Ազգային ժողովի հերթական քառօրյան. ԲՀԿ-ն տհաճ անակնկալներ մատուցեց կոալիցիոն գործընկերներին

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 8, 2012 18:34

Փետրվարի 6-ին մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը, որը սկսվեց բավականին լարված մթնոլորտում: Հենց սկզբից տապալվեց կառավարության հեղինակած ՙԿանխիկ գործառնությունների սահմանափակման մասին՚ օրենքի նախագծի քվեարկությունը: Նախագիծը չստացավ անհրաժեշտ թվով կողմ ձայներ, քանի որ ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցությունը քվեարկությունը բոյկոտեց: Օրինագծին կողմ քվեարկեց 51 հոգի, դեմ` 0, ձեռնպահ` 10:

Նշենք, որ այս օրինագծով առաջարկվում է 3 միլիոն դրամից ավելի ձեռքբերումները թափանցիկ և բանկային համակարգի միջոցով իրականացնել: Երբ օրինագծի ընդունումը տապալվեց, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ պատգամավորների կոճակները չեն աշխատում, և օրինագիծը դրվեց վերաքվեարկության: Սակայն կրկին չընդունվեց այս անգամ 54 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ օրինագիծն ուղղված էր կոռուպցիայի դեմ պայքարին, և այս քայլով ՙյուրաքանչյուր խմբակցություն ներկայացրեց իր դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ՚: Նիկոյանն էլ ավելացրեց. ՙՕրենքի նպատակը հակակոռուպցիոն էր, խոշոր կապիտալի հրապարակային շրջանառության ապահովումը, հարկերի հավաքագրումը, ստվերի դեմ պայքարը, և յուրաքանչյուր քաղաքական ուժ, որ խոսում է ժողովրդի անունից, հարկերի հավաքման արդարությունից և այդ խնդիրներով վաղը ժողովրդի առջև կանգնելով` կուրծք է ծեծելու, պետք է գործնականում ապացուցեր իր խոսքի և գործի նույնությունը՚,- նշեց նա։

ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը շտապեց բացատրություն տալ. ՙՄեր խմբակցությունը դեմ չէ օրենքի նախագծին, ուղղակի վաղաժամկետ է մեր հասարակության համար, որովհետև այնտեղ կան խնդիրներ` սպասարկման հետ կապված, որ պետք չէ այդ ծառայությունների համար բանկերին բնակչությունը գումարներ փոխանցի՚,-ասաց նա` նշելով, որ չքվեարկելու պատճառը դա է:

Ավելի ուշ, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԺ նախագահն անդրադարձավ ՙԿանխիկ գործառնությունների սահմանափակման մասին՚ փաթեթի տապալմանը` նշելով, որ իր համար անհասկանալի էր ՙԲարգավաճ Հայաստանի՚ մոտեցումը: ՙՄենք կոալիցիոն կառավարություն ենք կազմել, այսքան տարի միմյանց հետ աշխատել ենք, ունեցել ենք խնդիրներ, քննարկել ենք, բայց պետության համար կարևոր այս նախագծի հարցում նման դիրքորոշումը, այսինքն` բոյկոտելը, ինձ համար անհասկանալի է,- ասաց նա,- կառավարությունը կոլեգիալ մարմին է, որի կազմում նաև կան մեր գործընկեր ԲՀԿի նախարարները: Այնտեղ ես չեմ լսել, որ նախարարները դեմ են քվեարկել կամ դեմ արտահայտվել, իսկ այստեղ նույն կուսակցության խմբակցությունը բոյկոտեց՚:

Նիկոյանի խոսքով` միևնույն է, օրինագիծը նորից է բերվելու խորհրդարան, քանի որ այն չափազանց կարևոր է:

Պատգամավորները քննարկեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թ. գործունեության ծրագիրը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց սակագներին վերաբերող հարցերին` նշելով, որ 2012-ին գազի սակագները չեն փոխվելու:

Նազարյանն անդրադարձավ նաև Հայաստան ներկրվող գազի ցածր կալորիականության վերաբերյալ հնչած քննադատությանը` պարզաբանելով, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստան մուտք գործած գազի կալորիականությունը կազմել է 8000-8300` սահմանված 7900-ի փոխարեն:

Խորհրդարանը վավերացրեց պատգամավորներ Կարինե Աճեմյանի և Գալուստ Սահակյանի հեղինակած ՙՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ օրինագիծը: Ուժը կորցրած են ճանաչվում ՙՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին՚ օրենքի այն հոդվածները, որոնք վերաբերում են տարեկան երկու անգամ կատարվող ժամային փոփոխություններին: Հայաստանի Հանրապետությունը վերադառնում է նորմալ գոտիական ժամանակի, յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը այսուհետ մեկ ժամով առաջ չի տրվի և արհեստականորեն անցում չի կատարվի ամառային ժամանակի, ինչը դրական կանդրադառնա մարդկանց առողջության վրա:

Փետրվարի 7-ին խորհրդարանում տապալվեց օրինագծերի ընդունումը: Առաջին օրինագիծը քվեարկության դրվելուց առաջ հայտարարությամբ հանդես եկավ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը և անդրադարձավ նախօրեին իրենց խմբակցության կողմից կառավարության ներկայացրած ՙԿանխիկ գործառնությունների սահմանափակման մասին՚ փաթեթի քվեարկությունը բոյկոտելուն: Զոհրաբյանի խոսքով` երեկ թե° ԱԺ ամբիոնից, թե° տարբեր լրատվամիջոցներում Ազգային Ժողովի նախագահի, հանրապետական տարբեր պատգամավորների կողմից ոչ կոռեկտ գնահատականներ են հնչել ՙԲարգավաճ Հայաստանի՚ հասցեին: ՙՀարկ եմ համարում պարզաբանել, որ մեր խմբակցությունը երեկ քվեարկվող նախագածի վերաբերյալ բազմիցս, բոլոր քննարկումների ժամանակ հայտնել է իր հստակ դեմ դիրքորոշումը և քվեարկել է իր համոզմունքների համաձայն` ապացուցելով մեր խոսքի և գործի համարժեքությունը,- ասաց նա,- ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին ամպագոռգոռ հայտարարություններին, այն էլ՝ օրենքը շրջառանության մեջ դնելուց գրեթե հինգ տարի անց, ապա բոլորիս համար էլ պարզ է, որ այս նախագիծը որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ, և նախագծի իրական նպատակը մեկն է` լրացուցիչ արտոնյալ եկամուտներ ապահովել առանց այդ էլ երանելի վիճակում գտնվող բանկերի համար` ի հաշիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՚։

Հայտարարության այս հատվածում ԱԺ նախագահն ընդհատեց Զոհրաբյանի խոսքը, որից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իրենց խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Ավելի ուշ Զոհրաբյանը լրագրողներին ներկայացրեց իր ելույթի մնացած հատվածը. ՙԻ դեպ, տնտեսագիտական մտքի տիտաններին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ թե՛ եվրոպական և թե՛ ռուսական փորձին և կարծում եմ` բոլորի համար ակնայտ կլինեն այս նախագծի իրական շարժառիթները, և թե իրականում ում շահերն է այն սպասարկելու՚,-նշեց նա:

Պատգամավորը նաև հայտարարեց, որ հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված ոչ կոնստրուկտիվ մթնոլորտը` ԲՀԿ խմբակցությունը փետրվարի 7-ին չի մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին:

ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության` ԱԺ աշխատանքները բոյկոտելու քայլը մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` նշելով, որ այդ հանգամանքը ցավով չի ընդունել: Լրագրողների հարցին, թե արդյոք դա չի± խաթարում կոալիցիայի գործունեությունը և չի± ենթադրում, որ կոալիցիան ճաքեր է տալիս, նա պատասխանեց. ՙԿոալիցիան ճաքեր է տալիս ենթադրությունը կարելի է տեսնել հանգերի մեջ` որպես գեղեցիկ խոսք: Ես կարծում եմ, որ մեր գործընկերը հրապարակային վեճ ունի և ոչ թե մատնանշում է վեճը մեզ հետ, այլ ընդհանրապես իրենց վիրավորվածությունն են հայտնում խորհրդարանի վերաբերմունքից և ոչ թե Հանրապետականից։ ԲՀԿի այս դրսևորումը երբեք ու երբեք ես չեմ մտածում, որ ՀՀԿի դեմ է՚։

Այնուամենայնիվ, Գալուստ Սահակյանը նկատեց, որ իր համար անհասկանալի է մնացել, թե ինչու կոալիցիոն գործընկերները, առանց իրենց հետ նախապես խորհրդակցելու, բոյկոտեցին օրինագծի ընդունումը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը ԲՀԿի քայլի վերաբերյալ մի հետաքրքիր համեմատություն էլ արեց. ՙԵրբ 80-ականներին շարժումը սկսվեց, և ազգային իդեալը ոտքի կանգնեց, որևէ քաղաքական ուժ կամ մարդիկ ո°չ ստամոքսի, ո°չ երշիկի մասին էին մտածում,- ասաց նա,- հիմա ժամանակները փոխվել են, որոշակի քաղաքական ուժեր, որպեսզի իշխանության գան, հիշել են երշիկն ու ստամոքսը: Մենք գնում ենք հետևյալ ճանապարհով. երշիկի և ստամոքսի հարցը կլուծվի, երբ կկարողանանք ուժեղ Հայաստան ստեղծել՚:

Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ ՙՕրինաց երկիր՚ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը պատգամավորական լիազորությունները վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: ՕԵԿ քաղաքական խորհրդի որոշմամբ կուսակցությունից հեռացված Բաղդասարյանն ավելի ուշ մամուլին հայտնեց, որ ինքն այդ որոշման թե° բարոյական, թե° տեխնիկական կողմը չի հասկանում: ՙՍա պայմանավորված է նրանով, որ ՕԵԿում բառի բուն իմաստով բացակայում է արդարությունը և ընդհանրապես պարկեշտությունը: Այդ կուսակցությունում մի մարդ է որոշումներ ընդունում, երկրորդն էլ իրականացնում է իր տրամաբանության և իր արժեհամակարգի շրջանակներում: Այնտեղ ոչ մեկի կարծիքը որոշումներ ընդունելիս չեն հարցնում: Նրանք հրահանգ են տալիս և պահանջում, որ պատգամավորներն ընդամենը կոճակ սեղմեն՚,-անկեղծացել է պատգամավորը:

 

 

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply