Երևանի քաղաքապետարանի և «Dasaran.am» կրթական ծրագրի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 8, 2012 17:15Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Dasaran.am» կրթական ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն է տալիս քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում կիրառել ծրագիրն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդման միջոցով նպաստել կրթության որակի բարձրացմանը:
Ծրագիրը թույլ է տալիս կայքում հետևել դպրոցականների հաճախելիության և առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաև տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների և հաշվետվությունների մասին, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով կրթական համակարգում ընթացող բարեփոխումների ծրագրերը, նշել է, որ կայքի նախաձեռնությունը կարևոր քայլ է համակարգի գործունեության թափանցիկության ապահովման ուղղությամբ և պատրաստակամությունն է հայտնել աջակցել ու սատարել նմանատիպ ծրագրերի իրականացմանը:
«Գործնականում արդեն տեսնելով ծնողների և ուսուցիչների գոհունակությունը`վստահ եմ, որ այս համագործակցության շնորհիվ դպրոցներում լիարժեքորեն կապահովվի գործունեության թափանցիկությունն ու հնարավորություն կտա ամրապնդել ծնող-դպրոց-պետություն համագործակցությունը»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ցուցաբերած աջակցության համար` ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը նշել է, որ այն լավ գործիք է դպրոցին վերաբերող տարբեր տվյալների ստացման, դպրոցի արդյունավետ կառավարման, վերահսկողության և վերլուծությունների համար:
Մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են և բաց կայքի անդամների համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
