնեսմեններ այլևս չեն լինելու». Տիգրան Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2012 20:39

Այսօր խորհրդարանում` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված անձանց անուններին և հերթականությանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ դեռևս վաղաժամ է այդ հարցին պատասխանել, քանի որ դեռ պարզ չէ` որ տարածքում ով է առաջադրվելու:

Ցուցակում գործարարների հնարավոր առկայության վերաբերյալ էլ հայտարարեց. «Մեր ցուցակում բիզնեսով զբաղվող անձինք, հայտնի բիզնեսմեններ այլևս չեն լինելու»:

ԲՀԿ առաջնորդի` խորհրդարանում լինելը վարչապետը չմեկնաբանեց` խորհուրդ տալով այդ հարցն ուղղել տվյալ քաղաքական գործչին:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե վարչապետի մամլո քարտուղար Արամ Անանյանը ևս պատրաստվում է ՀՀԿ ցուցակով մտնել խորհրդարան, վարչապետը հումորով վերաբերվեց. «Կարծում եմ, էս մարդն առաջին  անգամ է այդ բանը լսում, համենայնդեպս, մենք իրար հետ նման բան չենք քննարկել»,-ասաց նա, ապա հարցրեց,-Արամ, նման բան կա՞»:

Արամ Անանյանն էլ կես կատակ, կես լուրջ հարցրեց. «Ինչի, ինձանից հոգնել ե՞ք, պարոն վարչապետ»:

 

 

 

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply