«Հարցը տեղափոխվել է քաղաքական դաշտ». վարչապետը` ԲՀԿ բոյկոտի մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2012 19:24

Խորհրդարանում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ԲՀԿ խմբակցության կողմից «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկությունը բոյկոտելուն: Նա նշեց, որ պետք է հարգել կոալիցիոն գործընկերների կողմից այդ հարցը կարևորելը, ինչպես նաև իրենց տրված գործիքներից օգտվելը` նշելով, որ այդ ակցիաներին ամենալավ գնահատականը տվել է Ազգային ժողովը` իր բնական աշխատանքով և ընդունած օրինագծերով: Միաժամանակ Վարչապետը նշեց, որ հարցը գտնվում է քաղաքական դաշտում, որովհետև օրինագծի վերաբերյալ գրավոր կամ բանավոր որևէ առաջարկություն չի հնչել Ազգային ժողովում: «Հարցը տեղափոխվել է քաղաքական դաշտ, և մենք դա պետք է քննարկենք քաղաքական դաշտում»,-նկատեց նա:

Վարչապետի կարծիքով, այն տեսակետը, թե օրինագծի ընդունումը վնասում է աղքատ խավերի շահերին և միտված է ֆինանսական համակարգի, բանկերի հարստացմանը, բացարձակ սուտ է. «Այս օրենքի նպատակն է խոշոր շրջանառություններին վերաբերող գործարքները դարձնել վերահսկելի և թափանցիկ,-ասաց նա` բերելով նաև օրինակ,-եթե ՀՀ քաղաքացին խանութից ձեռք է բերում կահույք` 3 միլիոն դրամից բարձր արժեքով, ապա նա պարտավոր է այդ կահույքը ձեռք բերել անկանխիկ, որպեսզի այդ խանութը բոլոր գործարքներն իր հաշվետվության մեջ ներառի և վճարի բոլոր հարկերը»:

Վարչապետի համոզմամբ, ստվերային տնտեսության դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը կանխիկ շրջանառությունների նվազեցումն է խոշոր գործարքների ժամանակ:

 

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply