Խորհրդարանը քննարկում է «Արտակարգ ռեժիմի դրության մասին» օրենքի նախագիծը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2012 14:51

Այսօր Ազգային ժողովում նիստերին մասնակցեց նաև “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունը, որը երեկ բոյկոտել էր խորհրդարանի աշխատանքը:

Քննարկման դրվեց «Արտակարգ ռեժիմի դրության մասին» օրենքի նախագիծը, որը մասնավորապես սահմանում է, թե արտակարգ դրության ժամանակ, երբ կարող են օգտագործվել պաշտպանական ուժերը:

Օրինագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնեց, որ բանակն արտակարգ դրության ժամանակ կարող է օգտագործվել միայն այն դեպքում, երբ ազգային անվտանգության զորքերն ու իրավապահ մարմիններն ի զորու չեն իրենց առջև դրված խնդիրները լուծել:

Ըստ Թովմասյանի, արտակարգ դրության ռեժիմի դեպքում բանակն օգտագործելիս պետք է առաջնորդվել` «պետք չէ հրանոթով ծիտ որսալ սկզբունքով», այսինքն «կարող ես որսալ, նպատակիդ կհասնես, բայց այս գործիքը դրա համար պիտանի չէ, դրա համար կան ավելի փոքր ու մեղմ գործքիներ, որոնք կարող ես կիրառել. դրանք երկու ուժերն են` ոստիկանության և ազգային անվտանգության»:

Այնուամենայնիվ, եթե պաշտպանական ուժերը մասնակցում են, ապա նրանց վրա տարածվում է նույն կարգը, ինչ ոստիկանության և ազգային անվտանգության դեպքում:

Օրինագծի քննարկման ժամանակ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտնեց , թե իր մոտ այնպիսի տպավորություն է, որ այս օրենքով օրինականացվում է այն, ինչ արվել է մարտի 1-ին: “Հետևաբար հարց է ծագում` արդյո՞ք ամեն ինչ ճիշտ է արվել, որ մենք օրինականացնում ենք”,-ասաց նա:

Արդարադատության նախարարն էլ նկատեց, թե ոչ մի օրենք չի կարող հետադարձ ուժով որևէ բան օրինականացնել: “Եթե այստեղ գրվեր, որ այդ զորքերի օգտագործումն անթույլատրելի է, չի նշանակում, որ նախկինում դրանց օգտագործումը եղել է թույլատրելի”,-ասաց նա:

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ առաջարկեց օրինագծի վերաբերյալ կազմակերպել հանրային լսումներ, քանի որ, ըստ նրա, սա այն օրենքներից է, որը վերաբերում է յուրաքանչյուրին:

 

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply