ՀԽ նիստ. Սահմանի բացման դեպքում հարկ կլինի վերանայել ՀՀ օրենսդրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 25, 2009 18:59

hanrayin-khorhurd«Եթե փոխենք  հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների բովանդակությունը, նման հնարավորություն կտանք նաև Թուրքիային: Այս պարագայում բանակցային սեղանին կարող է հայտնվել ներկա փաստաթղթից շատ ավելի վատ փաստաթուղթ, գործընթացը կարող է անվերջ ձգձգվել կամ էլ դադարեցվել»,- ասաց այսօր Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն էին այսօր քննարկվում ՀԽ-ի Կրոնի, սփյուռքի և արտաքին հարաբերությունների և Ազգային փոքրամասնությունների հանձնաժողովների համատեղ նիստին:

Եվրոպական ինտեգրացում հկ նախագահ Բեքարյանն ասում է, որ ներկայիս փաստաթուղթը որոշակի մարտահրավերներ է պարունակում. օրինակ` երաշխիք չկա, որ հարաբերությունների զարգացման որոշակի փուլում Թուրքիան չի փորձի միջամտել Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացին: Սակայն, ըստ Բեքարյանի, հայկական կողմը կարող է հաշվարկել հնարավոր մարտահրավերները և ներպետական քայլեր նախապատրաստել դրանց դեմ:

Անդրադառնալով հայ-թուրքական ներկա սահմանի  հաստատմանը` Բեքարյանն ասաց, որ սահմանների ճանաչման երկկողմ պայմանագիրն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը կարողանա քաղաքակիրթ ձևով դուրս գալ Կարսի պայմանագրից: Իսկ առանց երկկողմ պայմանագրի Կարսի պայմանագրից հրաժարվելը, ըստ Բեքարյանի,  անորոշ վիճակ կստեղծի ներկայիս սահմանի հետ կապված` բոլոր ոլորտներում: «Ճանաչված Ցեղասպանության դեպքում փոխհատուցումը կապ չունի տվյալ պահին գործող սահմանների հետ»,- ասում է Բեքարյանը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ կարծում է, որ սահմանների բացումից առավել Հայաստանին և Թուրքիային անհրաժեշտ է փոխադարձ երկխոսություն. «Անհրաժեշտ է երկխոսություն Թուրքիայի հետ, այլապես կդառնանք գործիք՝ 3-րդ ուժի ձեռքին»:

Մանուկյանը նշում է, որ սահմանների բացման դեպքում անհրաժեշտ կլինի ստեղծել կառավարական հանձնաժողով, որը կուսումնասիրի Թուրքիայի օրենսդրական դաշտը և կհամապատասխանեցնի հայաստանյան այն օրենքները, որոնք թերի են, կկարգավորի միգրացիոն հոսքերը և այլն: «Անլուծելի խնդիրներ չկան»,- ասում է Մանուկյանը:

ՀԽ անդամ, Հայաստանում հունական համայնքի ղեկավար Էդուարդ Ֆելատովն էլ ասում է` «նախաստորագրված արձանագրություններն անընդունելի են, սահմանների բացումը դրանով չէ, որ պետք է լինի»:

Հայաստանում եզդիական համայնքի  նախագահ Ազիզ Թամոյանն էլ ասում է, որ կողմ է սահմանների բացմանը, սակայն առաջարկում է Հայոց ցեղասպանությունից բացի արծարծել նաև 1915-1918թթ. թուրքերի կողմից սպանված 500 հազար եզդիների հարցը:

Դիտվել է 1748 անգամ:
Print Friendly

Leave a Reply